Այսօր կառավարության հերթական նիստը տեղի ունեցավ Արմավիրի մարզում, որտեղ մայիսի կարկտահարությունը գրեթե 100%-ով վնասել էր գյուղատնտեսական տարածքները: Այս մարզում, բացի այն, որ գյուղացիների բերքն ամբողջությամբ կարկտահարվել էր, բազմաթիվ գյուղացիներ էլ բանկերից վարկեր ունեին վերցրած եւ մի քանի անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել, որպեսզի կառավարությունն աջակցի վարկերի մարման խնդրում:
Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Արմավիրում նիստի ժամանակ վստահեցրեց, որ արդեն ուսումնասիրել են խնդիրը եւ որոշել, թե ինչպես կաջակցեն վարկառուներին: Ըստ պարոն Ջավադյանի՝ իհարկե, օգնությունը տրամադրվելու է միայն գյուղատնտեսական վարկառուներին: Նախ բոլոր վարկերը դառնալու են դրամային, հետո այդ վարկերը կդառնան երկարաժամկետ՝ 3 տարի մարման ժամկետով: Բացի այդ, բոլոր տեսակի գյուսղավարկերը կսուբսիդավորվեն կառավարության կողմից, եւ բոլոր այդ վարկառուները, եթե ցանկություն հայտնեն, կարող են ստանալ լրացուցիչ վարկեր, իսկ բանկերը որոշել են նրանց այդ լրացուցիչ միջոցները տրամադրել պարզեցված ընթացակարգով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև