Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «ատկատներ»՝ գնումների ոլորտում. ԱԺ-ի համար բացահայտում է Վերահսկիչ պալատը

Հունիս 13,2013 14:46

«Գնումների հետ կապված խնդիրների առանցքը կախված է այս երկու հիմնական բացասական երեւույթներից՝ երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց պետությունը  վճարում  է դրանց իրական արժեքներից շատ ավելի մեծ գումարներ: Ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց դրանց իրական արժեքից ավելի մեծ վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն, ի սկզբանե, ակնկալվում էր: Այսինքն՝ արդյունքը կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անարդյունավետ, կամ լինում է մասնակի որակով, կամ անարդյունավետ ծախս»,-այսպես ԱԺ-ում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան այսպես ներկայացրեց 2012-ի տարեկան հաշվետվությունը՝ խոսելով գնումների ոլորտի հերթական «ատկատների» մասին:

Նրա խոսքերով՝ շատ հաճախ գնումների համար անցկացվող մրցույթներում լինում է կազմակերպություն, որը տվյալ ապրանքի ոչ արտադրող է, ոչ էլ ներկրող. «Այդ դեպքում ուղղակի հարց ենք տալիս՝ ի՞նչ հիմքերով է թույլատրվել այդ ընկերության մասնակցությունը մրցույթին: Մի՞թե հնարավոր չէ նախօրոք փաստաթղթերով համոզվել՝ ունի՞ այդ կազմակերպությունը մրցույթին մասնակցելու իրավունք: Պարզվում է՝ ոչ: Շատ հաճախ նախօրոք պայմանավորված սցենարով կազմակերպվում են մրցույթներ: Նույնիսկ ունենք դեպքեր, երբ կազմակերպությունը մասնակցում է մրցույթին, մրցութային փաթեթները բացվում են, ինքը շահում է որոշ ապրանք, արտադրանք մատակարարելու իրավունքը, եւ հանկարծ հայտնաբերում ենք, որ այդ ապրանքն ինքը ներկրել է, կամ ստացել է կամ բերել է  4-5 ամիս առաջ: Այսինքն, նախօրոք ինքն արդեն գիտեր, որ այդ մրցույթում ինքը պիտի հաղթի»:

Վերահսկիչ պալատը 2012-ին այլընտրանքային ստուգումներով էլ հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ ու ռիսկեր. «Օրինակ, դատաիրավական ԾԻԳ-ը ձեռք է բերել 80 տեղեկատվական տերմինալներ՝ 369 մլն դրամով: Դատական մարմինները, ինչպես  նաեւ ԾԻԳ-ը վճարահաշվարկային գործառույթներ իրականացնելու իրավասություն չունեն: Այդ տերմինալները օգտագործվում են որպես միայն տեղեկատվական տերմինալներ: Ստուգման ընթացքում պարզվել է, որ այդ տերմինալները դատաիրավական ԾԻԳ-ը ձեռք է բերել շուկայականից 185 մլն դրամով ավելի: Այսինքն, եթե իրենք գնեին շատ պարզ տիպի տեղեկատվական տերմինալ, ապա բյուջեի ծախսերից  185 մլն դրամ կարողանալու էինք խնայել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930