Տիգրան Սարգսյանը «Նաիրիտի» գործով էլ էր դիմել իրավապահներին, եւ ի՞նչ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդարանում հրապարակային պարզաբանում տվեց իր անվան հետ կապվող օֆշորային հերթական սկանդալի առիթով: «Որեւէ մեկի համար այսօր դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը դրա համար: Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, որ այդպիսի ձեռնարկություններ կարելի է գտնել ցանկացած մարդու անունով: Անհրաժեշտ բացատրություններ ես հրապարակային ձեւով տվել եմ: Համարելով, որ սա անհեթեթություն է, ես ինքս չեմ գրանցել որեւէ ձեռնարկություն օֆշորային գոտում եւ որեւէ մեկին լիազորություն չեմ տվել որեւիցե օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել: Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այսպիսի ձեւերով փողեր չես լվանում, այսպիսի ձեւերով ինչ-որ տարօրինակ գործարքներ չեն անում: Նպատակը պարզ է՝ եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա ռեալ քայլ է, ձեւ եւ հնարավորություն՚,- ասաց վարչապետը` հիշեցնելով, որ ինքը գործել է օրենքով, եւ հարցն իրավապահների տիրույթում է: Նա, իհարկե, չմոռացավ մեղադրել մամուլին` 20 տարի շարունակ իր հասցեին լուտանքներ եւ անհեթեթություններ տարածելու մեջ: ՙԵս ուրախ եմ, որ այսօր թիրախը ես եմ եւ ապագայում էլ ես պատրաստ կլինեմ նմանատիպ մեղադրանքների եւ պատրաստ կլինեմ ներկայացնել բավարար ապացույցներ, եթե մենք գործ ունենք զրպարտության կամ տարբեր տիպի քաղաքական սպեկուլյացիաների հետ: Դեմոկրատական հասարակությունը սա ենթադրում է, եւ սա անխուսափելի է»,-«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ի ոգով ինքնախարազանման եւ անձնազոհության բացառիկ դրսեւորմամբ աչքի ընկավ ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանի բացատրությունները մի տեսակ սիրտ մաշող են: Հատկապես վերջին մեջբերումը: Այն ընթերցելիս նույնիսկ հուզվել կարելի է: Անգամ ցանկություն է առաջանում միանգամից պաշտպանել օր ու գիշեր ազգի համար կյանքը նվիրաբերող վարչապետին լրատվամիջոցներից, որոնց միակ նպատակը նրան վարկաբեկելն է: Բայց մի տեսակ ռոմանտիկ է ստացվում. այդ ինչպե՞ս է լինում, որ Տիգրան Սարգսյանը միշտ արդար է, նրան ուղղված բոլոր մեղադրանքները միշտ հերյուրանք են, շինծու եւ բացառապես վարկաբեկելու նպատակ են հետապնդում: Վարչապետն ասում է` «Հետքի» հրապարակման առիթով դիմել է իրավապահներին: Լավ է արել: Իր իրավունքն է: Բայց իրավապահների ձեռքով «ջրված» համանման մի պատմություն դեռ շատ թարմ է: Խոսքը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի եւ «Նաիրիտի» հետ կապված պատմությունների մասին է, թեեւ իր հասցեին հնչած «հերյուրանքների» շարքում վարչապետը դա էլ նշեց: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀՌԱԿ նախկին անդամ Սլավա Սարգսյանն այդ առիթով կարծիք հայտնեց. «Իրոք որ զարմանալի հանրություն ենք, արդեն մի քանի տարի հանրությանը ներկայացվում է, որ ՀՀ վարչապետը թուլություն ունի օֆշորների նկատմամբ, եւ բերվում են անհերքելի փաստեր, որոնք ընդունվում էին լռությամբ, իսկ հիմա ՙՀետքի՚ հրապարակումներից նո՞ր հասկացաք…»: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ անցած տարիներին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների էջերում տպագրվեցին անհերքելի փաստեր «վարչապետի օֆշորային մոլագարության մասին», որի մասին անցած տարիներին իր 7 «բաց ֆաքսերով» բացահայտեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Դեռ 2011-ի նոյեմբերին վարչապետը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին «բաց ֆաքսի» առիթով եւ պահանջեց քրեական գործ հարուցել: Առաքելյանը շնորհակալություն հայտնեց եւ եւս վեց «բաց ֆաքսերով» ռմբահարեց ՚ վարչապետին: Իրավապահները պապանձվեցին ու սսկված են մինչ օրս: Եվ ի՞նչ… ո՞ւր է գործը՝ կհարցնեք… Պատասխանեմ` շրջանային երիտասարդ քննիչի դարակում, այն էլ Հարություն Առաքելյանի դեմ, իսկ եւ իսկ Վարդան Օսկանյանի հանդեպ սարքած գործի սցենարով: Այսինքն՝ Հարություն Առաքելյանը իբր 2000 դոլարի վնաս էր հասցրել ՀՌԱԿ-ին, որի մասին «Ազգ» օրաթերթում 1937 թվականների ոգով տպված անանուն բողոքի հիման վրա քրգործ էր հարուցվել, եւ նորից բոլորը վկա էին` չկար մեղադրյալ…
Արդյունքում Հարություն Առաքելյանը հեռացավ Հայաստանից՝ ընկերներին փրկելով դատախազական, ոստիկանական եւ արդարադատության դռները անիմաստ քարշ գալուց, իսկ ՀՌԱԿ-ն էլ վերացավ Հայաստանում, բայց «Նաիրիտում» իրականացրած խոշորամասշտաբ կողոպուտը` իրականացված սրբազան թալանի օրենքներով, իր հարցադրումներով մնացին առկախված՚,- ասում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ըստ Հարություն Առաքելյանի ՙբաց ֆաքսերով՚ բացահայտումների՝ վարչապետի անմիջական աջակցությունն էին վայելում օֆշորային կազմակերպություններ, որոնցից գլխավորը անգլիական Վիրջինիա կղզում գրանցված Rhinoville Property Limited-ն էր, որի իրականացված թալանը գնահատվեց հարյուրավոր միլիոն դոլարներ, իսկ մյուսը՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում գրանցված NUMARD TRADING LTD օֆշորային կազմակերպությունը, որը 2008 թվականի դեկտեմբերի 24-ին ESMAEIL MOTAVALLI SOUFIANI TRAIDING պարսկական ընկերությունից ստացավ նվեր` «Նաիրիտ» գործարանի հանդեպ արհեստածին ֆինանսական պահանջի իրավունք: Այս ամենի նպատակը դատական աճպարարությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի նկատմամբ արհեստածին 4,2 միլիարդ դրամ պարտքի գոյացումն էր, որի շնորհիվ էլ վարչապետը իր սեփականությունն էր դարձնելու պետական սեփականություն հանդիսացող հայ-չինական ՙՆաիրիտ-Շանսի՚ համատեղ ձեռնարկության 40 տոկոսը, եւ նրան այս ամենի մեջ օգնելու էին հարազատ եղբայրները, մեկը՝ ՙՆաիրիտ՚ գործարանի փոխտնօրեն, մյուսը` ՀՀ դեսպան Չինաստանում: «Երկուսն էլ առոք-փառոք պաշտոնավարում են մինչ օրս»,- նկատում է մեր զրուցակիցը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ