Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատն ԱԺ-ում ներկայացրեց խայտառակ խախտումները՝ մի շարք ոլորտներում

Հունիս 13,2013 14:38

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ-ում 2012-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ապշեցուցիչ տվյալներ բերեց: Այն աստիճան, որ զարմացել եւ բարկացել էին անգամ ՀՀԿ-ականները:

 

Քաղաքաշինության ոլորտում, ըստ հաշվետվության, բազմաթիվ խախտումներ կան. «Չկատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, շիննախագծերը ե’ւ ձեւի, ե’ւ բովանդակության առումով կազմվում եւ կատարվում են սահմանված նորմերի, պահանջների խախտումներով. եւ դրանց տրվում է դրական փորձագիտական եզրակացություն, չեն պահպանվում պետստանդարտով սահմանված շինարարական նորմերը, անորակ վերանորոգված մի շարք կառույցներում առաջանում է լրացուցիչ աշխատանքներ անելու անհրաժեշտություն, տեխնիկական եւ հեղինակային վերահսկողությունն իրականացվում է թերի կամ որոշ դեպքերում ընդհանրապես սահմանված կարգով չի իրականացվում»,- սկսեց թվարկել պարոն Զաքարյանը:

Նա նշեց, որ այս բոլոր  խախտումների մեջ առանձնացնում է մեկ կարեւորագույն խնդիր, որին 2013-ին ՎՊ խորհուրդն անդրադարձել է, որոշում է կայացրել եւ ուղարկել կառավարություն: Խոսքը տոկոսադրույքների մասին է. «Մենք բազմաթիվ անգամ խոսում ենք, որ շինարարության ոլորտում չափից ավելի մեծ տոկոսադրույքներ են, որոնք կանոնակարգված չեն: Այդ տոկոսադրույքներով ստացվում է, որ պետական պետբյուջեի միջոցներով կատարվող շինարարությունը 4 անգամ ավելի թանկ է, քան որեւէ մեկը կարող էր շինարարություն իրականացնել»:

Ըստ Իշխան Զաքարյանի, այս մասին կառավարությունն արել է հետեւություններ, հանձնաժողով է կազմվել եւ տոկոսադրույքների հետ կապված մի տարբերակ են մշակել: ՎՊ նախագահը հույս հայտնեց, որ այդ խնդիրը շուտով լուծում կստանա: Ըստ նրա՝ «Մենք բազմաթիվ անգամ խոսում ենք ատկատների մասին, խոսում ենք շինարարության մեջ մեծ գումարների հետ վերադարձնելու մասին, մեր կարծիքով դա հիմնականում թաքնված է հենց այդ ուռճացված տոոսադրույքների մեջ»:

Իշխան Զաքարյանն անդրադարձավ նաեւ ճանապարհաշինությանը, որտեղ նույնպես մի շարք խախտումներ են եղել, օգտագործում են անհայտ ծագման եւ որակի բիտում. «Այս խնդիրը բավականին լուրջ խնդիր է ՀՀ-ում, որովհետեւ մի կողմից շինարարական կազմակերպությունները անընդհատ բողոքում են ներկրվող բիտումի որակից, մյուս կողմից վերահսկողությամբ մենք պարզել ենք, որ ՀՀ-ում մինչ օրս չկա մի լաբորատորիա, որով կարող ենք պարզել ներկրված բիտումի որակական տեխնիկական բնութագիրն ու գնահատականները: Լա՞վն է, վա՞տն է, կարելի՞ է օգտագործել, չի՞ կարելի օգտագործել՝ այսօրվա պայմաններում մենք չենք կարող որոշել: Եթե նախորդ տարիներին գոնե որոշակի քանակությամբ բիտում ներկրվում էր ՌԴ-ից եւ Ուկրաինայից, ապա 2012-ին ամբողջը ներկրվել է Իրանից, որոնք շատ հաճախ եղել են որակական առումով բավականին ցածր»:

Իշխան Զաքարյանը նշեց, որ ճանապարհային աշխատանքների արհեստական թանկացումներ են սարքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել