Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կտեղավորվի՞ «Արմավիան» առողջացման սխեմայի մեջ

Հունիս 13,2013 14:26

Հանրային խորհուրդն ուզում է առողջացնել «Արմավիան», 
իսկ Բաղդասարովը չի ուզում վերադառնալ  

«Արմավիայի» բարձրակարգ օդաչուներն ու տեխնիկներն արդեն լքում են Հայաստանը եւ աշխատանք փնտրում արտերկրում, քանի որ նրանք սեփական երկրում նորից աշխատանք ունենալու եւ նույնիսկ եղած աշխատավարձի պարտքերը ստանալու հույս չունեն:
«Առավոտի» հետ զրույցում  «Արմավիայի» օդաչուներից մեկը՝ «Այրոբուս» A320 օդանավի 2-րդ օդաչու, 7 տարվա աշխատանքային փորձով օդաչու Տիգրան Ասլանյանը, ասաց, որ օր օրի լավագույն մասնագետները գնում են Հայաստանից, իր գործընկերներից մի քանիսն արդեն մեկնել են Ղազախստան եւ Վրաստան՝ աշխատելու:
Երեկ ավիաընկերության օդաչուներն ու տեխնիկները «Արմավիայի» գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, պատճառը, ըստ ակցիայի մասնակիցների՝ «Արմավիայի» վերջերս արած այն հայտարարությունն է, որ իբր թե աշխատավարձի պարտքերը մարվել է: Տիգրան Ասլանյանը մեզ պատմեց, որ հունիսի 7-ին  «Արմավիայի» գրասենյակ էին այցելել, որպեսզի աշխատավարձերը ստանային, սակայն պարզվել է, որ միայն մի քանի բորտուղեկցորդների եւ 2 օդաչուների 1 ամսվա աշխատավարձեր են վճարել. «Ինձ ընկերությունը պարտք է նախորդ տարվա օգոստոս ամսվանից: Վերջին անգամ աշխատավարձս ստացել եմ դեկտեմբեր ամսին, այն էլ՝ հուլիսի աշխատավարձը: Օդաչուներ կան, որոնք դեռ մարտ ամսից չեն ստացել աշխատավարձերը»: «Արմավիայի» աշխատավարձերի պարտքերը, ինչպես տեղեկացրին օդաչուները, մոտ 500 միլիոն դրամ է, իսկ օդաչուներին ավիաընկերությունից պարբերաբար խոստանում են, որ երբ «Արմավիային» այլ ընկերություններ պարտքերը վճարեն, դրանից էլ աշխատավարձերի վճարները կկատարվեն:
Կառավարությունն էլ իր հերթին օդաչուներին հույսով է անում, որ 3 ավիաընկերություններ են բացվելու Հայաստանում, մի քիչ էլ համբերեք՝ գործ կունենաք, իսկ մինչ այդ ավիաընկերությունները բացվեն, այդ օդաչուները պարզապես միջոցներ չունեն իրենց ընտանիքների հոգսը հոգալու:
«Այդ ավիաընկերություններ բացելը 1-2 օրվա բան չէ, որ սպասենք, մի քանի ամիս կտեւի: Ես չեմ ուզում տնից-տեղից կտրվեմ, գնամ արտասահմանում աշխատեմ, բայց մինչեւ այդ ավիաընկերությունները բացվելը, գոնե մի քանի ամսվա աշխատավարձը վճարեն, որպեսզի կարողանանք ապրել, մեր ընտանիքները պահենք: Բացի այդ, եթե անգամ բացվեն էլ այդ ավիաընկերությունները, ի՞նչ երաշխիք, որ հայ օդաչուներն են աշխատելու»,- «Առավոտին» ասաց Տիգրան Ասլանյանը:
Մեզ հետ զրույցում էլ «Արմավիայից» վստահեցրին, որ աշխատավարձերի պարտքերն անպայման կմարեն, երբ որոշ ընկերություններ էլ ավիաընկերությանը պարտք գումարները վճարեն: ՙԱրմավիային՚ պարտք ընկերություններից է նաեւ «Ավիասերվիս» ընկերությունը, որը «Մուլտի գրուպին» է պատկանում եւ զբաղվում է ավիասննդի մատակարարմամբ: Սակայն երեկ այս ընկերության ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ՙԱրմավիային՚ պարտք չեն: Այս առնչությամբ էլ ՙԱռավոտին՚ ՙԱրմավիայից՚ վստահեցրին, որ հնարավոր է՝ ՙԱվիասերվիսը՚ գումարներն արդեն փոխանցել է. ՙԲայց քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, հետեւաբար այս պահին հստակ չենք կարող ասել՝ փոխանցումը եղե՞լ է, թե՞ ոչ՚: Այս մասին հավելյալ ավիաընկերությունը այսօր արդեն հայտարարությամբ հանդես կգա:
Իսկ թե իրականում հույս կա՞ արդյոք, որ «Արմավիան» կառողջանա՝ սնանկացման մասին հայտարարությունից հետո, եւ կշարունակի իր գործունեությունը, առայժմ կարծիքները տարբեր են: Համենայնդեպս, Հանրային խորհրդում ամեն կերպ փորձում են առողջացման ծրագրով «ՙԱրմավիային» փրկել. մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որից հետո ծրագիրը կառավարության համապատասխան օղակներին է ներկայացվել: Քաղավիացիայի ղեկավարը վերջերս վստահեցրել է, որ այդ ծրագիրն իրատեսական չէ, իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՙԱռավոտի՚ հետ զրույցում ասաց, որ շատ բան կախված է հենց ՙԱրմավիայից՚: Պարոն Մանուկյանի ներկայացմամբ՝ առողջացման ծրագրում կա որոշակի սխեմա, եւ ավիաընկերությունն ինքը պետք է որոշի՝ կտեղավորվի՞ այդ սխեմայում. ՙԵս գտնում եմ, որ քննարկելու դեռ շատ բան կա, մասնագիտական քննարկում է անհրաժեշտ: Քաղավիացիայի մասին կառավարությունը մի որոշում արդեն կայացրել է, առաջիկայում եւս պետք է որոշում լինի, տեսնենք, թե ինչ կլինի: Հիմա ՙԱրմավիան՚ ծանր վիճակում է, բայց նա բավականին փորձ ունի ոլորտում, բրենդ ունի, կարծում եմ՝ պետք է օգնել նրան՚:
Ուշագրավն այն է, որ Վազգեն Մանուկյանը շատ սրտացավորեն է մոտենում «Արմավիայի» խնդրին եւ փորձում է ընկերությանն օգնել, իսկ ՙԱրմավիայի՚ սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռ մայիսի 29-ին հայտարարել էր, որ իր վերադարձը այդ ոլորտ բացառվում է. ՙԱյս կյանքում ոչինչ չի բացառվում, բացառվում է իմ վերադարձը, իսկ ՙԱրմավիան՚ կարող է վերադառնալ։ Ես այլեւս չեմ ուզում ավիացիայով զբաղվել, դա անշնորհակալ գործ է, անգամ եթե պայմանները փոխեն։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ ՙյոլա՚ կգնան, իսկ ես ինձ ավելի հանգիստ բիզնես կգտնեմ՚։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930