Ասում է ՙՈւնիսոն՚ հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը
«Մի անգամ Շվեդիայից գնացքով պետք է գնայի Դանիա, եւ երբ մոտեցա կառամատույցին, տեղեկացա, որ այն փոխվել է, եւ մյուս մատույցը գնալու համար պետք է վերելակով իջնեի ու փողոց անցնեի, սակայն վերելակը չէր աշխատում: Ես մոտեցա հերթապահին եւ ասացի, որ ես չեմ կարող առանց վերելակի իջնել: Գնացքիս գալուն մնացել էր 15 րոպե: Այդ ընթացքում կայարանի ղեկավարությունը որոշեց, որ կառամատույցը պետք է փոխվի, որպեսզի ես կարողանամ գնացք նստել: 200 մարդ ստիպված եղավ մյուս կառամատույցից տեղափոխվել ինձ համար: Ես ոչ Եվրամիության անդամ երկրի քաղաքացի էի, ոչ էլ իրենց համար կարեւորություն ներկայացնող անձ, ես սովորական քաղաքացի էի: Մեր երկիրն ինչո՞վ է տարբերվում Լոնդոնից, Շվեդիայից. այնտեղ յուրաքանչյուր հաշմանդամի նկատմամբ անհատական վերաբերմունք է, եւ ես ուզում եմ, որ մեզ մոտ էլ վերաբերմունքը փոխվի, եւ անգամ մեկ մարդու համար ընդունակ լինեինք ինչ-որ բան փոխելու: Մեզ մտածելակերպի փոփոխություն է պետք: Մեզ մոտ ընդհակառակն է, այս կամ այն շենքը կառուցելիս ասում են՝ դե, քանի՞ հաշմանդամ պետք է մտնի այս բանկը կամ այս մշակութային օջախը, եւ այդ մի քանի հոգու համար ջանք չեն անում հարմարեցնել»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը: Երեկ պարոն Ալավերդյանը եկել էր մասնակցելու ՙIDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար՚ ծրագրի ներկայացմանը: Պարոն Ալավերդյանի խոսքերով՝ Լոնդոնում վերջին անմատչելի ավտոբուսը եղել է 1990 թվականին: Ներկայումս ողջ հասարակական տրանսպորտը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մարդկանց: Իսկ 23 տարի առաջ եղած վերջին անմատչելի տրանսպորտը որպես ցուցանմուշ պահվում է լոնդոնյան թանգարաններից մեկում: Մեր երկրում հակառակն է. հաշմանդամների համար կա հարմարեցված ընդամենը 2 տրոլեյբուս եւ մայրաքաղաքի տեսարժան վայրերը դիտելու համար նախատեսված 2 ավտոբուս:
«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե վերջապես ե՞րբ են իրականանալու քաղաքային իշխանությունների խոստումները մատչելի տրանսպորտի վերաբերյալ: Մատչելի միջավայրը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նաեւ նախագահական, խորհրդարանական ու Երեւանի ավագանու նախընտրական խոստումներից է:
Մեր հարցերին ի պատասխան՝ պարոն Նավասարդյանն ասաց, որ ներկայումս համագործակցում են մի քանի ընկերությունների հետ, որոնք Երեւան քաղաքի տրանսպորտը տեխնիկապես պետք է հարմարեցնեն հաշմանդամ մարդկանց: Մինչեւ տարեվերջ, ըստ պարոն Նավասարդյանի, այս ծրագիրը կիրականացվի. «Շուրջ 10 ավտոբուսի կահավորում կարվի»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու այն երթուղագծերում մատչելի տրանսպորտի հարցը, եթե գծում միայն միկրոավտոբուսներ են, պարոն Նավասարդյանը պատասխանեց. ՙԳրեթե բոլոր միկրոավտոբուսային երթուղագծերին զուգահեռ կան ավտոբուսների երթուղագծեր, եւ հաշմանդամ մարդիկ կարող են օգտվել այդ երթուղիներից: Չնայած ասեմ, որ շուրջ 19 երթուղիների ավտոբուսներ են, որոնք համապատասխան հնարավորություն ունեն այդ սարքավորումները տեղադրելու՚:
Երեկ պարոն Ալավերդյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ հաշմանդամների իրավունքները անտեսվում են նաեւ քաղաքաշինական ոլորտի պատասխանատուների կողմից, եւ որ շենք-շինությունները հիմնականում անմատչելի են տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Իսկ այն կառույցներն էլ, որոնք քիչ թե շատ մատչելի են, տեղակայված են կենտրոնում, քաղաքի ծայրամասերում հաշմանդամ մարդկանց իրավունքներն ավելի շատ են խախտվում. «Չնայած ՀՀ Սահմանադրությունն արգելում է խտրականություն, բայց հաշմանդամ մարդիկ մեր երկրում ամեն քայլափոխի հանդիպում են խտրական վերաբերմունքի, ամենուրեք անմատչելի փողոցներ են, ժամանցի կենտրոններ ու տրանսպորտ»,- նկատեց պարոն Ալավերդյանը:
«Առավոտի»-ի հարցին, թե քաղաքաշինության մեջ հիմնականում անտեսվում են շենքերը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի կառուցելու միջազգային կառույցների պահանջը, որոնց կոնվենցիաները մենք վավերացրել ենք, Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Մեսրոպ Հարությունյանը, որը նույնպես մասնակցում էր ծրագրի ներկայացմանը, վստահեցրեց, որ արդեն բոլոր ճարտարապետահատակագծային առաջադրանքներում թեքահարթակները պարտադիր պայման են կառուցապատողի առաջ. «Նախագծման շահագործման ժամանակ այդ բոլորը հաշվի ենք առնում, արդեն կառուցվածքները նույնպես աստիճանաբար հարմարեցվում են, պարզապես մի քիչ ֆինանսական խնդիրների հետ են կապված: Քաղաքապետարանը նոր կառուցվող օբյեկտների մասով վերահսկում է՝ այդ ամենը իրագործվե՞լ է, թե՞ ոչ»:
Պարոն Ալավերդյանը նաեւ ասաց, որ այսօր ՏԻՄ-երը հաշմանդամ մարդու մասին որոշում են ընդունում առանց նրան լսելու: Ըստ նրա՝ հատկապես մարզերում հաշմանդամ մարդկանց իրավունքներն ավելի շատ են խախտվում, ավագանին, տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի բնակիչներին առնչվող որոշումներն ընդունելիս որեւէ հաշմանդամ մարդու կարծիք հաշվի չեն առնում եւ ընդհանրապես նրանց չեն ընդգրկում այդ որոշումների կայացման գործընթացում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ