Դատարանը կհարցաքննի Սեւակ Արզարունուն
Երեւանի կենտրոնում մի շարք անմեղ քաղաքացիների բնակարանների յուրացման պատմություններից մեկը մոտ է բացահայտման, իսկ անունները, որոնք բարձրաձայնվում են այս գործով, հնչել են ոչ միայն այս, այլ մի շարք այլ ոչ հաճելի պատմություններում:
Մասնավորապես, դեռ սփյուռքահայ գործարար Նարեկ Հարթունյանի ընկերությունից հայտնի Սեւակ Արզարունու անունն է հնչում ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի անձնական պարտքերի մարման համար քաղաքացի Լուսինե Գյուլխասյանից թալանված Մաշտոցի 33/1 շենքի բնակարանի պատմության ետեւում: Դատական հաջորդ՝ հունիսի 19-ի նիստում դատարանը որպես վկա դատակոչել է ոչ միայն Արզարունուն, այլ նաեւ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանի վերջնական սեփականատեր Նարինե Հովհաննիսյանին ու բնակարանը նրան վաճառած Արմեն Գալստյանի մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին, ով նախորդ նիստում չէր կարողացել ներկայանալ:
Թե ինչ կապ ունեն այս ամենի հետ վերոնշյալ Սեւակ Արզարունին, Արմեն Գալստյանը եւ Գայանե Ստեփանյանը՝ այս գործով վերջին նիստերից մեկում լիովին բացահայտեց Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հետ արդեն Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած վկա Արթուր Գալստյանը: Եվ հենց այստեղ է, որ ամբողջությամբ ի հայտ եկան տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանն այլ անձի հանձնելու կեղծ գործարքները եւ պարզ դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի եւ Արթուր Գալստյանի միջեւ բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից՝ բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից՝ Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես՚ ընկերությունից հայտնի Սեւակ Արզարունու միջեւ: Համաձայն վկա Արթուր Գալստյանի կողմից դատարանին տրված տեղեկատվության՝ Սեւակ Արզարունին պետք է 2800 քառակուսի մակերեսով տարածք ստանար Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ կողմից Դավիթաշենում կառուցվող մի բազմաֆունկցիոնալ շենքից, իսկ դրա համար որպես երաշխիք Վլադը Արզարունուն տվել է Լուսինե Գյուլխասյանին պատկանող բնակարանը եւ եւս մեկ բնակարան՝ նույն շենքի նույն հարկից:
Ըստ դատարանում հնչած տեղեկատվության, «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունում տնօրինության եկած Նարեգ Հարթունյանը պարզել է, որ իրենց որպես երաշխիք տրված բնակարանը «ՎՄԳ գրուպին»չի էլ պատկանում, այլ վաճառված է մեկ այլ անձի՝ Արմեն Գալստյանի: Հարթունյանն այդ ժամանակ հանձնարարել է իր հաշվապահ Աթուր Գալստյանին՝ գնալ եւ այդ բնակարանը փոխանցել որպես իրական սեփականատեր ի հայտ եկած Արմեն Գալստյանին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին: Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ արել է, ընդ որում՝ բնականաբար, առանց որեւէ գումարային հարաբերության: Այսինքն՝ նախ Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:
Վերոնշյալ Արմեն Գալստյանը, սակայն, հունիսի 7-ի դատական նիստում ոչ մի կերպ չէր համաձայնում պատմել իրականությունը: Վկա Արմեն Գալստյանի խիստ հակասական ցուցմունքներն ի վերջո զայրացրին մեղադրող դատախազ Լեւոն Չարխիֆալակյանին: Վկան լրիվ հակասող ցուցմունքներ տվեց, մոռանալով նախորդը:
Վկա Արմեն Գալստյանի խոսքով՝ իրենց հայտնի չի եղել, որ բնակարանն այլ անձի է վաճառված: Այդ մասին իմացել են 2009 թվականի հունվարի 27-ին, երբ գնացել են շենք եւ տեսել, որ բնակարանի դուռը փոխված է:
Արմեն Գալստյանը մեկ վստահաբար նշում էր, թե Գայանե Ստեփանյանն Արթուր Գալստյանի հետ պայմանագիր կնքելու համար նոտարի մոտ է եկել բնակարանի գումարով, իսկ ինքը Գայանեի հետ գնացել է զուտ գումարն ապահով տեղ հասցնելու նպատակով: Սակայն երբ բանը հասնում էր այն հարցին, թե ում է Գայանեն տվել գումար, եթե տվել է եւ ինչքան, Գալստյանը հանկարծ սկսում էր ոչինչ չհիշել, բայց միաժամանակ շարունակում էր վստահեցնել, թե պետք է որ Արթուր Գալստյանին տված լինի, բայց այդ պահը չի տեսել: Ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ սեփական հորինվածքներում մոլորված Արմեն Գալստյանը դատական նիստի վերջում սկսեց լիովին այլ բան ասել, այն է՝ Գայանե Ստեփանյանն այդ գործարքի ժամանակ ընդհանրապես գումար չի տվել, այսինքն՝ այն, ինչ ակնհայտ է: Սակայն սրա փոխարեն Արմեն Գալստյանը հիմա էլ սկսեց հայտնել, թե Գայանեն գումարը տվել է դեռ նախորդ գործարքի ժամանակ: Այսինքն՝ ստացվում է, որ Գայանե Ստեփանյանը Ռուբեն Մանգասարյանին է վճարել Արթուր Գալստյանի փոխարեն: Արմեն Գալստյանի խիստ հակասական ցուցմունքներից զայրացած մեղադրող դատախազ Լեւոն Չարխիֆալակյանն ասաց. «Բոլորս էլ լավ գիտենք, որ բնակարանը տրվել էր որպես երաշխիք, ինչ-ինչ պարտավորությունների դիմաց, դուք էլ լավ գիտեիք, որ Արթուր Գալստյանը դրածո է եղել, մենք էլ, դուք էլ գիտենք, թե իրականում ինչ է եղել, էնպես որ՝ եկեք այստեղ անտեղյակ մարդու դեր մի խաղացեք»:
Նշենք, որ հունիսի 7-ին դատարանը ստացել էր նաեւ Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հոգեկան վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը:
Ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրեց դատարանին՝ Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ