Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, հաստատվել է բանկի կառավարչի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա. Մովսեսյանի հետ գործարք է կատարել՝ վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա. Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ. Գյուլնազարյանը՝ օգտվել այդ գործարքից:
«Մալաթիա» բանկի կառավարիչ Կ.Գյուլնազարյանն Ա. Մովսեսյանին առաջարկել է իրեն ունեցած 2500 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար իր բարեկամուհուց տոկոսով գումար վերցնել: 2002թ. հոկտեմբերին Ա. Մովսեսյանը, Կ. Գյուլնազարյանի միջնորդությամբ, վերջինիս բարեկամուհուց պարտքով վերցրել է 3000 ԱՄՆ դոլար գումար՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական 5 տոկոսով:
Որպես գումարն ու տոկոսները վերադարձնելու երաշխիք՝ Ա. Մովսեսյանի հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը առուվաճառքի պայմանագրով ձեւականորեն վաճառել է Կ.Գյուլնազարյանի բարեկամուհուն:
2006թ. Կ.Գյուլնազարյանի բարեկամուհին մահացել է, որից հետո վաճառված բնակարանը ժառանգությամբ ընդունել են վերջինիս զավակները:
2007թ. մայիսին Կ.Գյուլնազարյանը, իմանալով, որ Ա. Մովսեսյանը դեռեւս 2002թ. վերցրած պարտքից 1000 ԱՄՆ դոլարն ու դրա տոկոսագումարները՝ ընդհանուր 2000 ԱՄՆ դոլար, ի վիճակի չէ վերադարձնել մահացած բարեկամուհու որդուն, Ա. Մովսեսյանին առաջարկել է բնակարանը վաճառքի պայմանագրով անվանափոխել իր մորաքրոջ աղջկա անունով, որի դիմաց պարտավորվել է վճարել նրա պարտք-գումարը եւ տոկոսագումարները:
2007թ. սկզբին Կ.Գյուլնազարյանը 25 652 861 դրամ արժողությամբ բնակարանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ձեւականորեն վաճառել է իր մորաքրոջ աղջկան՝ դրանով հնարավորություն ստեղծելով նշված գույքը ցանկացած պահի իր հայեցողությամբ տնօրինելու: Գործարքը ձեւակերպվել է 20 մլն դրամով:
Արդյունքում՝ Կ.Գյուլնազարյանը, օգտվելով Ա. Մովսեսյանի համար ոչ ձեռնտու պայմաններում կնքված գործարքի արդյունքում բնակարանն իր տնօրինության տակ գտնվելու հանգամանքից, 2009թ. մայիսի 15-ին իր մորաքրոջ աղջկա միջոցով, առանց Ա. Մովսեսյանին տեղյակ պահելու, բնակարանը գրավադրել է բանկում: Սակայն վարկային իր պարտավորությունները չկատարելու արդյունքում նշված բնակարանը 2012թ. օգոստոս ամսին անցել է բանկին՝ որպես սեփականություն, իսկ Մովսեսյանները զրկվել են իրենց բնակարանից:
Ըստ գլխավոր դատախազության, Կ.Գյուլնազարյանը, ով 2003թ. հունիսից հանդիսացել է բանկերից մեկի ՙՄալաթիա՚ մասնաճյուղի կառավարիչ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ թվով 10 ավանդատուների՝ որպես ավանդ ներդրված գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել եւ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար եւ 952 485 ՀՀ դրամ՝ բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ