Ու հնարավորություն կտա ուսման վարձերը չվճարածներին
աստիճանաբար մարել դրանք
«Առավոտի» հետ զրույցում հայաստանյան բուհերի որոշ ռեկտորներ հայտարարել են բուհերի վարձավճարների բարձրացման մասին: Որոշեցինք պարզել նաեւ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան «Առավոտին» ասաց, որ իրենց բուհի հետ կապված նման հարց չի քննարկվել, եւ երկու տարի է՝ ուսման վարձերի չափը չի փոփոխվում: «Հաշվի ենք առել Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի գնի թանկացումները, եւ հենց հիմա չէ, որ պետք է մտածեինք ուսման վարձերի բարձրացման մասին: Եթե բարձրացնեինք, դա, ըստ էության, սկանդալային կլիներ»,-շեշտեց պարոն Մոնտուան: «Ես տեղյակ եմ, որ որոշ բուհեր բարձրացրել են ուսման վարձերը, Ֆրանսիական համալսարանի օրակարգում նման հարց չկա, ու չնայած այդ հանգամանքին, Ֆրանսիական համալսարանը շարունակում է ներդրումներ անել՝ մանկավարժական, նյութատեխնիկական, նպատակ ունենալով բարելավել կրթական միջավայրը: Բնականաբար, դրանք լուրջ ծախսեր են: Եվ ինչպե՞ս է եղել, որ Ֆրանսիական համալսարանը, առանց ուսման վարձերը բարձրացնելու, կարողացել է այդ ծախսերը հոգալ: Դրա պատասխանը պարզ է, Ֆրանսիական համալսարանը, ըստ էության, հայկական տարբեր շրջանակներում հարգանք վայելող կազմակերպություն է: Դա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր տարի միջոցներ ներգրավենք՝ մեր նորարարությունները ֆինանսավորելու համար»,- նշեց ռեկտորը:
Պարոն Մոնտուան տեղեկացրեց, որ բուհի ֆինանսական վիճակը կայուն եւ առողջ է, արդյունքում՝ շատ ուսանողների, որոնք ուսման վարձը չեն վճարել, բուհը հնարավորություն է տալիս դա ժամանակի ընթացքում անել մաս-մաս եւ չի արգելում քննություններին մասնակցել:
Քանի որ Հայաստանում դիմորդների թվի անկում է նկատվում, հետաքրքրվեցինք՝ այդ խնդրին Հայաստանում Ֆրանսիական համալսարանն է՞լ է բախվել: «Գիտենք, որ շատ բուհեր ունեն այդպիսի խնդիրներ: Ինչ վերաբերում է Ֆրանսիական համալսարանին, կարող եմ վստահեցնել, որ մեզ մետ իրավիճակն այլ է: Հունիսի 24-27-ը ընդունելության մրցույթ ունենք, եւ մինչեւ ամսի 20-ը դիմորդները կարող են գործերը հանձնել: Չնայած դեռ մի տասը օր կա գործերն ընդունելու համար, սակայն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է դիմորդների թիվը, քան անցյալ տարի էր: Մեր համալսարանի գրավչության բաղադրատոմսը պարզ է՝ խստապահանջություն ուսուցանելիս, ադարություն եւ օբյեկտիվություն՝ գնահատականների շնորհման ժամանակ: Բացի այդ, Ֆրանսիական համալսարանի դիպլոմը շարժունակության հնարավորություն է տալիս եւ ասես բանկային արժեթուղթ լինի, որը կարող է ցանկացած, հատկապես ֆրանկոֆոն երկրում, փոխանակվել: Այնպես որ, հասկանում եմ մյուս բուհերի ռեկտորների մտահոգությունը, որ դիմորդների խնդիր ունեն»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ Ֆրանսիական համալսարանն ապագայի լուրջ ծրագիր ունի, ավելի մասնագիտացնելու ուսանողների կրթությունը, եւ այդ մասնագիտացված կրթությունը հարմարեցնելու կոնկրետ հայկական աշխատաշուկայի պահանջներին: Նա հավաստիացրեց, որ այս ամենը, իր ձեւակերպմամբ, քննարկել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտի հիմնական դերակատարների հետ:
Ո՞վ է Ֆրանսիական համալսարանի ուսանողը, ինչո՞վ է նա առանձնանում մյուսներից: Ժան Ժակ Մոնտուայի ասելով, Ֆրանսիական համալսարանի ուսանողին պետք է բնորոշ լինի հաստատուն աշխատասիրությունը եւ կարգապահությունը:
Հարցրինք՝ եթե ամփոփելու լինի Ֆրանսիական համալսարանում մեկ տարի իբրեւ ռեկտոր պաշտոնավարելը, ուրա՞խ է, որ հենց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորն է:
Պարոն Մոնտուան պատասխանեց, որ շատ երջանիկ է աշխատել Հայաստանում, որը իր համար մեծ բացահայտում էր, նաեւ տպավորված է հայերի մտավոր ունակություններով, աշխատասիրությամբ, շատ արագ սովորելով: «Սա շողոքորթություն չէ»,- ժպտաց ռեկտորը: Նա փաստեց, որ գնահատելով Ֆրանսիական համալսարանի պոտենցիալը, ֆրանսիացի պաշտոնյաներից մեկը համալսարանը համեմատում էր Rolls Roys մեքենայի հետ, իսկ օրերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած տնտեսական քննարկման ժամանակ ինքն ասել է, որ բուհը ասես Airbus A-380 լինի. ՙԿարող է այդ ինքնաթիռի նման ե՜ւ երկար գնալ, ե՜ւ շատ մարդ վերցնել:
Այս Airbus A-380-ը (նկատի ունի Հայաստանում Ֆրանսիական համալսարանը) նախատեսում է շատ երկար ճանապարհ գնալ, բնականաբար՝ համալսարանի թիմի հետ միասին՚:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ