Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական մրցույթը WFMC անդամ է

Հունիս 13,2013 13:53

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը՝ 
կոմպոզիտորի անվան մրցույթի մասին

«Առավոտը» զրույցի հրավիրեց այս օրերին 9-րդ անգամ Երեւանում անցկացվող Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ԱՊՀ-ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանին:
Պարոն Սմբատյանը նշեց, որ վերջերս միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 57-րդ գլխավոր վեհաժողովում Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդգրկվել է ֆեդերացիայի կազմում (WFMC), հավելելով, թե խաչատրյանական մրցույթն այսուհետ կանդամակցի 1957թ. հիմնված մի կառույցի, որն իրենից ներկայացնում է հեղինակավոր երաժշտական ընտանիք՝ ունենալով այնպիսի անդամներ, ինչպիսիք են Չայկովսկու, Եղիսաբեթ թագուհու, Մոնրեալի եւ մյուս աշխարհահռչակ մրցույթները: Մեր զրուցակիցը փաստեց նաեւ, որ խաչատրյանական մրցույթն ունի ներկայանալի հոգաբարձուների խորհուրդ, որի պատվավոր նախագահն է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, անդամներն են ՌԴ նախագահի մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, Մարիինյան թատրոնի ղեկավար Վալերի Գերգիեւը, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ռեզո Կիկնաձեն, Զալցբուրգի Mozarteum համալսարանի ռեկտոր Ռեյնհարդ ֆոն Գութզեյթը, ՌԴ կոմպոզիտորների միության նախագահ Վլադիմիր Կազենինը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Պավել Կոգանը, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը եւ մյուսները, ասաց նաեւ, որ մրցույթի փոխնախագահներն են աշխարհահռչակ դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլն: Իսկ պատվավոր հյուրերի ցանկը գլխավորում է Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: «Նման թիմով հնարավոր դարձավ աշխարհին ճանաչելի դարձնել խաչատրյանական մրցույթը, ինչի ապացույցն են Երեւան ժամանող տասնյակ երաժիշտները, ովքեր միավորվում են մաեստրոյի ժառանգությունը խնամքով պահպանող եւ սերնդեսերունդ փոխանցող մրցույթի շուրջ: Ի դեպ, աշխարհի հեղինակավոր մրցույթների նվագացանկում ընդգրկված է տարբեր հեղինակների մոտ 100 երկ, որտեղ Խաչատրյանի անունը չկա, այն դեպքում, երբ մեծանուն կոմպոզիտորի ջութակի եւ դաշնամուրի կոնցերտները հայտնի են: Քիչ են անդրադառնում նրա Թավջութակի կոնցերտին կամ ռապսոդիային, որոնք այս տարի ընդգրկել ենք մրցույթի ցանկում: Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 10 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավային Կորեայից ժամանած թավջութակահարները հետագայում իրենց երկրներում կամ համերգային շրջագայությունների ժամանակ կհնչեցնեն Խաչատրյան»,- ասաց պարոն Սմբատյանը:
Այսօր մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլն է եւ թավջութակահարները հանդես են գալու Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ, որ մրցույթի պաշտոնական նվագախումբն է: Մեր զրուցակից կոմպոզիտորից հետաքրքրվեցինք, թե քանի՞ երաժիշտ է անցել եզրափակիչ փուլ: ՙՆախ նշեմ տաղանդավոր թավջութակահար, ժյուրիի նախագահ Արամ Թալալյանի, անդամներ Օլե Ակահոշի (ԱՄՆ, Ճապոնիա), Քրիստիան Ֆլորեայի (Մոլդովա, Ռումինիա), Էրկի Լահեսմայի (Ֆինլանդիա), Անյա Լեխների (Գերմանիա), Թիմորա Ռոսլերի (Նիդեռլանդներ, Իսրայել) ու Ալեքսեյ Սեզենյովի (Ռուսաստան) իսկապես անաչառ աշխատանքը, ինչի մասին քանիցս լսել եմ մրցույթին հետեւող հայաստանցի ու արտերկրյա մասնագետներից: Իսկ եզրափակիչ փուլում են Պերլովա Ալեքսանդրան (Ռուսաստան), Աննա Մորոզովան (Ռուսաստան), Գայանե Խաչատրյանը (Հայաստան), Իոնիտա Անդրեյը (Ռումինիա)՚,- հայտնեց Սմբատյանը: Հավելեց նաեւ, որ մրցույթով հետաքրքրված մի քանի տասնյակ թավջութակահարներ ու երաժիշտներ ԱՊՀ երկրներից մրցութային օրերին գտնվում են Երեւանում, ինչը, անշուշտ, հաճելի իրողություն է:
ԱՊՀ-ՀՀՄՀ գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցառումներ է կազմակերպում ու աջակցում հիմնադրամը. ՙՍտեղծման օրվանից (2006թ.) իրականացվել է ավելի քան 400 համատեղ ծրագիր՝ մշակույթի, կրթության, գիտության, մշակութային ժառանգության, սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտներում: Միջոցառումների խորագրերից կարելի է պատկերացում կազմել դրանց ծավալի մասին, օրինակ՝ ՙՀամագործակցության աստղեր՚, ՙՀամագործակցության մշակութային մայրաքաղաքներ՚ եւ այլն՚: Հարցին, թե հիմնադրամի անդամ Ադրբեջանը ի՞նչ մասնակցություն է ունենում մշակութային ծրագրերին, Արմեն Սմբատյանը պատասխանեց. «Ենթատեքստը հասկացա ու պետք է ասեմ, որ Ադրբեջանը՝ հանձին Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորի, ողջունում է ու հետաքրքրված է, օրինակ, խաչատրյանական մրցույթով: Ռեկտորը նույնիսկ մեծ ցանկություն ունի համագործակցել մրցույթի հետ, սակայն հասկանալի պատճառով դա մնում է միայն ցանկության սահմաններում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930