Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ապշած է, որ գործ ունի թալանչիների հետ, որոնք լափում են բյուջեի փողերը

Հունիս 13,2013 14:02

Հանրապետականները Վերահսկիչ պալատի նախագահից իմացան, որ պետբյուջեի փողերը լայնորեն յուրացվում են:

 

Այսօր ԱԺ-ում Վերահսկաիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2012-ի տարեկան հաշվետվությունը եւ այն բազմաթիվ խախտումները, որոնք հայտնաբերել են տարբեր ոլորտներում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանն ապշած էր հաշվետվությունը լսելով: Երբ կարդացել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, Հովիկ Աբրահամյանը մտածել է, որ այն դեռ պետք է քննարկվի պատկան մարմինների հետ, եւ հնարավոր է, որ  դրանք իրականությանը չեն համապատասխանում: Սակայն զարմացել է, երբ լսել է, որ դա հաշվետվություն է: Նրա խոսքերով՝ «Զարմացած եմ, որ մենք քննարկում ենք մի հարց, որտեղ մենք գործ ունենք, կոպիտ ասած, թալանչիների հետ, յուրացումների հետ եւ որեւէ քայլ մենք չենք իրականացնում: Պարոն Զաքարյան, ես զարմացած եմ, այդ մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվի դատախազություն: Ընդհանրապես սա ոնց որ շարունակական բնույթ է կրում, որովհետեւ բազմաթիվ ելույթներ են եղել, հաշվետվություններ են եղել, որ նույն սխալները, նույն յուրացումները կրկնվել են: Ընդհանրապես, որ դուք քննարկում եք գերատեսչությունների ղեկավարների հետ, ի՞նչ պատասխան են տալիս՝ այնպես շատ լավ ընդունում են, որ յուրացրել են, ու եթե չբռնեիք՝ կտանեին տո՞ւն: Սրա վերջը ի՞նչ է լինելու: Խոսում եք ստվերից, իրական փողերը  բյուջեի լափում են որոշ մարդիկ, եւ մենք ոչ մի քայլ չենք անում իրականում: Ես ուզում եմ հասկանալ, որ քննարկում եք՝ էդ չինովնիկներն ի՞նչ են ասում: 200 մլն որ յուրացրել են, 100 մլն կամ 10 կամ 20 մլն, ի՞նչ պատասխան են տալիս»:

Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ Ջրտնտպետկոմը չի ընդունել խախտումը, կոնկրետ օրինակներ են ցույց տվել,  որ  նախագծահաշվարկային փաստաթղթերը չեն համապատասխանել լիցենզիոն պայմաններին. «Մենք բավականին լայն  քննարկում ենք անցկացրել ՀՀԿ-ի հետ: ՀՀԿ խմբակցությունում շատ մանրակրկիտ մենք քննարկել ենք գրեթե բոլոր խնդիրները: Կառավարության նիստում ՀՀ վարչապետը մեկ առ մեկ բոլորին հարցրել է, թե ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումների  հետ կապված ինչ են արել, վերջում վարչապետը հայտարարել է, որ իրենք շատ շնորհակալ են ՎՊ-ի կատարած աշխատանքի արդյունքներից: Վարչապետի հանձնարարությամբ բոլորի պատասխանները տեղադրված են կառավարության կայքէջում: Գրված է՝ հայտնաբերվել է, կողքը  գրված է պատասխան»:

Իշխան Զաքարյանն ընդգծեց, որ շատ քիչ դեպքերում է, որ պատասխանը կարելի է համարել պատասխան. «Նույն բիոզուգարանների հետ կապված՝ մենք ասում ենք, որ անարդյունավետ ենք ծախսը գնահատում, պատասխանը հետեւյալն է՝ մեկը աշխատում է, մեկը՝ չի աշխատում, այսպես, այնպես եւ այլն: Վարկային մասն ասում ենք՝ վերադարձելիության աստիճանը թույլ է, հուսալիությունը՝ քիչ, ասում են՝ գիտեք, էսինչը մահացել է, ինչ-որ մեկի իրավունքները փոխանցվել են մյուսին»:

Հաշվետվությունից ապշած եւ բարկացած էր նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ «Եթե մարդ մսխել է գումարներ ու որոշել է ապրել չաղ ու բախտավոր, դա լրիվ այլ բան է: Մեզ համար անթույլատրելի է կոռումպացված չինովնիկ ունենալը: Էդ  չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցել են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. tigran20053 says:

    Եթե այդ գործընթացներին մասնակից չեք,ուրեմն մի ուրիշ գործընթացի եք մասնակից,որի մասին երբեք Իշխան Զաքարյանը չի բարձրաձայնի,ավելի ճիշտ երբեք այդ գործընթացները չեն բացահայտի….ու այսպես մինչև…Մեկը հարցներ թե այդ կաշառակերերին,յուրացնողներին,թալանչիներին,հանցագործներին ով է նշանակում այդ պաշտոններին և հետները կիսվում…ամենաշատը դրանց ազատեք այդ պաշտոններից ու տեղափոխեք մեկ այլ ուրիշ պաշտոնի կամ դարձնեք պատգամավոր….Վարդան Այվազյանն էլ ձեզ օրինակ….չնայած եթե ուզենք լիքը օրինակներ կբերենք….

  2. Armine G says:

    Վայ վայ վայ: Թե չէ Աբրահամյանը, Շարմազանովը, կամ հենց Սարգսյանը բաժին չունեն էդ թալաններից ու լուսնից իջնելով ապշած են անօրինությունների վրա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930