Ջոն Փոլ Ջոնսը հերքեց 2014-ին Led Zeppelin-ի վերամիավորման հնարավորությունը, քանի որ, իր իսկ խոսքերով, շատ է զբաղված օպերա գրելով: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ավստրալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երգիչ Ռոբերտ Պլանտը նկատել էր, որ անելիք չունի 2014-ին, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ, հնարավոր է, խմբի երկար սպասված վերամիավորումը վերջապես իրականություն դառնա: Այս լուրը հրապարակվեց համաշխարհային պարբերականներում, ինչպես նաեւ դարձավ խմբի երկրպագուների քննարկման թիվ մեկ թեման:
Չնայած այս ամենին, բաս-կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը հերթական անգամ ցրեց այդ հույսերը: Ֆիլիպ Գլասի The Perfect American օպերայի լոնդոնյան շնորհանդեսից հետո Ջոնսը Red Carpet TV-ին հարցազրույց տվեց, խոստովանեց` այս պահին շատ զբաղված է սեփական օպերայի վրա աշխատելով: Բազմատաղանդ երաժիշտը հավելեց, որ չնայած իր նախագծերում կան ծանր նախապատրաստական աշխատանք չպահանջող սոլո համերգներ, նա միանշանակ չի կարող մասնակցել Led Zeppelin-ի վերամիավորման համերգներին, որը նախատեսված է 2014-ին` ամբողջ տարին զբաղված է լինելու իր օպերաներով:
Ջոն Փոլ Ջոնսը նաեւ ասաց, որ արդեն գրել է օպերայի առաջին գործողության կեսը: Օպերան հիմնված է շվեդ գրող Ավգուստ Ստրինդբերգի 1907-ին գրված պիեսի վրա, որը կոչվում է «Հոգիների սոնատ»: Այն Ինգմար Բերգմանի սիրված պիեսներից մեկն էր, որտեղ միախառնված էին սյուրռեալիստականն ու սովորականը: Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1908-ին: Ջոնսի ձեւակերպմամբ. «Օպերան տարբերվում է ամեն ինչից: Այն զգացմունք է եւ կիրք է»:
Ջոն Փոլ Ջոնսն ավելի հայտնի է որպես Led Zeppelin-ի անդամ, նա լայնածավալ երաժշտական գործունեություն է ծավալել մինչեւ խմբի ստեղծումը, այդ ընթացքում եւ դրանից հետո: Վերջին 30 տարիներին նա համագործակցել է տարբեր ու բազմաժանր երաժիշտների հետ, որոնց թվում են REM-ը, Դիամանդա Գալասը, Foo Fighters-ը, Ջիլիան Ոելչը եւ նորվեգացի ավանգարդիստ Supersilent-ը: Խմբի կազմալուծումից հետո Led Zeppelin-ի երեք ողջ մնացած անդամները միասին ելույթ են ունեցել ընդամենը մի քանի անգամ. 1985-ին՝ Live Aid բարեգործական համերգի ժամանակ, երբ Պլանտը, Փեյջն ու Ջոնսը կարճ ծրագիր նվագեցին, իսկ հարվածայինների հետեւում էին Թոնի Թոմսոնն ու Ֆիլ Քոլլինզը, 1988-ին՝ Atlantic Records-ի 40-րդ հոբելյանին, 1995-ին, երբ Led Zeppelin-ն ընդգրկվեց ՙՌոք-ն-ռոլի փառքի սրահում՚: Վերջին վերամիավորումը 2007-ի լոնդոնյան O2 մարզադաշտում կայացած բարեգործական համերգն էր, որը հետագայում լույս տեսավ Celebration Day DVD-ի տեսքով: O2-ի համերգը չափազանց լավ էր ընդունվել թե՜ երկրպագուների եւ թե՜ քննադատների կողմից, իսկ երաժշտասերներն ամբողջ աշխարհում հույս ունեին, որ համերգին կհետեւի համերգային շրջագայություն: Այս հույսերն առաջացել էին նաեւ Փեյջի ու Ջոնսի տված հարցազրույցներից հետո, որոնցում նրանք կողմ էին արտահայտվել այդ գաղափարին: Սակայն բոլոր սպասումներն ու հույսերը կոտրեց Ռոբերտ Պլանտը, որն այդ ժամանակ զբաղված էր Էլիսոն Կրաուսի հետ շրջագայելով:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ