«Սենսացիոն բացահայտում. ովքեր են պատվիրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը», «Հերթական սկանդալը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ», «Ով է Նազենի Հովհաննիսյանի առեղծվածային երկրպագուն»: Այսպիսի վերնագրեր րոպեն մեկ տեղադրվում են համացանցում Հայաստանում գործող հարյուրավոր կայքերի կողմից: Եթե դուք սխալմամբ սեղմեք այդ վերնագրի վրա՝ մտածելով, թե դրա տակ իրականում կա ինչ-որ մի աշխարհացունց բացահայտում, ապա շատ արագ կհիասթափվեք, որովհետեւ լավագույն դեպքում այնտեղ կլինի հանրահայտ փաստերի շարադրանք, իսկ սովորաբար՝ ընդհանրապես որեւէ բառ չկա հայտարարված թեմայով: Հավանաբար, նման հրապարակումները նախատեսված են այն միամիտների համար, ովքեր կուլ են տալիս խայծը եւ շարունակում են բացել նման վերնագրեր պարունակող տեքստերը:
Կամ այն, ինչ ընդունված է անվանել «լրագրություն», սրընթաց դեգրադացիա է ապրում, կամ էլ պարզապես ջնջվում է սահմանը լրագրության եւ «չլրագրության», մասնավորապես ֆեյսբուքյան «ստատուսագրության» եւ «քոմենթագրության» միջեւ: Իհարկե, ինտերնետի դարաշրջանից առաջ էլ՝ 90-ականներին «պատի տակի» խոսակցությունները բավականին հաճախ մատուցվում էին որպես լրագրողական նյութ, եւ վիրավորանքների ցանկացած շարան՝ որպես «հրապարակախոսություն» (հիշո՞ւմ եք, օրինակ, «Հնչակ Հայաստանի» թերթը), սակայն գուտեմբերգյան եղանակով տարածվող այդ բամբասանքներն ու լուտանքները հնարավոր չէր, ասենք, share անել: Այսօր «լրագրության» միջոցով ցանկացած քաղաքացի կարող է հաշիվ մաքրել իր «չուզողների» հետ, կարող է ինքնահաստատվել ցանկացած «աբիժնիկ» եւ կամ նույնիսկ մոլագար:
Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արատների դեպքում ես հավատում եմ, որ դրանք ժամանակավոր են: Դա չի նշանակում, իհարկե, որ պետք է ձեռքերը ծալած նստել եւ սպասել, թե երբ են այդ արատները վերանալու: Ոչ, դրանց դեմ պետք է պայքարել: Բայց պայքարը ես չեմ պատկերացնում անպայման որպես փողոցային ղժղժոց: Գուցե այս դեպքում պայքարի լավագույն ձեւն է գլուխը կախ գործ անելը՝ հետեւողականորեն պաշտպանելով որակյալ լրագրության սկզբունքները: Հենց որ լրագրողն իրեն պատկերացնում է Յուլիուս Ֆուչիկի դերում, նա պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ եւ դառնա քաղաքական գործիչ: Այսօր, օրինակ, խորհրդարանում կա տասնյակին հասնող նախկին լրագրող, որոնք ընտրել են քաղաքական ճանապարհը, եւ նրանց ընտրությունը, բնականաբար, հարգանքի է արժանի:
Ինչ մնում է համացանցին, ապա դա, իմ կարծիքով, շատ հարմար գործիք է թե լրագրության (իսկական լրագրության), թե գիտության եւ կրթության ոլորտներում: Մենք դեռ մինչեւ վերջ չենք կարողանում կիրառել այդ գործիքը տեղեկատվություն փնտրելու (ոչ թե մոգոնելու) համար: Ինչ վերաբերում է»տեղեկատվական աղմուկին՚, որը այսօր կա համացանցում, եւ որը խանգարում է ճշմարիտ տեղեկատվություն ստանալուն, ապա այն, վստահ եմ, ժամանակավոր է, մեծ չափով թելադրված է մոդայով: Միեւնույն է՝ վաղ թե ուշ կգա «մասնագիտացման» ժամանակը, երբ կտրուկ կբարձրանա հենց լրագրողական աշխատանքի պահանջարկը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի Արամ Աբրահամյան,
քանի որ անձամբ ձեզ չեմ ճանաչում, այդ իսկ պատճառով այսպես եմ ձեզ դիմում. Անունով դիմելն անծանոթին հարմար չէ, ազգանունով էլ՝ խիստ պաշտոնական է ; Ձեր հրապարկման մեջ առաջ քաշած խնդիրները միայն լրագրության վրա չեն տարածվում, իմ կարծիքով: Ոչպրոֆեսիոնալիզմն ամենուր է, բայց ուզում եմ ձեզ անկեղծ հարց տալ՝ դուք լրագրության որակը կարևորելով հանդերձ ի՞նչ որակի լրագրողների եք գերադասում ընդունել աշխատանքի՝ վազվզո՞ղ ու ոչ այնքան որակյալ, թե՞ պրոֆեսիոնալ: Թերթից դատելով՝ վազվզողներին եք գերադասում: Դա է պահանջարկված, նորաձև, չգիտեմ՝ գուցե նաև էժա՞ն:
Եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, ապա ասեմ, որ այդ վազվզոցը կա նաև ձեր խմբագրականներում: Թերթում կարող է ամեն ինչ լինել՝ և վազվզոց, և լրջություն: Խնդիրը հավասակշռության պահպանման մեջ է: Հայաստանյան ԶԼՄ-երում դա է խախտված: Վազվզոց, ոչ պրոֆեսիոնլիզմն ընդդեմ լրջության և պրոֆեսիոնալիզմի:
Նայած թե ով, ինչպես եւ ինչի համար է վազվզում:
Մի թերագնահատեք ձեր ընթերցողին. Ես ձեր թերթում ոչ թե վազվզոց եմ փնտրում, այլ լրջություն, հեղինակներ: Հեղինակներ ասելով ես պաշտոնյաներին նկատի չունեմ: Վերջերս կարդացի Նիկոլ Փաշինյանի արդարացումը Արթուր Բաղդասարյանի հոդվածը տպագրելու շուրջ: Արդյո՞ք Բաղդասարյանի ասածները հիմա Հայաստանում որևէ մեկին հետաքրքրու՞մ է: Հազիվ թե: Տվեք այս ժողովրդին մտածելու դրդող հրապարակումներ, թե չէ դյուրամարս ուտելիքից արդեն հոգնել ենք: Գուցե լավ լուր գրելը ևս պրոֆեսիոնալիզմ է պահանջում, չգիտեմ ձեր աշխատանքի նրբությունները, բայց այդ լուրը ես ավտոբուսում էլ կարող եմ լսել, Ֆեյսբուքում կարդալ: Ես լուրը կարդալուց մի քանի րոպե անց մոռանալու եմ, թե որ թերթում եմ այն կարդացել, բայց այ, լուրջ նյութերը չեն մոռացվում:
Ես իհարկէ լավ ծանոթ չեմ մեր Հայրենիքի ներկայիս կայքերին ու լրագրերին, հետեվում եմ ներկայիս իրադարձություններին արտեկրից, ինչպես ամեն մի սրտացավ հայրենակից, բայց կարող եմ ասել որ իհարկե պրոֆէսիոնալիզմը հարկավոր է ամեն բնագավառում, եվ հաց թխելու մեջ եվ երկիր ղեկավարելու մեջ (տեսեք ինչպես է կաղում այս ոլորտը մեր երկրում) եվ իհարկե լրագրական գործում որը շատ կարեվոր է իրական ժողովդավարական երկիր կառուցելու գործում եվ կարծում եմ հենց իսկական ժողովրդավարության կառուցմանը պիտի ծառայի յուրաքանչյուր հրապարակում, վերլուծություն, ակնարկ: Ինձ թվում է անպայման չէ որ նյութը քաղաքական կամ կեցաղային թեմայի, հումորի կամ որեվե մշակույթային իրադարձության նվիրված լինի: Կարեվորը որ այն հուզի ընթերցողին, մի նոր տեսանկյունով լուսաբանի իրականությունը կամ հուզող խնդիրները: Այս իմաստով ինձ համար հետաքրքիր են Սամվել Կարապետյանի հայագիտկան զրույցները, Արամ Աբրահամյանի մի շարք խմբակրականները եվ հատկապէս Պարականոն շարքը, Վարդան Ֆերշեթյանի գրականագիտական ակնարկները 168 ում: Իհարկե բարձրակարգ հրապարակումները միշտ ստիպում են ուրիշ լրագրողների հավասարվել եղածին այսպիսով էլ բարձրացնում են պրոֆէսիոնալիզմը: Ես հիշեցի երիտասարդ տարինէրիս իմ նկարիչ ընկերներից Կարո Մկրտչյանը ինձ բացատրում էր թե ինչու Պիկասոյի յուրաքանչյուր նույնիսկ թանաքի կաթոցը պարզ թղթի վրա արվէստի գործ է , որովհետեվ ( ասում էր նա) Պիկասոն այնքան է զարգացրել իր ձեռքի տեխնիկան որ իր միտքը եվ ձեռքը խոսում են միաձայն… Կարծում եմ միեվնույնը տեղի է ունենում յուրաքանչյուր պրոֆէսիոնալի հետ, քիչ թե շատ…
Ստէպ հարց կու տաք թէ սա կամ միւս հարցը չէ լուսաբանուած ։վստահ եմ գիտէք նաեւ թէ չեն կրնար լուսաբանուիլ մինչեւ որ մաս մը դերակատարներ իշխանութեան գլուխն են։ այնուհանդերձ մամուլի ազատութեան գոնէ պատրանքը կու տաք ընթերցողին։Անոնց մեծագոյն մասը գիտակից է եւ կը շարունակէ թելադրանքներ կատարել խմբագրութեան – կարծիքներ յայտնել ինչ որ լաւ նշան է
ցոյց կու տայ որ երկրին կացութիւնը զիրենք կը հետաքրքրէ եւ լաւագոյն օրերու յոյսեր ունին։ Ես կը շնորհաւորեմ ձեր կատարած գործը մամուլով եւ հեռատեսիլային հաղորդումներով գիտնալով հանդերձ որ ձեր ըսելիքներուն մի մասը միայն կ`արտայայտէք ։
ՅԳ – Երանի օտարաբանութիւնները մի քիչ թեթեւացնէք։