«Նման հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջացնեին։ Իշխանությունները պարտավոր էին իրականացնել հետևյալ երկու քայլերից մեկը՝ վարչապետը և ողջ կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տային, և դրան պետք է հետևեին արդեն իրավական գործառույթներ։ Եվ երկրորդ՝ եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե՝ հրապարակումը որևէ կապ չունի իրականության հետ, և վարչապետը որևէ առնչություն չունի օֆշորում գրանցված ընկերության և գումարային փոխանցումների հետ, ճիշտ է, ապա խնդիրը պակաս լուրջ չէ, գուցեև ավելի։ Եթե ինչ-որ անձեր կամ կազմակերպություն ՀՀ վարչապետի անունով օֆշորում նման գործառույթներ են իրականացրել՝ սա արդեն հարված է պետությանը և ազգային անվտանգության լուրջ խնդիր»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի կողմից ներկայացված հրապարակումներին, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված «WLISPRA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում