Երեկ՝ գիշերը, դանակահարության հետեւանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության պատճառները ՌԴ իրավապահները դեռ չեն բացահայտել։ Անգամ տրամաբանական վարկածներ չեն շրջանառվռւմ ՌԴ համապատասխան շրջանակներում։
«Ժողովուրդ»–ը զրուցեց սպանված Հ. Մուրադյանի քրոջ որդու՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ, որը եւս ոչնչից տեղյակ չէր. «Ես հիմա մորս կողքին եմ եւ այլ բան չեմ կարող Ձեզ ասել»։
Իսկ թե ով կարող էր սպանել հայ գործարարին, որը մինչ այս առանձնապես աչքի չի ընկել քրեական պատմություններով, դժվար է ասել։ Միայն հայտնի է, որ վերջին շրջանում «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրները՝ Բորիս, Հարություն, Մուրադ եւ Հովհաննես Մուրադյանները, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին Հայաստանում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «ԲԱՄՕ» ընկերությունը՝ ի դեմս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, 2008թ. պետությանը պարտք է մնացել 3 մլն դրամ, իսկ սոցվճարների մասով՝ գրեթե 27 մլն։
2009թ. Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»–ի սեփականատերերին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը։ Սակայն 2011 թ.-ից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ։
«ԲԱՄՕ»–ի ունեցած խնդիրների մասին Մ. Մուրադյանը ոչ վաղ անցյալում այսպիսի բացահայտում էր արել. «Վարկը վերցրել են երկու մասնավոր առեւտրային բանկերից, որպեսզի տնտեսական ինվեստիցիոն ծրագրեր իրականացնի Հայաստանում։ Բայց որ այս գործունեությունը չի ստացվել, չի կատարվել՝ խնդիրներ են առաջացել նրա մոտ (նկատի ունի եղբորը՝ Բ. Մուրադյանին-խմբ.), ֆինանսական պրոբլեմներ, բայց, կարծում եմ, որ շատ մոտիկ ժամանակներում, շա՜տ մոտիկ ժամանակներում, կլուծվի։ Երկու տարի նա տոկոսներ է մուծել գրեթե 2-3 մլն դոլարի չափով։ Հիմա «ԲԱՄՕ» ընկերության գործունեությունն արդեն աշխուժացել է Ռուսաստանում, որովհետեւ այն ժամանակ Ռուսաստանի ընդհանուր վիճակն էր շատ վատ։ Բայց քանի որ ընկերությունը Ռուսաստանում պայմանագրեր ունի, լավ պատվերներ ունի, կարծում եւ՝ շատ մոտիկ ժամանակում կկարգավորի այս հարցը»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ոչ մի տրամաբանական կապ չեմ տեսնում պետական պարտքերի և սպանության պատճառների միջև: Ինչպես և բոլոր հաջողակ և իրենց գործունեությունը լայն ծավալող ընկերությունների դեպքում է լինում սովորաբար, ԲԱՄՕ-ն ուղղակի ձեռք բերեց մրցակիցների մեծ բանակ: Եվ գուցե պետք է այդ ոլորտում փնտրել պատճառներ, ոչ թե չունենալով “անգամ տրամաբանական վարկածներ”, ինչպես նշվում է հոդվածում, փորձել ինքնուրույն անհիմն մեկնաբանություններ անել: Ամեն դեպքում պետք է սպասել հետաքննության արդյունքներին, իսկ բազմաթիվ “օդից” վարկածներ առաջարկելն արդեն միայն իրենց նյութը կարդացվող դարձնելու նպատակը հետապնդող ԶԼՄ-ների գործն է…