Հունիսի 12-ից մեկնարկել է «IDEAS. ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա տարածաշրջանային ծրագրի «Future Search» համաժողովը:
Հենց համաժողովի ժամանակ էլ հանդիպեցինք «Ոինիսոն» հկ-ի Սյունիքի մասնաճուղի ղեկավար Ապավեն Բեգլարյանին: Նա ասաց, որ «Ունիսոնի» իրենց մասնաճյուղը գտնվում է Մեղրի քաղաքում, եւ ինքն էլ աշխատում է Մեղրի եւ Ագարակ համայքնների ու հարակից գյուղերի դպրոցների ու մանկապարտեզների հետ: «Եթե իրենց հուզող հարցեր են լինում՝ հաշմանդամության հետ կապված, աշխատում եմ օգնել, աջակցել, եթե չենք կարողանում, կապ եմ հաստատում մեր կենտրոնական գրասենյակի հետ: Տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ կան մեր համայնքում, սայլակավոր միայն մեկ երեխա կա, որը ներառական կրթությունից օգտվում է, բայց դպրոցում չի սովորում: Ագարակի միջնակարգ դպրոցի ուսուցիչները գալիս տանը պարապում են»,-պատմեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե ինչ խնդրանքներով են իրենց դիմում, Ապավենը պատասխանեց. «Քանի որ հասարակության ընկալմամբ, եթե խոսքը վերաբերում է հ/կ-ին, իրենց թվում է, որ պետք է անպայման ֆինանսական աջակցություն լինի, հիմնականում նման հարցերով են դիմում, բայց մեր կազմակերպությունը ոչ թե ֆինանսական աջակցություն, այլ իրավաբանական անվճար խորհրդատվություն է տրամադրում»: Նա նաեւ հավելեց, որ իրենց հ/կ-ի ենթակայությամբ շուտով կգործի նկարչական խմբակ, համագործակցելու են Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի հետ: Ինչ վերաբերում է «Ունիսոնի» Մեղրիի մասնաճյուղին, Ապավենի խոսքով, այստեղ հաշմանդամություն ունեցողների համար կազմակերպվում են համակարգչային դասընթացներ: Արդեն առաջին փուլն ավարտվել է եւ շուտով կմեկնարկի երկրորդ փուլը:
Հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում եղե՞լ է դեպք, որ հաշմանդամություն ունեցող որեւէ մեկի իրավունքը ոտնահարվի, եւ «Ունիսոնի» Սյունիքի մասնաճյուղը աջակցություն ցուցաբերի: «Կոնկրետ Մեղրիում նման բան չի եղել, բայց Երեւանում պատահել է, եւ «Ունիսոն» հկ-ն էլ աջակցել եւ միջամտել է»,-փաստեց Ապավենը:
Կարդացեք նաև
Նա զինվորական է, երկրորդ մասնագիտությամբ՝ երաժիշտ: 2004 թվականին ծառայության ընթացքում գրանցված պատահարից հետո տեղաշարժվում է անվասայլակով:
Խոսելով «Future Search» համաժողովի մասին՝ Ապավեն Բեգլարյանը նշեց. «Սա գովելի ծրագիր է, որովհետեւ շփվում ենք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, փոխանակվում փորձով, ներգրավում դեպի հասարակություն: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ դուրս գալ տներից, ակտիվ լինել, որովհետեւ բոլորս էլ այս երկրի լիիրավ քաղաքացիներն ենք եւ ունենք նույն իրավունքներն ու արտոնությունները»:
Զրույցի ժամանակ Ապավենը տեղեկացրեց, որ Մեղրիի N2 միջնակարգ դպրոցում պետք է ներառական կրթություն իրականացվեր, սակայն առայժմ սայլը տեղից չի շարժվում.« Երկու տարի առաջ դպրոցի տնօրենի հետ հանդիպեցի, ասաց, որ նման ծրագիր պետք է իրականացվի, բայց միջեւ հիմա ինչ-ինչ պատճառներով ոչինչ չի արվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ