Հակակարկտային ցանցերի մասին Սերժ Սարգսյանի վերջին ելույթը մեծ աժիոտաժ է առաջացրել գյուղատնտեսության ոլորտին առնչվողների մոտ։
Հնչող կարծիքները հակասական են, իրարամերժ, երբեմն նաեւ դավադրությունների տեսության շրջանակներից։ Այսպես, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը news.am կայքի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հակակարկտային ցանցերին, ասել է. «Դրանք բավականին ծախսատար են եւ միջին հաշվով մեկ հեկտարի պաշտպանության համար պահանջվում է ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»։ Հիշենք այս թիվը եւ անցնենք առաջ։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ում բոլորովին այլ տվյալներ է ներկայացնում։ Ըստ այդմ, մեկ հեկտարը ցանցապատելու համար անհրաժեշտ կլինի 2000 եվրո գումար։ Բերբերյանն իր բացատրությունն ունի, թե ինչու են որոշ մարդիկ այդքան բարձր գնահատում ցանցապատման արժեքը՝ որպեսզի այն չներդրվի եւ գումարներ ծախսվեն հակակարկտային անարդյունավետ համակարգերի վրա։ «Փոխնախարարներից մեկի տղան հակակարկտային համակարգում տեղամասի պետ է»,- ասում է Բերբերյանը։ Եւ ուրեմն ըստ գյուղնախարարի, մեկ հեկտարը հակակարկտային ցանցով պատելու համար պետք կլինի շուրջ 25 հազար դոլար, իսկ ոչ պետական կառույցի ղեկավարը պնդում է, որ մեկ հեկտարի համար կպահանջվի ընդամենը 2 հազար եվրո։ Հայտնի չէ, թե Սերժ Սարգսյանին ինչպիսի տվյալներ են ցույց տվել, որ նա իր հայտնի ելույթում հայտարարի, թե «Մենք նոր տնտեսություն ենք կառուցում։ Աստիճանաբար կարկուտների հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում»։ Եւ ուրեմն՝ որն է ավելի մոտ իրականությանը՝ 25 հազար դոլարը, թե 2 հազար եվրոն։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև