Ազգային ժողովն օրերս ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը` 87 կողմ, 5 դեմ և 20 ձեռնպահ ձայներիհարաբերակցությամբ: Ըստ նախագծի` Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել ու շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց, որի կառուցման ու անհրաժեշտ գույքային միջոցների ապահովման համար նախատեսվում է 150 մլն դոլարի ներդրում, ինչպես նաև շուրջ 400 մլն դոլարը` այլ ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման համար:
Ընդ որում, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն էր հնչեցրել, թե ծրագրի իրականացման հայեցակարգ չի ներկայացվել, եւ արդյոք ծրագրի իրականացման ժամանակ պահպանվելո՞ւ են ՀՀ լեզվի մասին օրենքում ամրագրված պահանջները:
Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ նախաձեռնությունն ի՞նչ է մտածում այս մասին եւ ի՞նչ քայլեր են մտադիր անել:
Պարոն Ապատյանը փոխանեց, որ այս պահին նախաձեռնության ներսում հարցը քննարկումների փուլում է, եւ հնարավոր քայլերի մասին կտեղեկացնեն հարմար առիթով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը դեռեւս 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում: Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր եւ այլն, եւ իհարկե` վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ