Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիացիները՝ խոզապահների ու կաթ մթերողների մաֆիայի մասին

Հունիս 12,2013 22:37

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի գյուղերի բնակիչները մի քանի օր է` բողոքական տրամադրության մեջ են. երեկ 10 գյուղերի բնակիչներ միավորվել ու թուքումուր էին տալիս երկրի իշխանություններին` կաթի առքի գները չկարգավորելու, կաթնամթերող ընկերություններին արտոնյալ դարձնելու ու այսպիսով սահմանամերձ գյուղերի դատարկմանը նպաստելու համար: Նրանք անչափ զայրացած են այն փաստից, որ կաթ մթերող ընկերությունները գյուղացիներից կաթը սկսել են գնել մեկ լիտրի դիմաց վճարելով 140 դրամ, նախկին 150 դրամի փոխարեն: Բերդաշեն գյուղի նախկին գյուղապետ Սլավիկ Չապանյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, նման հաշվարկ կատարեց. «Մթերող կազմակերպությունները, հավաքվելով, միավորվելով, որոշել են կաթի գինը իջեցնել, կաթը հանձնում էինք 150 դրամով, էս մարդիկ իրենք իրենց որոշել են դարձնել 140 դրամ: Ժողովուրդն էլ, վստահ լինելով, որ էլի կիջեցնեն գինը, ոտքի են ելել այն պահպանելու համար: Յուրաքանչյուր սովորական մարդ, որ պիտի կարողանար անասուն պահեր, միջին հաշվով արդեն ծախսել է 100-110 հազար դրամի գումար, իսկ եթե բոլոր ծախսերը գումարում ենք, ուրեմն ստացվում է, որ էս մարդը փաստորեն կով պիտի պահի առանց որեւէ եկամտի: Խեղճ ժողովրդի տնտեսական վիճակը քանի գնում ոչ թե դեպի լավի, այլ վատի է գնում, ամեն ապրանք թանկանում է, կաթը գինը գցո ՞ւմ են: Աղն անգամ թանկացավ, որ մեր երկրում է արտադրվում: Էդ 10 դրամը հսկա տեղաշարժ է, եթե տարեկան կտրվածքով կովի միջին կանթնատվությունը մենք հաշվենք 1700 լիտր, որից 300-ը գնում է հորթին, որոշակի մաս`տան օգտագործման համար, վերջին հաշվով 1200 լիտր է վաճառում, ապա պատկերացրեք գյուղացին 12000 դրամ տուժում է: Իսկ գյուղացու եկամտի աղբյուրը դա է, ու պակերացրեք այս ամենը թանկացումների ֆոնին, ոչ մեկը չի ասում, թե խոտը շատ թանկ էր անցած տարի, մեկ տուկը`1500 դրամից բարձր էր, հիմա էլ չգիտես ինչ գին կլինի, հատկապես կարկտահարված տեղանքները մեծ խնդիրներ կունենան անասնակերի հետ կապված, էդ կովերը օդով պիտի սնվե՞ն, վերջը կովն էլ այնպիսի վիճակում պետք է լինի, որ նորմալ կաթնատվություն ապահովվի»:

Մեր զրուցակիցի ասելով, բիզնեսը Հայաստանում որեւէ կանոնի չի ենթարկվում, ով շատ փողի ունի, կշահի, ով չէ`միանգամից կսննկանա: Ըստ նրա, սկսել են նույն ձեւի տեր կանգնել խոզապահությանը, փող ունեցող 3-4 հոգի ֆիրմա են դնում, սկզբում շուկայում խոզի մսի գինը արհեստականորեն գցում են, սրանով հարկադրում են քիչ փող ունեցողին կամ այսպես ասած յոլա գնացողին իր խոզերը վաճառել, քանի որ ձեռնտու չէ: Դրանից անմիջապես հետո այդ նույն մեծահարուստ խոզապահները խոզի միսը արհեստականորեն բարձրացնում են: Ըստ մեր զրուցակցի, նույն պատմությունն է ստեղծվում, ինչպես որ մի սուպերմարկետ հիմնելով` փակում են շրջակա բոլոր մանր խանութները: Արդյունքը, ըստ Սլավիկ Չապանյանի, լինում է այն, մեր երկրի վարած աննորմալ տնտեսական քաղաքականության պատճառով դրսից կասկածելի, հիվանդ ու սառած մսեր են ներկրում: «Ի՞նչ է, մենք չենք կարող միսը տեղում արտադրել, բա Վրաստանում էդպե՞ս է, դե փորձի հետդ սննդային ինչ-որ բան տանել Վրաստան, թույլ կտա՞ն: Այդ երկիրը իր առողջացման համար խրախուսում է ներքին արտադրողին, իսկ մենք խլում ու խլում ենք արտադրողից, եվ ո՞ւմ համար` մի քանի հոգու ունեցվածքի, վերջը ուենցվածքն էլ պիտի չափ ունենա», -ասում է նախկին գյուղապետը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930