Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ կրկին շոշափեց Տիգրան Սարգսյանի օֆշորային եկամուտների թեման եւ հարց ուղղեց վարչապետին: Նա հիշեցրեց «Հետքի» հրապարակումը եւ ասաց. «Պարոն վարչապետ, դուք հայտարարեցիք, որ փաստաթղթերը կեղծ են, ձեր անունը օգտագործել են, ինչը նոր հարցեր առաջացրեց: Փաստորեն ձեր բացատրությունից հետեւում է, որ որոշ չարագործներ ձեր անվան վարկաբեկման նպատակով հսկայական գումարներ են ծախսել օֆշորում՝ ձեր անունով ընկերություն բացելու եւ նրա հաշվին բանկային փոխանցում կատարելու միջոցով: Դուք ասացիք, որ նման անհեթեթ մեխանիզմ չի լինում, իսկ վարկաբեկման նման ծախսատար ձեւն անհեթեթ չե՞ք համարում: Երկրորդը՝ դուք անձամբ ճանաչո՞ւմ եք Աշոտ Սուքիասյանին եւ Փայլակ Հայրապետյանին, երբեւէ նրանց հետ քննարկե՞լ եք արդյոք ադամանդագործության հետ կապված հարցեր եւ ծրագրեր: Երրորդ՝ արդյո՞ք որպես ԿԲ նախկին նախագահ դուք հնարավոր եք համարում, որ ձեր կողմից մշակված բանկային գործունեության կարգավորման շրջանակներում հնարավոր էր, որ «Ամերիաբանկը» առանց երաշխիքների նման մեծ վարկ տար ինչ-որ չարագործների»:
Լեւոն Զուրաբյանը վարչապետին կոչ արեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծել իր նախաձեռնությամբ՝ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, որն այդ սկանդալը կուսումնասիրեր եւ իր անարատ անունը կփրկեր:
Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «ԶԼՄ-ները այնքան հնարամիտ են, որ եթե մենք ընդունենք ձեր կողմից հնչեցրած առաջարկը, դուք պետք է այստեղ զբաղվեք օրինաստեղծ գործունեությամբ, այլ գիշեր-ցերեկ պետք է զբաղվեք հետաքննությամբ, որովհետեւ ԶԼՄ-ներով այնպիսի պատմություններ կարող են հայտնվել, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնյաների անունների հետ, որ դուք ժամանակ չեք ունենալու ուրիշ միջոցներով զբաղվելու: Միջազգային պրակտիկայում դիմում են իրավապահ մարմիններին այդ դեպքում, ինչը ես արել եմ: Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ես որեւէ առնչություն չունեմ այդ օֆշորային գոտու ձեռնարկության հետ, որեւիցե օֆշորային ձեռնարկություն չեմ գրանցել ոչ միայն Կիպրոսում, այլ աշխարհի որեւէ երկրում եւ նման գործարքների չեմ մասնակցել: Ինչ վերաբերում է սենսացիոն հայտարարություններին, որ իմ միջնորդությամբ բանկը տվել է վարկ՝ դա մեծագույն անհեթեթություն է: Այնպես որ ես կարծում եմ, որ դա շինծու պատմություն է, կարծում եմ, այսօր ՀՀ-ում ցանկացած վարկ կարելի է կապել վարչապետի անվան հետ, որովհետեւ մենք որպես գործառույթ իրականացրել ենք հակաճգնաժամային ծրագրեր, օպերատիվ շտաբը քննարկել է եւ ուղարկել առեւտրային բանկերին, որ գնահատեն ռիսկայնությունը եւ որոշեն՝ տրամադրե՞ն վարկեր, թե՞ չտրամադրեն: Այնպես որ դուք, թողած ձեր կարեւոր՝ երկիրը փրկելու խնդիրը, մի զբաղվեք այսպիսի անհեթեթ պատմություններով»:
Լեւոն Զուրաբյանն ի պատասխան հորդորեց իրենց մասին չանհանգստանալ. «Պրոբլեմը նա է, որ ձեր խոսքին ցավոք սրտի շատերը չեն հավատում, ես կասեի մեծամասնությունը Հայաստանի չի հավատում: Իմ առաջարկած ելքը դրան էր ուղղված: Մեր մասին մի մտածեք, մենք պատրաստ ենք ձեռները քշտել, մտնել այս կեղտոտ գործերի մեջ եւ պարզել ճշմարտությունը»:
Կարդացեք նաև
Դրանից հետո Լեւոն Զուրաբյանը հացրեց վարչապետի պրոֆեսիոնալ կարծիքը՝ ինչպե՞ս է հնարավոր արտագաղթ լինի եւ տնտեսական փայլուն ցուցանիշներ: Տիգրան Սարգսյանը հեգնեց. «Եթե դուք չեք հավատում իմ խոսքին, ինչի՞ է ձեզ հետաքրքրում իմ կարծիքը, շատ զարմանալի է»:
Վարչապետը նաեւ վստահեցրեց, որ ԱԺ-ի դահլիճում մեծամասնությունն արդեն ձանձրացել են Լեւոն Զուրաբյանի նախադասություններից, միատոն մեղադրանքներից. «Բոլորի համար հասկանալի է ձեր ենթատեքստերը, հասկացա՛նք: Շարունակե՛ք ձեր ոճը, եթե գտնում եք, որ այդ ոճը ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մարդ պիտի բախտ ունենա, որ իր անունով էլ մի ձեռնարկություն գրանցեին ու հաշվին մի 10 միլիոն փող քցեին :
Իհարկե, ոչ ոք հիմար չի ուրիշի հաշվեհամարին դրամ փոխանցի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր է իմանալ,թե ինչքան դժվար է անձը հաստատող կեղծ փաստաթուղթ ձեռք բերելը:
Եթե հնարավոր է՝
խնդրում եմ իմ անունով էլ թող ՀՀԿ-ականները օֆշորում հաշիվ բացեն ու $10,7 միլիոն փոխանցեն:
Չե չե ,,, ես մեկ միլիոնին էլ եմ համաձայն:
Խնդրում եմ դիմումս չմերժեք: