«Այս տարի Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ»,- այս մասին այսօր Երևան հյուրանոցի «Օվալ» սրահում ասաց նախագծի պատասխանատու և ղեկավար, բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը, հավելելով, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից` «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը», «Քաջ Նազար» արդեն բեմադրվել են, իսկ հունիսի 15-ից հուլիսի 15-ը ներկայացվելու է նաև Հայաստանում: «Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել Թումանյանի հեքիաթներով: Ինձ համար Թումանյանն այն սնունդն է, որով մեծացել եմ»,-ասաց Սաթենիկ Խաչատրյանը:
Ըստ բանախոսի՝ ծրագիրը որևէ քաղաքական ենթատեքստ չի կրում. այն զուտ մշակությաին միջոցառում է: Հայաստանում հունիսի 15-16-ին բերմադրությունը կներկայացվի Երևանում, հունիսի 18-ին՝ Սևանում, հունիսի 19-ին՝ Վարդենիսում, 20-ին Գավառում, հունիսի 27-ին՝ Սիսիանում, հունիսի 30-ին Գորիսում, հուլիսի 5-ին՝ Ջերմուկում:
Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին, ով Հ. Թումանյանին բացահայտել է Սաթենիկի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: «Բացահայտելով Թումանյանին` հասկացա, որ նա մի արվեստագետ է, որը լայն մտահորիզոն է ունեցել»,- ասաց Յաննիկ Լուին համոզմունք հայտնելով, որ աշխարհի որ երկում էլ այդ հեքիաթները ներկայացնելու լինեն, ապա բոլորը կհասկանան, որ համաշխարհային մեծության գործեր են:
Բանախոսների պնդմամբ` նախագծի նպատակն է Ֆրանսիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնել և նպաստել դրա տարածմանը` քաջալերելով և զարգացնելով ֆրանկոֆոնիան:
Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաև կարիբյան ազգային երգ երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն և քրեոլ (Կարիբյան կղզիների պետական լեզուն):
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ