«Սերը սկզբից ընկճեց ինձ, իսկ հետո ավելի նպատակասլաց դարձրեց»,-ասում է 23-ամյա Անժելան: Հավելում է ՝ իր առաջին սերը ճակատագրական դարձավ իր մասնագիտության ընտրության հարցում: Նրա խոսքով՝ Սուրենը նրան վարակեց վճռականությամբ և կյանքի հանդեպ պահանջկոտությամբ:
5 տարի առաջ էր, Սուրենը ժամանել էր Ռուսաստանից, ցանկանում էր արձակուրդներն անցկացնել հայրենի քաղաքում և տեսնել հարազատներին: Ապրում էր հորաքրոջ տանը, որը գտնվում է տիկին Գայանեի հարևանությամբ: Տիկին Գայանեն Անժելայի տատիկն է, ով միայնակ էր ապրում իր սեփական առանձնատանը՝ միայնությունը նախընտրելով աղմուկից և մարդկանց հետ շփումից:
«Սուրոն տատիիս ամենալավ հյուրն էր: Նրա խնդրանքով պատմում էր Ռուսաստանի կյանքից, մարդկանցից… տատս մեծ հետաքրքրությամբ լսում էր նրան ու չգիտես ինչո՞ւ միշտ հիշում էր սովետական կյանքը,-պատմում է աղջիկը, հավելում է,- շատ բարի էր, միշտ օգնում էր տատիկիս, երբ ես կամ եղբայրս այնտեղ չէինք լինում: Տատս հաճախ էր նրան խնդրում տան կահույքը տեղափոխել, երևի ձաձրանում էր միօրինակությունից»: Սուրենին առաջին անգամ հանդիպում է տատիկի տանը. «Նրան սուրճ հուրասիրեցի. ասաց, որ այսքան համեղ սուրճ երբեք չէր խմել, մենք զրուցեցինք, այնքան հաճելի ձայն ուներ և այնքան հետաքրքիր էր խոսում, որ ես, շատախոս լինելով, լսում էի նրան»: Այդ ժամանակ Անժելան սովորում էր ավարտական դասարանում: Տղայի այն հարցին, թե ինչով է զբաղվելու դպրոցն ավարտելուց հետո, աղջիկը պատասխանում է՝ վարսավիրությամբ. «Զգացի, որ ինձանից ուրիշ պատասխան էր ակնկալում, հայացքում մի տեսակ հիասթափության նման մի բան նկատեցի. գուցե ուզում էր, որ ասեի, թե գործերս տալու եմ Բժշկանան համալսարան կամ Տնտեսագիտական համալսարան, ինչպես այն ժամանակ էր մոդա…»: Տղան նրան խորհուրդ է տալիս լրջորեն մտածել ուսման մասին: Ինքն ավարտել էր Իրավաբանության ֆակուլտետը, պատրաստվում էր շարունակել ուսումը մագիստրատուրայում:
Քնելուց առաջ աղջիկը երկար մտածում է տղայի մասին. «Երբեք այդպիսի զգացում չէի ունեցել, մտքիցս դուրս չէր գալիս, իսկ սիրտս շատ արագ էր բաբախում… աչքերսի առաջ նրա բարի, խելացի հայացքն էր, և ես կարծես լսում էի նրա ձայնը, ես ինձ պատկերացնում էի նրա ընկերուհին ու ամաչում էի, որ նման բաներ եմ մտածում»,-պատմում է Անժելան: Հաջորդ հանդիպման ժամանակ ինքն անձամբ է տղային առաջարկում է զբոսնել այգիում՝ համոզված լինելով, որ Ռուսաստանում մեծացած տղան սխալ կարծիք չի կազմի իր մասին: Անջելան տեղեկանում է, որ նա ընկերուհի չունի, ինչն ավելի է գոտեպնդում իրեն. «Ինձ հետ կատարվում էր մի բան, որին հնազանդորեն ենթարկվում էի, սիրահարված էի, ուզում էի, որ նա էլ ինձ սիրեր…»:
Կարդացեք նաև
Ի պատասխան այդ հանդիպմանը ՝ տղան առաջարկում է հաջորդ անգամ միասին գնալ սրճարան, աղջիկն ուրախությամբ համաձայնում է. «Նրա հետ ես չէի նկատում, թե ինչպես են ժամերն անցնում: Ես պատրաստ էի ամբողջ օրս նվիրել նրան»:
Մեկ ամիս անց աղջիկն առաջին հարվածն է ստանում: Սուրենն ասում է, որ պիտի վերադառնա Ռուսաստան: Անժելայի այն հարցին, թե արդյոք չի պատրաստվում վերադառնալ հայրենիք կամ արդյոք չկա ինչ-որ պատճառ, հանուն որի մնա հայրենիքում, տղան պատասխանում է. «Ես հիմա միայն ուզում եմ լիարժեք ուսում ստանալ, դասերս շուտով կսկսվեն, գուցե հետագայում գամ… իհարկե, քեզ շատ կկարոտեմ, ինչպես իմ հարազատներին, բայց մինչ գալս ես գիտեի, որ պիտի գնամ»: «Ես ինձ վիրավորված զգացի, զգացմունքներս էին վիրավորվել, մյուս կողմից էլ չէի հավատում, որ նա անտարբեր է»,-ասում է Անժելան:
Տղայի մեկնելուց 3 օր առաջ աղջիկը նրան ակնարկում է իր զգացմունքների մասին, տղան հասկանում է ակնարկը և իր հերթին խորհրդավոր կերպով ասում. «Ես գնում եմ սովորելու, նույնն էլ քեզ խորհուրդ կտամ, մտածիր կրթությանդ մասին, այն քեզ շատ է պետք գալու, մյուս անգամ, երբ գամ, հուսամ, որ դու արդեն հաջողությունների հասած կլինես»:
Այդ տարի Անժելան չի մասնակցում ընդունելիության քննություններին, սակայն հաջորդ տարի ընդունվում է իսպաներեն թարգմանչության բաժին: Այժմ նա աշխատում է նոտարական գրասենյակներից մեկում որպես թարգմանչուհի: Նպատակադրվել է՝ հաջորդ տարի մեկնել Իսպանիա: Սիրտն ազատ չէ, բայց զուգընկեր չունի. «Այն ժամանակ սկսեցի սովորել, քանի որ նա էր այդպես ուզում, ես ընկճված էի ու հուսահատ, կարծում էի՝ եթե սկսեմ սովորել, իսկ նա էլ ավարտի ուսումը, կգա, մենք միասին կլինենք, սակայն սովորելու ընթացքում հասկացա, որ ինձ պետք չէ նրա բծախնդիր սերը: Նա ինձ համար այլևս խելացի տղա չէ, հիմար պետք է լինել չափանիշներով առաջնորդվելու համար: Ես դեռ նրան չեմ մոռացել, վերջիվերջո նրան եմ շնորհակալ այն բանի համար, ինչին հասել եմ՝ առաջին հերթին իմ կայացման համար»,-ասում է Անժելան:
Նազենի Բաղդասարյան
Դու շատ ճիշտ ես վարվել, խելացի աղջիկ ես, կեցցե՛ս 🙂