«Պարոն Ալեքսանյանը մի անգամ արդեն պատասխանատվություն կրել է «Փակ շուկայում» խախտումներ անելու համար». Դավիթ Օհանյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու առաջարկը հունիսի 15-ին ավագանու արտահերթ նիստում կքննարկվի: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի կայքէջը:
Վերջերս տարածված՝ Դավիթ Օհանյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին լուրերը, վարչական շրջանի ղեկավարի համար նորություն էին: Արդեն պաշտոնապես այս մասին հայտարարելը որքանո՞վ էր անակնկալ, Aravot.am-ի այս հարցին՝ Դավիթ Օհանյանը պատասխանեց. «Երդմնակալությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտեցավ ինձ եւ այդ մասին ասաց: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Տարոն Մարգարյանի հետ: Ես 17 տարի նույն բնագավառում եմ աշխատում, 5 տարի վարչական շրջանի ղեկավար եմ եղել, եւ կարող եմ իմ գիտելիքներով օգտակար լինել ավելի լավ Երեւան ունենալու գործում»:
Aravot.am-ի այն հարցին էլ` պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, փոխքաղաքապետ դառնալուց հետո ինչպիսի՞ որոշումներ կկայացնի պարոն Ալեքսանյանի` «Փակ շուկայի» հարցում, պարոն Օհանյանն ասաց. «Մենք ունենք նախընտրական ծրագիր եւ խոստումներ, ամեն ինչ անելու ենք ավելի լավ Երեւան ունենալու համար»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանն էլ, որ «Փակ շուկայի» շինարարության ընթացքում կառուցապատողը` Սամվել Ալեքսանյանը, պարբերաբար խախտումներ է անում, արդյո՞ք Դավիթ Օհանյանի «ձեռքը կգնա» իր ընկերոջ դեմ որոշումներ կայացնելու հարցում, ապագա փոխքաղաքապետն ասաց. «Պարոն Ալեքսանյանը մի անգամ արդեն պատասխանատվություն կրել է «Փակ շուկայում» խախտումներ անելու համար: Դեպքերից առաջ չընկնենք, սպասենք նիստին, բայց բոլոր իրավախախտները կպատժվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ