Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ վաղը կշարունակվի ԱԻՄ առաջնորդ,ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական հերթական նիստը:
Կհետազոտվեն գործում եղած ապացույցները:Ապա դրանից հետո ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը ցուցմունքներ կտան:
Այսօր ավարտվեց տուժող Պարույր Հայրիկյանի ցուցմունքը:
Ամբաստանյալների պաշտպաններից տուժողին հարց չտվեց միայն ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը:Իսկ ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը հայտարարեց, որ որպես ապացույց պիտի ճանաչել վկայի այն հայտարարությունը, համաձայն որի Հայրիկյանի ձեռքի պայուսակը «մի քանի վայրկյան օդում է մնացել»:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանը ասաց.«Պարույր Հայրիկյանը չասաց, թե պայուսակը վայր է ընկել:Այլ, որ ինքը ետ- ետ է գնացել , իսկ պայուսակը, չի նստել-հաշվել, թե որքան ժամանակում ընկավ:Պայուսակը վերջում վայր է ընկնում»: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ հարցը կոռեկտ չի, եւ հարց տվեց, թե ինչ կապ ուներ ասվածը ապացույց գնահատելը:
Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանն ասաց, որ գլխացավեր ունի, շաքարը բարձր է, ընդունել է դեղորայք, իսկ բժիշկն էլ ասել է՝ պառկել:
Պարույր Հայրիկյանը իր խոսքում մի քանի անգամ ասաց, որ մարդկայնորեն ներում է նստածներին, գոհ կլինի, որ բոլորն ազատ լինեն:Նա, անդրադառնալով էպոսագետի այն հայտարարությանը, թե իր մեքենան ավելի թանկ արժե, քան Հայրիկյանը, ասաց, որ Վարդան Սեդրակյանն այն վիճակում չէ, որ ինչ-որ բան հիմա ասի, բայց նաեւ հայտնեց, որ զարմանք է ապրել,թե ինչպես կարող է առհասարակ մարդն իր մեքենան,իրը ավելին դասել, քան մարդուն:Նա ասաց, որ երբ լսել է Վարդան Սեդրակյանի այս հայտարությունը, մտածել է, որ «անառողջ մարդու անառողջ դատողություն է»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ