Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Վարդգես Պետրոսյանն ու Համբարձում Գալստյանն էլ սպանվեցին շքամուտքում»

Հունիս 12,2013 17:29

Dat_Hayrikyan_0002 Dat_Hayrikyan_0001Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, տուժող Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի աջ ձեռքին ձեռնոց էր, իսկ նրա մտերիմները Aravot.am-ին հայտնեցին, որ աջ ձեռքի մատները նա դժվարությամբ է շարժում: Ի դեպ, դա տեսանելի եղավ այն ժամանակ, երբ Հայրիկյանը մոտեցավ դատական նիստերի քարտուղարին եւ իր ստորագրությունը դրեց առաջարկվող փաստաթղթի տակ: Հայրիկյանն ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչել եւ գործի բերումով է ճանաչել նախագահական ընտրությունների ժամանակ մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին: Նա հայտնեց, որ որեւէ մեկի նկատմամբ թշնամական վերաբերմունք չունի:

Մինչ իր ցուցմունքին անդրադառնալը, նա հայտնեց, որ գործի հետ էականորեն կապ ունի իր անցած ճանապարհը եւ հայտնեց, որ երեք անգամ է առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ներկայացրեց իր քաղաքական գործունեությունը Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադրման ժամանակ, հայտնեց, որ անցյալում 17 տարուց ավելի անցկացրել է աքսորավայրերում, իսկ այն մարդիկ, որոնք ժամանակին իր նկատմամբ գործ են հարուցել, գրավոր ներողություն են խնդրել եւ որ ինքը հետագայում արդարացվել է: Ի դեպ, ներկայացնելով իր անցյալը, նա հայտնեց նաեւ, որ իրեն տեղափոխել էին թմրամոլների կալանավայր եւ խնդիրն էր թմրամոլների միջոցով իրեն կյանքից զրկելը: Հայրիկյանն ասաց, որ թվում էր ժամանակներն անցել են, սակայն երբ առաջադրվեց նախագահական ընտրություններում, իր զինակիցներից ահազանգ էր ստացել, որ իրեն հետեւող մեքենաներ կան: Նա հայտնեց, որ մշտապես զենք է կրել, սակայն դեպքի օրը (հունվարի 31) զենք չի կրել, քանի որ անհրաժեշտություն չի եղել:

Նորից վերհիշելով դեպքի օրը, նա նկարագրեց, թե ինչպես է մոտեցել իրենց բակի մուտքին, կանգնեցրել մեքենան, երբ փորձել է մտնել շքամուտք, հիշել է, որ ձեռքի պայուսակը մնացել է մեքենայում: Վերադարձել է, վերցրել պայուսակը: «Իմ դիմաց կանգնած էր մեկը՝ մեկնված ձեռք էր: Հասկացա, որ զենք էր: Մի քանի վայրկյանի ընթացքում գոռացի, լսվեց կրակոց, ցավ զգացի կրծքավանդակումս»,- ասաց տուժող Պ. Հայրիկյանը: Նա ասաց, որ փորձել է մանեւրել, հենվել է հարեւանի մեքենային, որի ազդանշանը միացել է, բղավել է՝ օգնեցեք: Հետեւել է երկրորդ կրակոցը:

Հայրիկյանը ցույց տվեց, թե ով է եղել իրեն կրակողը: Դա ամբաստանյալ  Խաչատուր Պողոսյանն էր, որը ռեպլիկի կարգով նկատեց. «Աֆղանստանում կռված տղան չէր կարող վրիպել», ինչին Հայրիկյանը պատասխանեց. «Դուք չեք վրիպել, դուք ցանկացել եք սպանել մոտ տարածքից: Այդպիսի զենքով, այդպիսի տարածության վրա կրծքավանդակին կրակելը նշանակում է սպանություն: Ձեր պարագայում դարձել է փորձ: Նրանք, ովքեր ձեր պատվերը տվել էին, գիտեն, որ Պարույր Հարյիկյանը վախեցողներից չէ: Վախեցնել նշանակում է ահաբեկել: Խնդրում եմ այդ բառի հետ զգույշ լինել»:

Հայրիկյանը դատարանում նաեւ հիշեց մի դրվագ, որը, ինչպես ինքն ասաց, նախաքննության ժամանակ մոռացել էր: Նա ասաց, որ դեպքից մի քանի օր առաջ մի երիտասարդ աստիճաններով բարձրացել է եւ այդ երիտասարդը չի բարեւել ու անցել է: Դա իր համար կասկածելի է եղել, քանի որ հիշել է, որ նույն իրենց տան շքամուտքերում Վարդգես Պետրոսյանն ու Համբարձում Գալստյանը նույն կերպ են սպանվել:

Ըստ Պ. Հարյիկյանի, այս գործով անցնող մարդիկ դժբախտ են, որովհետեւ մեկը կրակել է,  մեկը շահի համար է գործել, մեկը պատվեր է կատարել չար ուժերի, որոնք փորձել են իրեն սպանել՝ լռեցնել: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից  ԱԻՄ գրասենյակների փակելը քաղաքական սպանություն էր, եւ որ 1992թ. սկսած երեք անգամ մահափորձ է եղել իր նկատմամբ, հարուցվել է քրեական գործ, սակայն դրանք չեն բացահայտվել:

Ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը հարցրեց, թե կապ կա՞ արդյոք իր եւ 92 թվականից հետո երեք մահափորձերի միջեւ: Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես Վարդան Սեդրակյան անունը չեմ տվել: Դա կապված է իմ քաղաքական գործունեության հետ»:

Դատարանը հայտարարել է կարճ ընդմիջում:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930