Լրահոս
Օրվա լրահոսը

 Տիգրան Սարգսյանը՝ Միջերկրական ծովի ափին իր դղյակի, դղյակում իր երեխայի եւ հարեւանների մասին

Հունիս 12,2013 16:37
Tigran Sargsyan

Այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացատրություններ տալով օֆշորային իր ձեռնարկության շուրջ սկանդալի մասին՝ վստահեցրեց, որ երկար տարիներ աշխատելով՝ սովորել է նման քննադատությունները թեթեւ տանել:

Վարչապետի խոսքերով. «Ես հանգիստ եմ վերաբերվում այդ մեղադրանքներին, որովհետեւ սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ առաջին: Երբ որ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ, սնանկացնում եմ բանկերին՝ ունենալով մեկ նպատակ՝ դառնալու այդ բանկերի սեփականատեր: Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ Միջերկրական ծովի ափին ես ունեմ դղյակ: Ավելին, ժուռնալիստները գնացել էին, դղյակի նկարներն էին բերել, նաեւ հարցազրույց էին արել հարեւանների հետ, որոնք հավաստիացրել են, ասել են այո, այդ դղյակում երեխա կար փոքր: Եվ քանի որ վարչապետն ուներ երեխա, ուրեմն դա հենց իր երեխան է: Ապագայում այդ մեղադրանքներն էլ հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցին նոր մեղադրանքներ՝ «Նաիրիտ» գործարանի մասին: Պարզվում է, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատերն եմ ես: Նմանատիպ օրինակներ կարելի է շատ բերել»:

Ըստ Տիգրան Սարգսյանի, դեմոկրատական զարգացումը սա ենթադրում էր, եւ իրենք գիտակցաբար են գնացել այդ ճանապարհով. «Մեր կառավարության հետեւողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք եւ կիրառում ենք կարեւորագույն մի օրենք, այն է, որ 500 բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ունեցվածքը պետք է դարձնեն հանրային հսկողության առարկա: Մենք ինքներս գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով: Մեզ այդ ժամանակ շատերն ասում էին՝ մի արեք դա, որովհետեւ դա դառնալու է քաղաքական սպեկուլյացիայի առարկա: Բայց սա ճիշտ ճանապարհ է, որպեսզի ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ ի սկզբանե կաշկանդված լինի՝ իմանալով, որ խոշորացույցով են նայելու նրա գործունեությանը, ունեցվածքին, եկամուտներին: Ես ուրախ եմ, որ թիրախն այսօր ես եմ: Ես պետք է պատրաստ լինեմ ապագայում էլ նման մեղադրանքների, պետք է պատրաստ լինեմ ներկայացնել բավարար ապացույցներ, եթե գործ ունեմ զրպարտության, տարբեր  տիպի քաղաքական սպեկուլյացիաների հետ: Դեմոկրատական հասարակությունը սա ենթադրում է, եւ դա անխուսափելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930