Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԻՄ-երը հաշմանդամ մարդու մասին որոշում են ընդունում առանց նրան լսելու (Տեսանյութ)

Հունիս 12,2013 16:02

Hashmandam hashmandam-3Անմատչելի տրանսպորտը, փողոցներն ու շենք-շինությունները խտրական վերաբերմունքի արտահայտություն են հաշմանդամ մարդու նկատմամբ:

Հատկապես մարզերում հաշմանդամ մարդկանց իրավունքներն ավելի շատ են խախտվում. ավագանին, տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի բնակիչներին առնչվող որոշումներն ընդունելիս որեւէ հաշմանդամ մարդու կարծիք հաշվի չեն առնում եւ ընդհանրապես նրանց չեն ընդգրկում այդ որոշումների կայացման գործընթացում:

Այսօր «կոնգրես» հյուրանոցում «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագրի ներկայացման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ունիսոն» հաշմանդամ մարդկանց հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Եռամյա տարածաշրջանային ծրագրի նպատակն է աջակցել ՏԻՄ-երին եւ քաղաքացիական հասարակությանը, որպեսզի միասին իրականացնեն որոշումների կայացման գործընթացը` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու կարիքները: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից` տարածքային կառավարման եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ: Տարածքային կառավարման փոխնախարար

Վաչե Տերտերյանի խոսքերով` «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նեռառական ծրագիրը մեր համայնքներում իրականանա»: Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ տեղական մարմինները ծրագիրը հաջողությամբ կիրականացնեն, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը վստահեցրեց, որ բոլոր հատվածները` պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ ներգրավված են լինելու այդ ծրագրի կատարման գործում եւ այդ ներառական մոտեցումը կապահովի ծրագրի հաջող ավարտը:

Արմեն Ալավերդյանի խոսքերով, ծրագիրը կոչված է նպաստելու հաշմանդամ մարդկանց իրավունքների իրազեկմանը եւ չնայած ՀՀ սահմանադրությունը արգելում է խտրականություն, բայց հաշմանդամ մարդիկ մեր երկրում ամեն քայլափոխի հանդիպում են խտրական վերաբերմունքի, ըստ նրա, ամենուրեք անմատչելի փողոցներ են, ժամանցի կենտրոններ ու տրանսպորտ:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե վերջապես ե՞րբ են իրականանալու քաղաքային իշխանությունների խոստումները մատչելի տրանսպորտի վերաբերյալ: Պարոն Նավասարդյանն ասաց, որ համագործակցում են մի քանի ընկերությունների հետ, որոնք Երեւան քաղաքի տրանսպորտը տեխնիկապես պետք է հարմարեցնեն հաշմանդամ մարդկանց համար: Նրա մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում.

Aravot.am-ի հարցին, թե քաղաքաշինության մեջ հիմնականում անտեսվում են շենքերը հաշմանդամություն ունեցող մարդկան համար մատչելի կառուցելու միջազգային կառույցների պահանջը, որոնց կոնվենցիաները մենք վավերացրել ենք: Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Մեսրոպ Հարությունյանը, որը նույնպես մասնակցում էր ծրագրի ներկայացման, վստահեցրեց, որ արդեն բոլոր ճարտարապետահատակագծային առաջադրանքներում թեքահարթակները պարտադիր պայման են կառուցապատողի առաջ. «Նախագծման շահագործման ժամանակ այդ բոլորը հաշվի ենք առնում, արդեն կառուցվածները նույնպես աստիճանաբար հարմարեցվում են, պարզապես  մի քիչ ֆինանսական խնդիրների հետ են կապված: Քաղաքապետարանը նոր կառուցվող օբյեկտների մասով վերահսկում է այդ ամենը իրագործվել է թե ոչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Հնարավոր է ձայնագրության տեքստը հրապարակել? Ձայնը շատ վատն է, ու գրեթե անհասկանալի է բանախոսի խոսքը:

    Նախապես շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930