Ինֆորմացիոն շուկայում մնալը ավելի բարդ է դարձել՝ նշում են ԶԼՄ-ների ղեկավարները Անցյալ շաբաթ Լեհաստան մեկնած հայ լրագրողների խումբը այցելեց Լեհաստանում մեծ ժողովրդականություն վայելող «Լեհական ռադիոյի» (Polskie Radio) խմբագրություն, որտեղ հանդիպեցինք ռադիոկայանի տնօրենի տեղակալ Գրիգորի Ստրանցի եւ գործակալության գլխավոր խմբագիր Ագնիեզկա Լեո-Սիելիցկայի հետ:
Ամենացայտուն առավելությունը մյուս լրատվամիջոցներից այն էր, որ ՙԼեհական ռադիոն՚ արտերկրում ուներ մեծ թվով՝ 25 թղթակիցներ: Գրիգորի Ստրանցը նշեց, որ Վարշավայում աշխատում են շուրջ 30 լրագրողներ, ունեն նաեւ աշխատակիցներ, որոնց հետ համագործակցում են եւ թարմ տեղեկություններ ստանում: Շուրջ 450 լուրեր են թողարկում օրվա 12 ժամերի ընթացքում, որոնց կեսից ավելին արդեն իսկ ձայնային ռեպորտաժներ են։ Լեհաստանի տարածքում, բացի Վարշավայում գործող կայանից, գոյություն ունեն եւս 18 ռադիոկայաններ: «Լեհական ռադիոն» (համագործակցում է նաեւ մի շարք անկախ ռադիոկայանների հետ, որոնց հետ ունեն համագործակցության պայմանագրեր, եւ այս կերպ Լեհաստանի ողջ տարածքից նրանք ստանում են տեղեկություններ: Մարզային ռադիոկայանները, առցանց կայքերը եւս օգտվում են եւ գնում են ՙ «Լեհական ռադիոյի» արտադրանքը, այդ ռեպորտաժները թողարկվում են ՙԼեհական ռադիոյի՚ տարբերանշանով, եւ այս կերպ նրանք ե՜ւ գումար են ստանում վաճառքից, ե՜ւ լրացուցիչ գովազդի առիթ է ստեղծվում՝ սեփական տարբերանշանով նյութերը այլ կայքերում տարածելու շնորհիվ:
Որեւէ այլ գործակալություն չունի նման հսկայական տեղեկատվական ծառայություն՝ վստահեցնում էին «Լեհական ռադիոյի» ղեկավարները: «Մեր ռադիոգործակալությունը պատուհան է դեպի աշխարհի մասին գիտելիք»՚- նշեց Գ. Ստրանցը: ՙԼեհական ռադիոյի՚ եթերը ինտերնետում անվճար է, կայքում տեղադրված են եւ ձայնային, եւ տեքստային, եւ մուլտիմեդիոն ռեպորտաժներ, 12 ժամ կենդանի եթեր է, 12 ժամ առավել հետաքրքիր հաղորդումները խմբագրվում, լրացվում եւ տեղադրվում են կայքում, իսկ ունկնդիրը կարող է լսել ցանկացած հաղորդում՝ ցանկացած րոպեից սկսած։ Այս ձեւով ստեղծվում է հաղորդումների արխիվը։
Ո՞ւմ համար է աշխատում «Լեհական ռադիոն», ովքե՞ր են նրա ունկնդիրները։ «Լեհական ռադիոյի» ղեկավարները նշեցին, որ դրանք մարդիկ են, ովքեր սպասում են տեղեկությունների, որոնք առնչվում են կոնկրետ իրենց եւ իրենց ընտանիքի անդամներին, այդ իսկ պատճառով նույնիսկ ինչ-որ օրենքի մասին տեղեկատվությունը պետք է մատչելի դարձնել, բացատրել, թե այդ օրենքի ընդունման դեպքում ինչ առավելություն կունենա ռադիոունկնդիրը, որպեսզի նրան հետաքրքիր լինի այդ տեղեկությունը լսել:
Երաժշտության ընտրությունն էլ «Լեհական ռադիոյի» եթերում բավական մանրակրկիտ է ընտրվում: Գրիգորի Ստրանցը նշեց, որ ՙԼեհական ռադիոն՚ առավելապես ունկնդրում են աշխատանքի վայրերում, բարձրագույն կրթություն ստացած մարդիկ, որոնք աշխատավայրերում հարմարավետություն զգալու կարիք ունեն, ուստի նրանց հրամցնում են հանգիստ երաժշտություն, որպեսզի ունկնդիրները աշխատավայրերում երաժշտության միջոցով կարողանան հանգստանալ՝ հիմնական տեղեկատվական բլոկը լսելուց առաջ: «Մեր նպատակն է ունկնդիրներին ներկայացնել աշխարհը եւ չսպանել նրանց տեղեկատվական տարափով»,- նշեց «Լեհական ռադիոյի» տնօրենի տեղակալը։
«Լեհական ռադիոն» ունի ռուսերենով, ուկրաիներենով, գերմաներենով, անգլերենով հեռարձակումներ, ինչպես նաեւ հաղորդումներ լեհական սփյուռքի համար, այդ թողարկումները հեռարձակվում են երկու լեզվով՝ լեհերեն եւ տվյալ երկրի պաշտոնական լեզվով: «Լեհական ռադիոյի» ղեկավարները նշեցին, որ գովազդի տեղադրման առումով ռադիոն եւ հեռուստատեսությունը որոշակի անկում են ապրել, առավել նախընտրելի են թերթերն ու առցանց կայքերը, իսկ վերջինի դեպքում գովազդը հնարավոր է դիտել սմարթֆոնների եւ թաբլեթների վրա:
Ինչ վերաբերում է քաղաքական հաղորդումներին ու լուրերին, ապա «Լեհական ռադիոն» փորձում է հնարավորինս խուսափել քաղաքական մանրամասներից, եւ օրինակ՝ երբ որեւէ քաղաքական գործչի են հրավիրում ռադիոկայան, ապա նրան ներկայացնում են որպես օրինակ՝ Սեյմի ներկայացուցիչ, անգամ նրա քաղաքական կուսակցությունը չեն նշում:
Հաջորդ հանդիպումը Լեհական մամուլի գործակալության՝ PAP-ի (Polska Agencja prasowa) գլխավոր խմբագրի տեղակալ Միրոսլավ Խարասիմի հետ էր: Նա պատմեց, որ այսօրվա սպառողներն ավելի նրբանկատ են դարձել, ինֆորմացիայի նկատմամբ պահանջները փոխվել են՝ սպառողները ցանկանում են իմանալ եւ ունենալ ամեն ինչ, տեղեկատվությունը՝ տարբեր ֆորմատներով, բայց վճարել քիչ: «Ինֆորմացիոն շուկայում մնալը ավելի բարդ է դարձել, իսկ դա նշանակում է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի ավելի հետաքրքիր մատուցես արտադրանքդ»,- նկատեց Մ. Խարասիմը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ