«Խտրականության մարտահրավերները ֆորում թատրոն» միջազգային ծրագիրը, որի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական երիտասարդական «Ոստայն»-ը (WostAYN)՝ Ուկրաինայի «EkoArt» երիտասարդական կենտրոնի, Ռումինիայի Vira Association-ի, Բուլղարիայի YMCA-DOBRICH-ի, Մոլդովայի TENDO և Թուրքիայի Dortyol Engelliler Genclik ve Spor Kulubu-ի հետ համատեղ Երևանում անցկացրեց մի ծրագիր, որի նպատակն էր նպաստել միջմշակութային շփմանն ու փոխըմբռնմանը, հնարավորություն ընձեռել եվրոպական երկրներից ժամանած երիտասարդներին համատեղ վերհանել իրենց երկրներում առկա երիտասարդական հիմնախնդիրները և ներկայացնել դրանք ֆորում թատրոնի միջոցով:
Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան իրենց երկրների մշակույթով, սովորույթներով, լեզվով և բարձրաձայնեցին իրենց շրջանում առկա հիմնախնդիրների մասին: Իսկ ահա բեմականացումներից մեկում մասնակիցները ներկայացրեցին երիտասարդ աղջիկ լրագրողի ` ով, չունենալով աշխատանքային փորձ, ցանկանում էր աշխատանքի ընդունվել թերթերից մեկում, սակայն գլխավոր խմբագիրը ,առիթը բաց չթողնելով սիրահետում էր աղջկան և փորձում էր որոշակի ճնշում գործադրել: Երիտասարդները հանդիսատեսի հետ միասին փորձեցին բեմականացմանը այլ ընթացք տալ և հանդիսատեսից մեկը` բեմ բարձրանալով, ինտերակտիվ թատրոնի մասնակիցը դարձավ և իր բեմական խաղի միջոցով փորձեց խմբագրին իր իսկական «տեղը» ցույց տալ:
Ինչպես նշեց «Ոստայնի» նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ ծրագրի հիմնական նպատակն է ուղղորդել ծրագրի 31 մասնակիցներին՝ պայքարելու խտրականության տարբեր դրսևորումների դեմ, աջակցել երիտասարդներին և նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն) հիմնադրվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին Երևանում: 2009 թ. Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Օվսաննա Սիմոնյան