Ֆիլմ՝ Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի մասին
Հունիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված են Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերը և փոքրիկ Լենայի իրական պատմությունը, ով փրկվում է ջարդերից, գերի ընկնում, այնուհետեւ 129 օր ապրելով ադրբեջանցի մի ծեր կնոջ տանը, ի վերջո վերադարձվում հայկական կողմին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրամատուրգ, ֆիլմի սցենարիստ Կարինե Խոդիկյանը պատմում էր իր զգացողությունների մասին, երբ գրել է սցենարը: Անկեղծանում է. «Սա այն թեման է, երբ պատերազմը դառնում է միջոց՝ մարդու ճակատագիրը բացահայտելու համար»:
Սցենարիստը պատմեց որոշ դրվագներ ֆիլմից` ներկայացնելով երեխայի հոգեբանությունը: «Սկզբնական շրջանում ցանկանում էինք միայն պատմել երկու մարդկային կյանքի ճակատագիր, բայց քանի որ ֆիլմը պատերազմի մասին է, ներկայացրեցինք մի քանի դաժանության դրվագներ ևս»,- ասում է Կարինե Խոդիկյանը:
Կարդացեք նաև
Վերնագրի ընտրությունը հեշտ է եղել: Սցենարիստը սկզբում վերնագրել էր «Լենա», իսկ «Ընդհատված մանկություն» անունը առաջարկել է գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորը ֆիլմում ներկայացրել է մարդկային ճակատագրեր, պատմություններ պատերազմի ընթացքում: «Թեկուզ առանց ողբերգական դրվագների, երկու թշնամի կանանց հարաբերությունների մեջ արդեն պատերազմ կա: Տիկին Խոդիկյանը շատ ճիշտ նկարագրել է. լուռ, միայն շարժումներով պատերազմ»,-բացատրում է Ջիվան Ավետիսյանը: Ու ավելացնում. «Ադրբեջանում ֆիլմի մասին չգիտեն, բայց պրեմիերայից հետո արդեն կիմանան»:
Իսկ Տիկին Խոդիկյանի միակ ցանկությունն այս է. «Հանդիսատեսը դուրս գա՝ ատելով պատերազմը»:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ