Այս տարի նախագահի նախընտրական խոստումներից էր նաեւ Եղվարդի ջրամբարի կառուցումը. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումների ժամանակ եղվարդցիներին խոստացել էր, որ Եղվարդի՝ դեռեւս խորհրդային տարիներից սկսած ու մինչ օրս կիսատ մնացած հսկայական, լուրջ ռազմավարական ու տնտեսական խնդիրներ լուծող ջրամբարը պետք է կառուցվի: Մինչ նախընտրական խոստումները՝ այս ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաներ բազմիցս են խոսել, սակայն անգամ ծրագիր ներկայացնելուց հետո այն այդպես էլ մնում է կիսատ ու եղվարդցիների բնորոշմամբ՝ «թասանման» անտերության մատնված տարածք:
ԱՄՆ-ի եւ Հայաստանի քաղաքացի Արմեն Վարդանյանը, օրինակ, վաղուց արդեն Եղվարդի ջրամբարի կառուցման ու դրա հարակից տարածքները զարգացնելու՝ որպես զբոսաշրջության կենտրոն, ծրագիր է մշակել եւ ներկայացրել համապատասխան մարմիններ, բայց որեւէ արձագանք մինչ օրս չկա: Ըստ ՙԼճափնյա հանգստավայրեր Հայաստանում՚ ծրագրի՝ ոչ միայն ջրային ռեսուրսների պահեստավորման ու հսկայական տարածքների ոռոգման խնդիրն է լուծվելու, այլեւ նախատեսվում է հարակից տարածքում հյուրանոցային համալիր կառուցել: Ինչպես նշված է Արմեն Վարդանյանի ծրագրում՝ ջրամբարի կարեւոր աշխատանքների 50%-ը կատարված է, այս ջրամբարում հնարավոր կլինի պահեստավորել 230 միլիոն խորանարդ մետր, որը 25%-ով կավելացնի Հայաստանի ջրի պահեստավորումը, իսկ սեյսմիկ տեսանկյունից այն ամենաապահովն է: Բացի այդ, ծրագրում պարոն Վարդանյանը նաեւ նշել է. «Ջրամբարն ունի 1000 հեկտար հայելի, որից ջրի գոլորշիացման մակարդակի շնորհիվ զգալիորեն կավելանա տեղանքի, հարակից տարածքների ու Երեւանի օդի խոնավության մակարդակը՝ ստեղծելով բարենպաստ բնակլիմայական պայմաններ»: Ծրագրի թերեւս ամենագրավիչ ու կարեւոր կետն այն է, որ այս լիճ-ջրամբարի շնորհիվ հենց այդ տեղանքում նախատեսվում է կառուցել հանգստյան գոտի՝ հյուրանոցով, ռեստորաններով ու ժամանցի կենտրոններով: Օրինակ՝ Եղվարդից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Արայի լեռան հյուսիս եւ արեւելյան հատվածում, որտեղ անտառային տարածքներ կան, ծրագրով ցանկություն է հայտնվում կառուցել լեռնադահուկային սպորտկենտրոն: Արմեն Վարդանյանը բազմաթիվ մանրուքներ է հաշվի առել տարածքն իսկապես զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար, նույնիսկ սփյուռքահայերի նախասիրությունները. օրինակ՝ Արարատ լեռան ու Հրազդանի ու Քասախի կիրճերի գեղեցիկ տեսարանները, բացի այս, նաեւ Եղվարդին մոտ է նաեւ Բյուրականի աստղադիտարանը, որը հեղինակը նախատեսում է վերանորոգել, ընդ որում՝ նախատեսվում է նաեւ մի շարք պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը, որպեսզի այդ տարածքը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ լինի: Եվ ի վերջո՝ ծրագրի իրականացման ընթացքում եւ հանգստյան գոտին արդեն շահագործելուց հետո հազարավոր աշխատատեղեր կբացվեն:
Եղվարդցիները, որոնք քաջատեղյակ են ու ոգեւորված ծրագրից, միաժամանակ նաեւ հուսահատ են: «Առավոտի» հետ զրույցում մի քանի եղվարդցիներ կարծիք հայտնեցին, որ ջրամբարի մասին խոսվել է միայն նախընտրական շրջանում. «Բայց հետո իշխանությունները ոնց որ թե թքած ունեն եղվարդցիների, ջրամբարի ու ծրագրի վրա: Ընտրություններից առաջ եկան, մեզ ոգեւորեցին, հույս տվեցին ու մոռացան մեր մասին: Իսկ էդ ծրագրից հա՜մ մեր վիճակը կլավանա, հա՜մ էլ, ինչու չէ՝ ամբողջ հանրապետության»:
Ծրագիրը կարող է ներդրողների համար գրավիչ լինել միայն ջրամբարի կառուցումից հետո, իսկ ամբողջ ծրագրի իրականացման համար մի քանի հարյուր միլիոն դոլար է անհրաժեշտ: Ծրագրի հեղինակի կարծիքով՝ ներդրողներ ավելի հեշտ կլինի գտնել, եթե ՀՀ նախագահի կամ վարչապետի հստակ դիրքորոշումն ու համագործակցության գրավականի մասին հայտարարություն լինի, սա երաշխիք կլինի ու վստահություն կներշնչի գոնե սփյուռքահայ ներդրողների համար:
Զարգացման հայկական գործակալությունը, որը զբաղվում է նաեւ օտարերկրյա ներդրումների խթանմամբ, մի պահ շրջանառության մեջ էր դրել այս ծրագիրը, հետո, այսպես ասած՝ սառեցրել: Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրը նորություն է Հայաստանի համար. առաջարկվող տարրերից մեկն է՝ հյուրանոց կառուցելուց հետո սեփականատերը կարող է վաճառել սենյակները, իսկ սենյակների տերերն էլ կարող են այդ սենյակները վարձակալությամբ տալ հանգստացողներին կամ զբոսաշրջիկներին: Այս կերպ շահավետ կլինի թե ներդրումը, թե գումարի հետ ստացումը: Բացի այդ, հանգստյան գոտին գործելու է ամառ-ձմեռ, ինչը նշանակում է՝ սեզոնային սահմանափակում չի լինելու:
Պարոն Հարությունյանի խոսքերով՝ նախնական հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ 300-350 միլիոն դոլար է անհրաժեշտ. ՙՄենք հույս ունենք, որ ջրամբարի կառուցման մասին շուտով կառավարության որոշում կլինի, եւ դրա կառուցման համար գումարներ կգտնվեն, իսկ ջրամբարի կառուցումից հետո, ես վստահ եմ, հեշտ կգտնենք ներդրողներ՚: Ըստ գործակալության ղեկավարի՝ ծրագիրն արդեն մի քանի արտասահմանյան ցուցահանդեսներին՝ Արաբական Էմիրություններում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում ներկայացվել է, եւ բավականին մեծ է եղել հետաքրքրությունը դրա նկատմամբ:
Ռ. Հարությունյանի խոսքերով՝«Մենք ծրագրի մասին չենք մոռացել, մեր հաշվարկներով՝ եթե ջրամբարը լինի, ապա հնարավոր է 3-4 տարում կառուցել հյուրանոցային համալիր, ապա ժամանցի կենտրոններ: Ծրագիրը փուլային է իրականացվելու, եւ այն, ինչ ներառված է ծրագրում, միանգամայն իրատեսական է, բայց այս ծրագրի գաղափարն ամբողջությամբ կախված է ջրամբարից»:
Ուշագրավն այն է, որ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար մոտ 500 միլիոն դոլար գումարը կարծես թե գտնվում է, ճիշտ է՝ բարերարների միջոցներով, բայց զբոսաշրջության, սոցիալական ու գյուղատնտեսական խնդիրներ լուծող ջրամբարի համար կառավարությունը միջոցներ չի գտնում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ