Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու կերպարից անդին

Հունիս 12,2013 14:36

Կամ՝ ինչպես ադրբեջանցի լրագրողը Աքրամ Այլիսլիին անտաղանդ անվանեց

Վերջերս ՙդրսում՚ մասնակցում էի լրագրողական մի սեմինարի, որտեղ ադրբեջանցի լրագրողներ էլ կային: Երբ առաջին օրը միջոցառման մասնակից երկրների լրագրողները սկսեցին ծանոթանալ, ադրբեջանցի լրագրողները ինձ ու հայաստանցի գործընկերուհուս ընդհանրապես չբարեւեցին, մեզ թշնամի էին ընկալում: Բայց ավելի ուշ, հաղթահարելով որոշ բարդույթներ, նրանցից մեկը, որ աշխատում էր մեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկում, սկսեց ՙբացվել՚: Ասաց, որ մտերիմ հայ ընկեր է ունեցել՝ Սարկիսով ազգանունով, որը Բաքվի դեպքերից հետո ընտանիքով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իսկ մինչ այդ ապրել են նույն շենքի նույն հարկում: Ադրբեջանցի լրագրողը հայ ընկերոջ մասին խոսելիս հուզվում էր, աչքերը լցվում էին. ՙԱսում են՝ հիմա նրանց ընտանիքը, որ Բաքվի հարուստներից էր, ՌԴ-ի հանրակացարաններից մեկում է տեղավորվել՚:
Ադրբեջանի հայտնի լրատվամիջոցներից մեկում աշխատող մյուս գործընկերս ավելի զուսպ էր ու զգուշավոր, նա որեւէ խոսակցության չէր խառնվում, միայն մեր անունները հարցրեց ու իր անունն ասաց: Հարցիս, թե ինչո՞ւ են այդքան թունոտ գրում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի մասին, երկուսն էլ պատասխանեցին, թե իբր իրենց տարածքներն ենք գրավել, ինչը չարացրել է իրենց: Իսկ ես ապարդյուն ուզում էի համոզել, որ Արցախը ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունք ունի, իսկ իրենց դժգոհությունները պարտվածի բարդույթից են բխում:
«Ինչի վրա մատներս դնում ենք, ասում եք հայկական է, հո լուսնի վրա չե՞նք գնալու ապրենք… Ձեր Լեւոն եւ Հրանտ Մելիք-Շահնազարյանները ու մնացածն ասում են, թե մենք քոչվոր ենք, ինչ կա-չկա հայկական է»,-կես կատակ-կես լուրջ բողոքում էր ադրբեջանցի այն գործընկերս, որը ժամանակին հայ ընկեր ուներ:
Բնականաբար, կարծիք հարցրինք ադրբեջանցի հանրահայտ գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազների» մասին: Ադրբեջանցի գործընկերս հայտարարեց, որ փաստերը Այլիսլիի գրքում խեղաթյուրված են, «Քարե երազները» թույլ գրական գործ է, հեղինակն էլ անտաղանդի մեկն է: Ժպտացի՝ մի՞թե իրենց երկրում բոլոր անտաղանդներին ՙԺողովրդական գրող՚ կոչման են արժանացնում: «Նա այլեւս ժողովրդական գրող չէ»,-հպարտությամբ ասաց գործընկերս: Իսկ հարցին, թե հատկապես ի՞նչն էր խեղաթյուրված այդ գրքում, զրուցակիցս պատասխան չուներ:
Մասնավոր զրույցներում նա անչափ անկեղծ էր, բայց ժամանակ առ ժամանակ չարանում էր՝ թե վրեժ կլուծեն, Արցախը ետ վերցնեն, մի քսան տարուց էլ իբրեւ տեր «Շուշա»կայցելի: «Իբրեւ հյուր՝ թերեւս, բայց Արցախի տերը Արցախի ժողովուրդն է»,-ասում էի ես ու փաստում, որ մեր երկրում թշնամու կերպար չենք կերտում:
Մեր զրույցների ժամանակ խոսում էինք հանդուրժողականության մասին, ինքը չէր ընդունում, որ իր հայրենիքում ծով ատելություն ու անհանդուրժողականության հրաբուխ կա հայերի հանդեպ: Ես իբրեւ օրինակ հիշեցրի Բաքվում մեր ըմբիշների ու բռնցքամարտիկների հանդեպ հոգեբանական ճնշումների ու անզուսպ պահվածքի մասին, հակահայ քարոզչությունը, պոռթկումը եւ ազգայնականության տարափը անհնար էր եղել զսպել անգամ Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում հանդես եկող Միշա Ալոյանի եւ Դավիթ Հայրապետյանի հանդեպ:
Զրուցակիցս, բնականաբար, համամիտ չէր ասածների հետ եւ նշում էր, որ նման բան չի եղել: Իսկ ես հավաստիացնում էի, որ եթե ինքը հնարավորություն ունենար Հայաստան գալ, հաստատ որեւէ մեկը չէր վնասի իրեն՝ իմանալով ազգության մասին: Հիշեցրի, որ տարիներ առաջ Երեւանում անցկացվեց Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնություն, որին մասնակցում էին նաեւ ադրբեջանցիներ: Բոլորը գիտեին, որ ադրբեջանցի մարզիկներն ապրում են  «Կոնգրես» հյուրանոցում ու երեկոյան զբոսնում են Հանրապետության հրապարակում, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում նեղացնել նրանց, մինչդեռ Բաքվում հայ մարզիկների գտնվելու վայրը գաղտնի էին պահում:
Ի դեպ, մի անգամ զվարճալի միջադեպ գրանցվեց. համատեղ ճաշկերույթի ժամանակ, ի թիվս այլ ուտեստների, տոլմա էլ մատուցվեց: Այլազգի լրագրողներից մեկն իսկույն բացականչեց՝ «Օ, հայկական տոլմա, դա շատ համով է»: Մեկ էլ ադրբեջանցի գործընկերս, որ տեղը տեղին գինովցած էր, զայրացավ. «Դա ադրբեջանական ճաշատեսակ է, բավական է ամեն ինչ հայկականացնեք՚: Ես ի պատասխան՝ կատակեցի. ՙLավ, ուրեմն էսպես կանենք՝ տոլման Ադրբեջանին, Արցախը՝ մեզ»: Կատակը դուր եկավ բոլորին, ադրբեջանցի գործընկերս էլ ժպտաց:
Երբ Երեւան պետք է վերադառնայինք, ադրբեջանցի գործընկերներս հյուրանոցի ճեմասրահում այնքան էին սպասել, որ ինձ ու գործընկերուհուս հրաժեշտ տան: Նրանցից զգուշավորը ասաց, որ ուրախ էր ծանոթանալու համար եւ իբր առաջին անգամ է հանդիպում հանդուրժող հայերի, իսկ ՙշատախոսն՚ էլ առաջարկեց՝ Ֆեյսբուքում կարող ենք «գրվել», բայց հասկանալի պատճառներով չենք կարող ընկերանալ: Ասաց, բայց ասելու համար…

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանցի գործընկերներիս անունները չեմ գրել, որպեսզի իրենց իսկ երկրում խնդիրներ չունենան:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930