Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդները սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր նաև վերջնաժամկետ՝ մայիսի 29-ը:
ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համատեղ կատարված շրջայցերից և թերությունների գույքագրումից հետո՝ մայիսի 30-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում է օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը աշխատանքների ընթացքի հետ կապված նշել է, որ ապամոնտաժումները առաջնահերթության կարգով կատարվում են վարչական շրջանների կենտրոնական փողոցներում:
Կարդացեք նաև
Մինչ օրս մայրաքաղաքում ապամոնտաժվել է ավելի քան 300 գովազդային պաստառ: Ավելի քան 100 տնտեսվարողի էլ տրամադրվել է անվճար մասնագիտական խորհրդատվություն, նաև անվճար դիզայներական ծառայություններ են մատուցվել:
Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովին է ներկայացվելու արդեն Երևան քաղաքի իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները: Գովազդի տեղադրման օրինաչափություններին ցանկացողները կկարողղանան ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն