Ծննդաբերության սպասարկումն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, պետք է մասնավորեցվի:
Եթե ծնելիության սպասարկումը գնա մասնավորեցման, դա ողջունելի կլինի: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտոնի ղեկավար սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով` առողջապահության նախարարի որոշումը, ըստ որի հղի կինը անվճար պետք է սպասարկվի միայն իր բնակավայրում, իսկ այլ կլինիկաներում ծննդաբերելու համար պետք է վճարի 107 հազար դրամ, դա լավ մոտեցում է:
Դիտարկմանը, որ մարզի ծննդկանները բժշկի ուղեգրով կարող են մայրաքաղաքի ծննդատներում սպասարկվել, եթե կա պաթոլոգիա, սոցիոլոգն ասաց` եթե այդպես լինի, բուժհիմնարկներում մահճակալները չեն բավականացնի. «Գյուղի ունեւոր խավը 15-20% է, նա կաշխատի իր հարսներին ավելի ավ պայմաններում ծննդաբերություն ապահովել, նրանք ովքեր համեստ են ապրում, կմնան իրենց մարզում կծննդաբերեն»:
Հարցին, թե արդյոք նախարարի այս որոշումը էլ ավելի չի՞ վատթարացնի առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող ծնելիության մակարդակը, պարոն Ադիբեկյանն ասաց, որ դա պարզելու համար լուրջ հետազոտություններ են հարկավոր, բայց եթե մեջբերենք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալները, որոնք իրոք հաստատում են, որ Հայաստանում ծնելիության մակարդակը շատ ցածր է. «Դարավերջին Հայաստանում կապրի 1,5 միլիոն մարդ, արդեն 2040-ին կրճատվելու ենք բավականին լուրջ, Վրաստանը կհասնի մեզ ու կիջնի, Ադրբեջանի բնակչությունը կհասնի մի մակարդակի` 9 միլիոն, նրանց մոտ մահացությունը 2 անգամ բարձր է: Առաջ գյուղում 3-4 երեխաների մոդելն էր, քաղաքում` 2-3, հիմա երկուսի ստանդարտները նույնացել են` 1-2 երեխա: Իսկ վատ պայմանները չի կարող լինել հիմնական պատճառ, եթե կինն ուզում է երեխա ունենալ, նա կունենա: Ամեն արգանդում 4 երեխայից 1-ը գնալու է աբորտի, սա է լուրջ խնդիրը»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ, թե ծնելիության խթանման ծրագրեր կան, սոցիոլոգը վստահեցրեց. «Ոչ մեկի ծրագիրը օգուտ չի տվել, բացի այն երկրներից, որոնք տոտալիտար հոտ ունեն: Գերմանիան 4-ի օրենք էր կիրառում, 4-րդ ծնված երեխան արտոնություններ ուներ` ցանկացած ԲՈՒՀ անվճար կարող էր ընդունվել, ԱՄՆ-ում` եւս, բայց վերջին 30 տարում անհետացավ այդ ծրագիրը»:
Սոցիոլոգը ծնելիության խթանման համար դրամական աջակցության գաղափարն է հուշել Լեռնային Ղարաբաղի նախագահին, եւ ինչպես ինքը վստահեցրեց, բավականին օգուտ է տվել. «Ասեցի էդ փողը խի՞ ես տալիս ասֆալտ սարքում, ասեց` բա ի՞նչ անեմ, ասեցի` էդ փողը տուր երեխա սարքի:
Նույնը Հայաստանում, բայց դա պետք է լինի լուրջ ծրագիր, բոլոր սոցծառայություններով, որ մայրն իմանա, որ մինչ երեխան հասուն անձ դառնա, պետությունը հոգ կտանի: Այդ բանը մեր հայրերն ու մայրերը դեռ չեն զգում, մի քանի խփնված բազմազավակ հայրեր կան, որոնք գալիս են` 11 երեխա ունեմ, կամ` 7, ինչո՞վ կօժանդակեք ինձ: Դա դառնում է ընդամենը գոյատեւման միջոց, այլ ոչ թե…»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ