Երեկ կայացավ Երեւանի քաղաքապետի երդմնակալությունը: 65 անդամից կազմված ավագանում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ, մշակութային տարբեր օջախների տնօրեններ: Քաղաքապետի վերընտրությունը, արդյոք, ակնկալո՞ւմ է մայրաքաղաքում մշակութային քաղաքականության մեջ փոփոխություններ կամ բարելավումներ եւ ի՞նչ առաջարկություններով են պատրաստվում հանդես գալ «մշակութային» ավագանիները:
Կոմպոզիտոր, փորձառու ավագանի Մարտին Վարդազարյանն «Առավոտին» հայտնեց, որ կոնկրետ իր առաջարկությունը վերաբերում է մշակութային օջախներն ուշադրության կենտրոնում պահելուն: Մեր զրուցակիցն ասաց, որ առաջին քայլն արդեն արված է. ՙՔաղաքապետարանի որոշում կա Քանաքեռի (նախկին Կանազ) մշակույթի կենտրոնը վերաշահագործելու մասին: Այնտեղ կգործեն տարբեր խմբակներ՝ պարային, երգչախմբային, թատերական եւ այլն: Դպրոցներում երգ-երաժշտության դասաժամերին կգումարվեն արվեստի ժամերը, որը կխթանի երեխաների ընդհանուր մշակութային զարգացմանը: Ամռան ամիսներին հրապարակներն ու այգիները կտրամադրվեն երիտասարդ երաժիշտներից կազմված տարբեր խմբերի (փողային, ժողգործիքների եւ այլն) ելույթներին: Սա յուրատեսակ փորձ է ու շփում հանդիսատեսի հետ: Կուզենայի, որ Երեւանում անցկացվեին ինքնագործունեության փառատոներ, ինչի կարիքն ու պահանջարկը, համոզված եմ, որ կա՚: Պարոն Վարդազարյանը կարեւորելով քաղաքում գեղեցիկի առկայությունը (նկատի ունենալով կանաչ տարածքները), ասաց. «Ամենուր կանաչապատման աշխատանքներ են կատարվում, բայց բոլորը չէ, որ նկատում են դա, իսկ եթե նկատում են, ապա, չգիտես ինչու, սկսում են թերագնահատել… Կարճ ասած՝ այն, ինչը սկիզբ դրեց քաղաքապետարանի ավագանու ինստիտուտը, իմ համոզմամբ, արդեն պտուղներ է տվել: Մնում է աշխատել ու աշխատել»:
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը նշելով, թե վերընտրված քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանն առաջնահերթ գնահատում է մարդկային որակները, հատկապես ազնվությունը, նվիրվածությունը, ինչպես նաեւ լավատեղյակությունը քաղաքի ղեկավարման համակարգից, փոխանցեց. ՙԵս դեռ նոր եմ ծանոթանալու ավագանու պարտականություններին, սակայն նպատակս մեկն է՝ օգտակար հարցադրումներով մասնակցել ավագանու առջեւ ծառացած հարցերին: Մանավանդ տիրապետում եմ հանրապետության ու Երեւանի մշակութային դաշտին ու նրա խնդիրներին: Իսկ գերնպատակս է հասնել նրան, որ Երեւանում վերջապես կառուցվի համերգային նոր դահլիճ, որը կթեթեւացնի տարաբնույթ միջոցառումներից ծանրաբեռնված օպերային թատրոնն ու ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահը՚:
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով մշակութային հանձնաժողովի փոխնախագահն է, ասաց. «2-3 օրից հանձնաժողովը կհրավիրի իր առաջին նիստը, որի ընթացքում կնախանշենք մեր աշխատանքային ուղղություններն ու լուծման ճանապարհները եւ կարծում եմ, որ մշակութային քաղաքականության հայեցակարգի տեսլականը պետք է ներկայացնել երեւանցուն, ինչը աշխատաոճի կուլտուրա է: Խոստանում եմ, որ նիստից հետո արդեն համապարփակ կանդրադառնանք ու կտեղեկացնենք հանձնաժողովի ՙմշակութային՚ առաջին քայլերի մասին»:
Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը նշեց, որ ցանկանում է անթերի մշակութային կյանք Երեւանին. «Անկասկած, օրերս տեղի ունենալիք առաջին նիստի ժամանակ ինքս էլ հանդես կգամ առաջարկություններով: Իսկ որ Երեւան քաղաքում մշակութային կառավարման ոլորտում սպասվում են բարելավումներ, ես դա տեսնում եմ ու ձեզ էլ խոստանում»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը թեեւ ընդգրկված է ֆինանսատնտեսական հանձնաժողովում, այդուհանդերձ, նրա խոսքերով՝ «Ես պատրաստվում եմ ակտիվ համագործակցել մշակույթի հանձնաժողովի հետ, նպատակս է երաժշտական ու արվեստի դպրոցներում աշխուժացնել կյանքը՝ երաժշտական գործիքներից մինչեւ գույք ու աշխատավարձ, ինչը, համոզված եմ, կխթանի ուսումնական այդ հաստատություններ երեխաների հոսքին ու կվերականգնի այդ դպրոցների երբեմնի հեղինակությունը՚: Տիկին Սիրունյանը շեշտելով իր՝ ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահի տնօրեն լինելը, հավելեց. ՙԿուզեի, որ Երեւանը ամենամոտ ապագայում ունենար նոր համերգասրա»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ