«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի` իրենց ուղղված նամակից զարմացել է:
«Մենք ե՞րբ ենք գրել` մեզ հրավիրեք, որ մի հատ էլ մեզ պատասխանեն: Մի փոքր տարակուսելի է, որովհետեւ նման խնդրանքով չենք դիմել, որ մեզ հրավիրեք ԵԺԿ գագաթաժողովին: Պարոն Մարթենսը ակնհայտորեն շփոթում է մի քանի բաներ: Նախ եթե մասնակցում ենք, ապա մասնակցում ենք քաղաքական վեհաժողովներին եւ համագումարին: ԵԺԿ գագաթաժողովին երբեք չենք մասնակցել եւ երբեք էլ չենք դիմել, որ մասնակցենք»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաֆարյանը` անդրադառնալով Վ. Մարթենսի իրենց ուղղված նամակին, որով հայտնում էր, թե «Ժառանգության» առաջնորդը չի կարող մասնակցել հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված գագաթաժողովին:
Անդրադառնալով Մարթենսի նամակի այն հատվածին, որտեղ նշված է, թե ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հավատարիմ գործընկերն է, և մենք լիարժեք վստահություն ենք տածում Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարության նկատմամբ, պարոն Սաֆարյանն ասաց. «Մենք իրենց ձեռքից ՀՀԿ-ին չենք խլում: Ակնհայտ է, որ այդ հայտարարության պատճառը նախագահական ընտրություններից հետո հնչած գնահատականներն են, ոչ ավելին: ԵԺԿ-ի ղեկավարը խորը թյուրիմացության մեջ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ