«2012-ին երկրում տնտեսական աճ կա, եւ բյուջեն կատարվել է: Բայց ես դեռ 1 տարի առաջ զգուշացնում էի, որ բյուջեն ոչ միայն պետք է կատարվի, այլեւ գերակատարվի, որովհետեւ բյուջեն ընդունել են ցածր մակարդակով, եւ դրանք հնարավոր չէր չկատարել: Սրանով դժբախտաբար իմ դրական վերաբերմունքը սպառվում է»,-իր գնահատականը 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին տվեց Հրանտ Բագրատյանը:
Նա, անդրադառնալով տնտեսական աճին, ասաց. «Ես բազմիցս խնդրել եմ, որ բյուջեի կատարողականը ներկայացվի այսպես. ինչքան բյուջեն ավելացել է, հանում ենք տնտեսական աճը, հանում ենք հարկային ծանրաբեռնվածությունը եւ ստանում ենք բյուջեի միջին օրգանական աճը: Ի վերջո, պետք է հասկանանք՝ բյուջեն աճո՞ւմ է, թե՞ չէ: Տնտեսական աճը նկարված է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ: Փաստված է, որ այսպիսի բան լինել չէր կարող: Պատկերացրեք, որ 2012-ին 2011-ի համեմատ դուք կարտոֆիլի արտադրությունն ավելացրել եք 110-ից 130 տոննա, գինը 100 դրամից դարձել է105 դրամ: Պատկերացրեք, որ այդ նույն ընթացքում պոմիդորի արտադրությունը 50-ից ավելացել է 60 տոննա, գինն էլ 120-ից դարձել է 130 դրամ: Այս երկու բանն է կատարվել, սա էլ ձեր ՀՆԱ-ն է: Շատ հեշտությամբ կարող եք հաշվել, որ այս դեպքում գնաճը կազմում է 106.14 տոկոս, դեֆլյատորը՝ 106.17»:
Հրանտ Բագրատյանը բացատրեց, որ «Դեֆլյատորը նույն գնաճն է՝ հավասարակշռված հաշվետու տարվա արտադրության ծավալներով, իսկ գնաճը նույն գնաճն է՝ հաշվեկշռված բազիսային տարվա ծավալներով: Այսինքն, դրական թվերն իրար գումարելուց, բաժանելուց, բազմապատկելուց, բացասական թիվ չի կարող առաջանալ: Չկա, եղբայր, ըտենց բան: Ղժժալու աստիճանի բացատրություններ են կատարողականում: Չի կարող լինել ըտենց բան»:
Նա հորդորեց ֆինանսների երիտասարդ նախարարին թվեր ասելուց առաջ լրջորեն կշռադատել: Նա անդրադարձավ նաեւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ նշելով, որ նրան հարգում է, քանի որ գիտի՝ որտեղ է սովորել: Հրանտ Բագրատյանը հորդորեց պարոն Ջանջուղազյանին, որ թեկնածուականներ եք գրում, հլը մի բան էլ շատ, բայց պետք է հետեւել, թե ինչով են զբաղվում կառավարության երեխեքը, ինչ վերլուծություններ են անում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ