Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ի՞նչ գործ ունի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ադամանդագործության զարգացման հետ»

Հունիս 12,2013 13:34
pashinyan

«Պարոն Սարգսյան, դուք եւ ձեր կառավարությունը անհրաժեշտ հետեւություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային միջազգային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու ծրագրերի ձախողումից, Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի ձախողումից, Իրան-Հայաստան նավթամուղի, նոր ատոմակայանի ծրագրերից»,- այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին իր ելույթում այսպես նկատողություն արեց քննարկմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նա նշեց, որ 2012-2013-ին ուստարվա ընթացքում ՀՀ-ում աշակերտների թիվը նվազել է 18062-ով. «Պաշտոնական տվյալներով 2011-2012-ին Հայաստանից գնացել է 5081 աշակերտ, իսկ 2012-2013-ին՝ 4787 աշակերտ: Նրանք մեկնել են Հայաստանից: Եթե ուզում եք իմանալ սա ինչ թիվ է, սա նույնն է, որ մոտավորապես մի օր արթնանալ եւ տեսնել, որ Վայոց ձորի մարզում եւ Սիսիանի տարածաշրջանում ոչ մի աշակերտ չի մնացել: Ծնելիության մասին բյուջեի կատարողականում խոսք չկա, մինչդեռ 2012-ին նախորդ տարվա համեմատությամբ ծնունդները 1007-ով պակասել են, օրական միջինը մոտ 3 ծնունդ է պակասել:  Զբոսաշրջիկները պակասել են ավելի քան 150 հազարով, ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերն աճել են աճել են 93-ով: Այս ամեն ինչի մասին բյուջեի կատարողականում ոչ մի խոսք չկա: Փոխարենը մենք իմանում ենք, որ կառավարությունն ընդունել է հայեցակարգեր, ռազմավարություններ, պլատֆորմներ: Կառավարության առընթեր խորհուրդները չեն գործում, բայց փոխարենը իմացանք, որ կառավարությունում վարչապետին կից ձեւավորվել են խորհուրդներ: Ամենազավեշտականը գիտե՞ք որն է՝ այդ խորհուրդներից մեկը կոչվում է ոսկեգործության, ժամագործության, ադամանդագործության ոլորտային խորհուրդներ: Սա զավեշտական է արդեն իսկ հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին, որովհետեւ այդ սկանդալը ծագել էր հերթական ադամանդագործությունը զարգացնելու դարակազմիկ մի ծրագրի ֆոնին, երբ Տիգրան Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները հայ գործարարներին էին ներկայացնում իբր ադամանդագործության ոլորտում մեծ հնարավորություններ ունեցող մի մարդու՝ Աշոտ Սուքիասյան անունով: Թե ինչով է նա հայտնի՝ ոչ ոք չգիտի»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ անձնավորությունը թանկարժեք «Բենթլի» էր նվիրել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Արքեպիսկոպոսն այս պատմության առանցքային դեմքերից է: Որեւէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ գործ ունի Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական տեղապահ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ադամանդագործության զարգացման հետ կապված կառավարության խորհրդակցությունների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930