«Լուրջ զարգացումներ և´ բանակցային գործընթացի, և´ հակամարտության շուրջ գոյություն չունեն: Բանակցային գործընթացների իմիտացիայի պահպանումը կշարունակվի, և կողմերը փորձում են իրենց համար ավելի նպաստավոր դարձնել այդ ստատուս քվոն»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում գոյություն ունեցող իրավիճակին՝ ապագա նախագահական ընտրությունների համատեքստում, Ս. Մինասյանը նշեց. «Ադրբեջանում այս աշունը բավականին թեժ է լինելու և նոր անկանխատեսելի զարգացումներ կլինեն: Եվ այն, որ Ալիևը գնում է պաշտոնավարման արդեն երրորդ ժամկետով, կասկածի տակ է դնում այս երկրում ժողովրդավարության աստիճանը: Եվ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ավելի շատ սկսում է դառնալ Կենտրոնական Ասիայի երկիր»:
Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակը քաղաքագետը դրական համարեց ու նկատեց. «Հոկտեմբերին, երբ կավարտվի Սաակաշվիլիի նախագահական ժամկետը, շատ բան պարզ կլինի: Գործընթացները, որ տեղի են ունենում Վրաստանում, Արևմուտքում մասամբ մեկնաբանվում է՝ որպես քաղաքական ենթատեքստ ունեցող: Իրականում Վրաստանում այլևս չկա վախի մթնոլորտ, ինչը դրականորեն է ազդել նաև Ջավախքի հարցի վրա: Այս պահին ջավախահայերին շատ հուզող խնդիրներ ավելի շատ ՀՀ իշխանության հետ են կապված, քան Վրաստանի իշխանության»:
Կարդացեք նաև
Հայ-ռուսական հարաբերությունները պարոն Մինասյանը համարում է ամուր հիմքերի վրա կանգնած: Գազի գնի թանկացման համատեքստում այւս խնդրին Ս. Մինասյանն այսպես արձագանքեց. «Տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանից բացի այլ դաշնակից չունի, որը փաստացի պատրաստ է անվճար զենք ու զինամթերք տրամադրել: Իսկ քաղաքականության մեջ ցանկություններով չեն ուղղորդվում: Հայաստանը շարունակում է Բելառուսից հետո մնալ երկրորդ երկիրը, որին գազը ՌԴ-ն վաճառում է համեմատաբար մատչելի գներով: Հասկանալի է, որ ՀՀ-ի դեպքում, որտեղ տնտեսական-սոցիալական ոլորտում խնդիրները շատ են, պետք է այդ թանկացմանն այսպես արձագանքեին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ