Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայ զինվորի գնդակը ընկերոջ կողմը չպետք է ուղղվի…»

Հունիս 12,2013 13:13

avtomat Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Տավուշի մարզի 400 կմ միջպետական սահմանի 350 կիլոմետրը Ադրբեջանի հետ է: Մարզի 20-ից ավելի սահմանամերձ գյուղերում արդեն 20 տարի կյանքն ընթանում է պարբերաբար հնչող կրակոցների տակ: Գյուղերին «թև ու թիկունք» են զինված  ուժերի տարբեր զորամասերը, իսկ մարտական դիրքում կանգնած զինվորի համար գիշերվա մեջ երևացող գյուղի լույսերը՝ ոգեշնչման ու հավատի աղբյուր: Մարտական դիրքում ժամկետային զինծառայողները դարչնագույն զինվորական համազգեստով ու կարմիր այտերով իրար նման են ու իրարից տարբեր: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված այն պայմանագրի տարիքին են, որի կնքմամբ ազդարարվեց պատերազմական գործողությունների ավարտը Լեռնային Ղարաբաղում: Նրանցից շատերի հայրերը կռիվ են տվել այդ պատերազմում նույն սահմանին կանգնած այսօրվա իրենց որդիների համար՝ հաստատ չմտածելով, որ հրադադարից երկու տասնամյակ անց էլ կրակոցները դեռ շարունակվելու են: dirqԼրագրողների խմբով Նոյեմբերյանի N զորամասերից մեկում ենք, մեզ հետ են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երրորդ բանակային կորպուսի սպայական անձնակազմը: «Երբեք մի՛ գրեք, որ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվել, սա դեռ խաղաղությունը չէ»,- ասում է պաշտպանության նախարարը: Զինվորներից մեկն էլ նշում է, որ պատերազմը թերևս ավարտվել է Բաքվում կամ Երևանում, սակայն սահմանում այն շարունակվում է պարբերաբար հնչող կրակոցներով, կրկնվող դիվերսիոն հարձակումներով: marzumԺամկետային զինծառայողները դիմավորում են լրագրողներին հատուկ ցուցադրական վարժանքով՝ ցուցադրում են թշնամու հնարավոր հարձակման դեպքում պաշտպանվելու իրենց մարտական հմտությունները, որից հետո վարդերով մոտենում են կին լրագրողներին: Սա այն զորամասն է, որտեղ մայիսին ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանը մահացել էր, իսկ Հրաչյա Սարգսյանը ստացել էր հրազենային վիրավորում: 01 Vahagn AsatryanՆերկայացնելով զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանին՝ նախարար Օհանյանն ասում է, որ նրան ենթարկել են կարգապահական տույժի, սակայն պաշտոնից չեն հեռացրել, քանի որ Ասատրյանը զինված  ուժերի լավագույն հրամանատարներից է, հրամանատարական կազմից պաշտոնից ազատել են մի քանիսին: «Մեր լավագույն զորամասերից է, նախորդ տարի այս զորամասի դիրքի անձնակազմը մեկ կորուստ տալով և մեկ վիրավորով կարողացել էր հաջողությամբ պահպանել դիրքը: Թե ինչ զարգացում կունենա գործն ապագայում, կերևա, այս պահին ձերբակալված սպաներ չկան, եթե ձերբակալելու անհրաժեշտություն լինի, նրանք փախած չեն, կձերբակալեն»,- ասաց Օհանյանը: Զորամասի զինվորները խուսափում են խոսել Լյուքսի մասին, սակայն ընկերոջ կորստյան ափսոսանքը նրանց աչքերում է: «Հայ զինվորի գնդակը ընկերոջ կողմը չպետք է ուղղվի… Բանակում մարդկային կորուստների մի քանի դրդապատճառ կա. առաջին` սահմանված անվտանգության և զենքի օգտագործման խախտումները, երկրորդ` միջանձնային հարաբերությունները: Կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց պետք է փորձենք այնպես անել, որ թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքում, թե՛ բանակում կոնֆլիկտների արդյունքում զենք չկիրառվի»,- ասում է Օհանյանը: tankvazqzinvornerԶորամասից շարժվում ենք դեպի հրաձգարան: Նորից ցուցադրական տեսարան է՝ առգրավվում է հակառակորդի տանկը, չեզոքացվում թշնամին: Սակայն իրականում այստեղ ամեն վայրկյան ու ամեն րոպե սպասում են հակառակորդի կրակոցին, իսկ դրանք հնչում են գրեթե ամեն օր: Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սաֆարյանը սահմանամերձ Բերդավան գյուղից է: «Եթե ես չպահեմ իմ սահմանը, բա էլ ո՞վ… առաջինը իմ գյուղն է, իմ սահմանը, հետո նոր մյուսներինը,- ասում է նա: – Լավ կլիներ, որ պայմանագրային զինծառայողները լինեին մարտական դիրքերում, ովքեր ավելի տարիքով են ու ավելի փորձառու, բայց ժամկետայիններն էլ վեց ամիս փորձառությունից հետո են բարձրանում, վախն էլ հաղթահարում են մեր ու ընկերների օգնությամբ»: Անդրադառնալով սպա-զինվոր հարաբերություններին՝ Սաֆարյանը նշում է, որ խնդիրները բացառել հնարավոր չէ՝ մեկ սպա է, 15 զինվոր, ովքեր դուրս են եկել տարբեր ընտանիքներից ու տարբեր դաստիարակություն ստացել: 02 Flora ZohrabyanԵրեք տղաների մայր բերդավանցի Ֆլորա Զոհրաբյանը զորամասի բուժքույրն է: 20 տարի շարունակ տղամարդկանց հասարակությունում աշխատանքը նրան կոփել է, ասում է, որ մեկ-մեկ էլ երազում է կանանց միջավայրում լինել: «Երրորդ տղայիս եմ ճանապարհելու բանակ, որպես մայր անհանգիստ եմ: Երբ տղա ենք ունենում, մենք՝ հայերս, հատկապես շատ ենք ուրախանում, բայց հենց սկզբից պետք է հասկանանք, որ այդ տղան նաև բանակի համար է: Հետս կիսվում են, նրանց գաղտնիքը նաև իմն է: Շատ են կարոտում տնեցիներին, սիրած աղջիկներին»,- ասում է Ֆլորան: Բարձրանում ենք մարտական դիրքեր: Զրահաբաճկոններն ու զրահագլխարկները քիչ են, լրագրողները՝ շատ: Շարքային Անանյանը ինձ է զիջում իր զրահաբաճկոնն ու գլխարկը: 300 մետր այն կողմ հակառակորդի դիրքերն են: «Դուք ձեր գլուխը կռացնում եք, երբ լսում եք փամփուշտների ձայնը՝ վըզզ, վըզզ, պատերազմի ժամանակ էլ է այդպես, սակայն, ի տարբերություն ձեզ, զինվորականն իր գլուխը չի կռացնում, որովհետև գիտե՝ եթե փամփուշտը վզզալով է գալիս, ուրեմն իր համար չէ նախատեսված… Իր համար նախատեսված փամփուշտը գալիս է անձայն ու անբավարար գնահատական տալիս իր մարտական գործողությանն ու կյանքին…»- ասում է նախարար Օհանյանը: zinvorՄարտական դիրքը հսկող տղաների աչքերում խիզախության, միասնության ու բարության ծով է: Դիրքեր այցելած լրագրողներից իրենց հարազատների կարոտն են առնում, մենք էլ դիրքերից մեզ հետ իջեցնում ենք այդ միասնությունից ու բարությունից, որի կարիքն այսօր հասարակությունը շատ ունի: «Զինված ուժերում ես երկու խոսք արգելել եմ ասել. առաջին՝ որ բանակը մեր հասարակության հայելին է, և այն արտահայտությունը, որ բոլոր բանակներում էլ լինում են դեպքեր։ Մենք ազգային բանակ ենք և պետք է մեր բանակը համարենք մեր տունը, որտեղ պետք է մարդիկ ապրեն մեր ամրոցի կանոնադրական պահանջներով»,- ասում է նախարարը: Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ «ԱրմենիաՆաուի» թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրետա Գաբրիելյան says:

    Փառք ու պատիվ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, փառք ու պատիվ Հայոց ազգային բանակին,
    սակայն հիշենք նաև մարտի 1-ը, հազար ամոթ ու նողկանք այն մարդկանց , ովքեր մեր սուրբ բանակը դուրս բերեցին անզեն ցուցարարների դեմ,լոկ իրենց հանցանքներն ու թալանսծը պարտակելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930