Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս կինը լացել է հայերի արտագաղթի համար

Հունիս 12,2013 12:01
Rustam Gasparyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նշեց, որ Ազատության հրապարակում եռօրյա նստացույց անող ազատամարտիկներին չի այցելել։ Սակայն մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ինքը տեղյակ է, թե ինչ պահանջներ են ներկայացնում իր մարտական ընկերները։ Գասպարյանն ամոթալի է համարում ստեղծված իրավիճակը։ Ըստ նրա՝ այն մարդիկ, որոնք պատերազմի դաշտում իրենց առողջությունն են կորցրել, այսօր պետք է արտոնություններ ունենան։

– Պարոն Գասպարյան, դեռեւս 2006թ. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից՝ իր վարկանիշը բարձրացնելուն ուղղված աշխատանքի դիմաց վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար։ Դուք ինչպե՞ս եք գնահատում դա։

– Փիար ինչի՞ համար։

– Այդ կերպ փորձել է պատրաստվել նախագահական ընտրություններին։

– Եթե իր անձնական գրպանից է ծախսել իր խնդիրների համար, ապա ես ո՞նց կարող եմ քննադատել իրեն, եթե պետբյուջեից ծախսած լիներ, կասեի, որ չի կարելի։

– Բայց եթե անգամ իր գրպանից է ծախսել ապա հարց է առաջանում. որտեղի՞ց նրան նման միջոցներ, որ կես միլիոն դոլար վճարի սեփական փիարի համար։ Չէ՞ որ ո՛չ նախագահի, ո՛չ էլ նախարարի (այն ժամանակ Ս. Սարգսյանը պաշտպանության նախարար էր) աշխատավարձով դա հնարավոր չէ։

– Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, ես չեմ կարող որեւէ այլ բան ասել։

– Հայաստանն օր օրի դատարկվում է, չե՞ք կարծում, որ նման ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող երկրի ղեկավարն իրեն նման բան չպեւոք է թույլ տար։

– Ես այդ տեղեկությունը չունեմ, որ նման գումար է ծախսվել, դրա համար չեմ կարող կարծիք հայտնել այդ մասով։ Իսկ արտագաղթի հետ կապված՝ ուղղակի կասեմ, որ վիճակն արդեն ծայրահեղ է։

– Որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կամ ինչպե՞ս եք պատկերացնում արտագաղթի կանխարգելումը։

– Աշխատատեղեր պետք է ստեղծվեն, որ մարդիկ կարողանան աշխատել, իրենց աշխատավարձով կարողանան ապրել։ Ուրիշ ի՞նչ պետք է լինի։ Ուրեմն մի բան նշեմ, վերջերս ես Ռուսաստանից մեքենայով եկա, ՌԴ-ի անցակետում մի ռուս կին, երբ անձնագիրս էի ցույց տալիս, հարցրեց, թե որտեղ եմ աշխատում, ես էլ ասացի… պատկերացրե՛ք, այդ կինը լաց էր լինում, ասում էր՝ մեղք չէ՞ ձեր ժողովուրդը, ձեր երկիրը դատարկվում է։ Դա ասում էր ռուս կինը ու լաց էր լինում, պատկերացնո՞ւմ եք։ Ես էլ ի՞նչ կարող եմ ասել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930