Չնայած Ադրբեջանում նախընտրական տրամադրություններին, այնուամենայնիվ, Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջնորդներին կարծես հաջողվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում նախապատրաստել: Հատկապես Միացյալ Նահանգները ակնհայտորեն ընդգծված շտապողականություն է ցուցաբերում հակամարտության լուծման հարցում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոն կատարած այցից հետո նախօրեին նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մինչեւ հունիսի վերջ կհանդիպեն եւ կքննարկեն Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը: Լոնդոնում օրերս Մամեդյարովը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ նրանց հետ քննարկել է Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամկետին եւ օրակարգին վերաբերող հարցեր: Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անցյալ շաբաթվա վերջին հստակ շեշտեց, որ ԱԳ նախարարներ՝ Մամեդյարովին, ապա Նալբանդյանին Վաշինգտոնում ընդունած պետքարտուղար Ջոն Քերրին փորձում է որոշակի տեղաշարժ ապահովել ԼՂ խնդրում եւ գործընթացը շարժել մեռյալ կետից:
Անցյալ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները բավական ուշագրավ էին: Հատկապես հետաքրքրական էր, որ ԱՄՆ պետքարտուղարն անդրադառնալով ԼՂ խնդրին՝ ամրագրեց, որ կարգավորման հարցում պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները: «Ակնհայտ է, որ ամենակարեւոր հարցը, որ մենք բոլորս ուզում ենք լուծված տեսնել, ԼՂ-ի սառեցված հակամարտությունն է: Ծայրահեղ կարեւոր է, որ բոլոր կողմերը փորձեն ճանապարհ գտնել փակուղուց դուրս գալու համար, որն այս հակամարտությունը պահում է մշտապես սրված եւ հնարավոր վտանգներով լի վիճակում», – նշեց Քերրին՝ հատուկ ընդգծելով, որ բոլոր կողմեր ասելով նկատի ունի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին:
Կարդացեք նաև
Թուրքիայի շահագրգռվածությունը ԼՂ խնդրում բոլորին է հայտնի: Պաշտոնական Անկարան մշտապես բավական բաց ցույց է տվել իր ակնկալիքները եւ չի թաքցրել այս խնդրում Բաքվին աջակցելու իր ջանքերը: Հայաստանը մեկուսացնելու եւ շրջափակման ենթարկելու Թուրքիայի քաղաքականությունը դրա վառ ապացույցն է: Սակայն ուշագրավն այն է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ղարաբաղյան «փակուղուց դուրս գալու» ճանապարհների մասին խոսելիս հիշատակել է՝ Թուրքիան, Իրանը, ինչպես նաեւ ՌԴ-ն, որը ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկիր է: Սա առաջին հայացքից գուցե այնքան էլ աշխարհացունց հայտարարություն չէ, սակայն, ինչպես ասում են, դիվանագետի խոսքերը պատահական չեն լինում, դրանք ունեն տողատակեր:
Այսինքն, եթե մինչ այժմ ընդունված էր ասել, թե բանակցող կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն եւ հասնեն փոխզիջումների, այսօր ԱՄՆ-ը այդ «կողմերի» շրջանակը, կարծես, ընդլայնում է: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը Անկարայից նույնպես որոշակի քայլեր է ակնկալում, քանի որ այս երկիրը վերջին երկու տասնամյակում ամեն ինչ արել է, որպեսզի ապացուցի, որ Հայաստանի հետ դիվանգիտական հարաբերություններ չի կարող հաստատել, քանի դեռ ԼՂ խնդիրը ադրբեջանանպաստ լուծում չի ստացել:
Պակաս ուշագրավ չէ այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ մատնանշել է Իրանին՝ որպես ԼՂ հակամարտության շահագրգիռ կողմ: Իրանն, իհարկե, ժամանակ առ ժամանակ բաց հայտարարել է, որ անտարբեր չէ ԼՂ խնդիրի կարգավորման նկատմամբ, ավելին՝ իր աջակցությունն է հայտնել կողմերին տարբեր մակարդակներով: Սակայն պաշտոնական Վաշինգտոնի կողմից Ղարաբաղյան «կողմերի» հստակ ամրագրումը կարգավորման գործընթացի նկատմամբ ակնկալիքներից բացի տարածաշրջանում կարծես այլ հնարավորությունների համար պարարտ հող են նախապատրաստում: Թերեւս պատահականություն չէ, որ Վաշինգտոնից արված այս հայտարարության օրերին՝ հունիսի 4-ին ռուսաստանյան REGNUM գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին նախ նշեց, որ հայտարարությունն այն մասին, թե իրանական գազը ավելի թանկ է, քան ռուսականը, չի համապատասխանում իրականությանը: Ապա հարցին, թե կարող է արդյոք իրանական գազը այլընտրանք լինել ռուսականին, դեսպանը նշեց.«Ցավոք սրտի, երբ մենք կառուցում էինք հայ-իրանական գազամուղը, որոշել էինք, որ խողովակի տրամագիծը կլինի ոչ մեծ: Ուստի իրանական գազը չի կարող լիովին բավարարել հայաստանյան պահանջները: Հակառակ դեպքում Իրանը ունի գազի բավականաչափ պաշարներ, որպեսզի կարողանա բավարարել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մի շարք այլ երկրների պահանջները»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էին, որ իրանական գազն ավելի թանկ է:
Երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում հիշեցրել է, որ իրանական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը երկու կարեւոր ուղղություններով՝ երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ուղղություններով: «Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը պատրաստ է սկսել իր հատվածի շինարարությունը, երբ Հայաստանը սկսի ճանապարհի շինարարությունն իր հատվածում»: Դիվանագետն այնուհետեւ հստակեցրել է․ «Իրանի համար այդ երկաթուղու շինարարությունն օգտակար է, բայց անհրաժեշտություն չէ: Սակայն մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին կրճատել սահմանների շրջափակումը»:
Ինչպես նկատում ենք, իրանական կողմը առաջին հայացքից՝ ԼՂ խնդրի հետ ուղիղ առնչություն չունեցող իր հայտարարություններով բավական ուշագրավ առաջարկներով է հանդես գալիս: Մնում է սպասել նաեւ Անկարայի եւ Մոսկվայի մեսիջներին: Անկախ ամեն ինչից, Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ տարածաշրջանում բավական ուշագրավ մթնոլորտ է ձեւավորվում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ