Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն իր ռեսուրսներով կարող է ազդել առաջիկա աշնան ֆորս-մաժորների վրա

Հունիս 12,2013 11:04

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, ավարտվեցին գազի գնի շուրջ բանակցությունները, գազի գինն արդեն հայտնի է: Որոշ շրջանակներ այսօր, նախկինում նաև Դուք  գազի գնի բարձրացումների ժամանակ  պնդում էիք, որ  Հայաստանում գազի գինն այդքան  շատ ՌԴ-ն չի բարձրացնում, որքան հայկական կողմը: Սա ինչպե՞ս  կհիմնավորեք, թե՞ ենթադրություններ են:

– Ռուսական  քաղաքական բարձրաստիճան շրջանակներում գազի գնի  հարցը, որպես հիմնական հարց,  չի քննարկվում, բայց  ընդհանրապես քննարկվել է և ուշադրություն դարձվում է  հայաստանյան հասարակական արձագանքներին, որոնք այս հարցի շուրջ լինում են: Ասել, որ ՌԴ ղեկավարությունը այս հարցի շուրջ  մտահոգված  չէ, մտահոգված են: Պարզապես իրավիճակը շատ պարզ է. «ՀայՌուսգազարդ» ընկերության 80%-ը պատկանում է  ռուսաստանյան «Գազպրոմ» կազմակերպությանը, բայց «ՀայՌուսգազարդը», որպես կազմակերպություն, գրանցված է  ՀՀ-ում, արտասահմանյան սեփականություն է երկրորդ երկրի տարածքում: Ամեն դեպքում, իրավաբանորեն «ՀայՌուսգազարդը» հայկական  հիմնարկ-ձեռնարկություն է` անկախ նրանից, թե բաժնետոմսերի քանի տոկոսն է Ռուսաստանին պատկանում: Հայաստանը բանակցեց ռուսական կողմի հետ, որի արդյունքում Ռուսաստանը գազի գինը բարձրացրեց մինիմալ կերպով, բայց թյուրիմացություններ առաջացան, ընկալվեց, որ ՌԴ-ն է գազի գինը  բարձրացրել, որովհետև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ՌԴ-ին, սակայն  կազմակերպությունն ունի իր ներքին  ծախսերը՝ վերանորոգման աշխատանքներ, աշխատավարձեր և այլն, այդ կազմակերպությունը կազմում է  իր ծախսերի ցանկը, և այդ ցանկը ազդում է գնի վրա, ու ասել, թե Ռուսաստանը բարձրացրեց գինը` սխալ է, քանի որ ՌԴ-ն գին չի բարձրացնում, շատ մինիմալ քանակով, իսկ գնի առյուծի բաժինն ընկնում է այն ծախսերին, որոնք Հայաստանում են լինում: Այստեղ շատ նրբություններ կան՝ «Գազպրոմը» չի կարող Հայաստանի իրավական դաշտում Հայաստանի ծախսացանկերը վերահսկել, կարող  է լավագույն դեպքում երաշխավորություններ տալ, իսկ չբարձրացնել գազի գինը չէր կարող, քանի որ այդ մասին արդեն երկու տարի է  բանակցություններ էին գնում: Եթե ճիշտն ասեմ, ես մի քանի խորհրդակցությունների, քննարկումների եմ մասնակցել, որոնց ժամանակ հետաքրքիր մտքեր են հնչում, որոնք պետք է ծնվեին հայկական իշխանությունների ներկայացուցիչների մտքում: Ռուսաստանում զարմանում են, որ այսքան տարիների ընթացքում ՀՀ-ն կարող էր մինիմում երկու ջրածնային ռումբ ստեղծել և ամբողջ Հայաստանը պարուրեր, 12 անգամ էլ պարուրեր արևային մարտկոցներից սկսած, վերջացրած այլընտրանքային էներգակիրների էներգետիկ պաշարներով, բայց ոչինչ չի արել: Այս գազի խնդիրը կարող էր  չլինել: Զարմանում են, ասում են, թե ինչքա՞ն կարելի է տասնյակ տարիներ անընդհատ  խոսել այն մասին, թե գազը թանկացավ: Բա Դուք պետությո՞ւն եք, դուք շատ լավ հասկանում եք, որ գտնվում եք շրջափակման մեջ, շատ լավ հասկանում եք, թե Թուրքիայի վարած քաղաքականությունն ուր է տանում: Բնական է, որ Հայաստանի ցանկացած անվտանգության ծրագիր պետք է առաջին հերթին  կազմված լիներ տրանսպորտային  և էներգետիկայի ոլորտի զարգացման վրա: Իսկ էներգետիկայի ոլորտում Հայաստանն ի՞նչ է արել՝ անընդհատ  նստել  ու մտածել է, թե Ռուսաստանը բարձրացրեց, չբարձրացրեց: Ողջ պետությունը  պետք է կախված չլիներ գազի մեկ խողովակից, որը գալիս է ոչ ստաբիլ տարածքներով:

– Նախկինում տված հարցազրույցներում ասել էիք, որ աշնանը չեն բացառվում ֆորս-մաժորային  իրավիճակները, որ հասարակությունը երկար չի հանդուրժի իշխանությունների անփույթ վերաբերմունքը:

– Աշնանն ավելի հստակորեն կերևա, պարզ կդառնա այդ ամենը: Եթե էլի հարկադրային քաղաքականությամբ արտահոսք անեն՝ փորձելով թուլացնել հասարակական բողոքական տրամադրությունները, երկրից մարդկանց արտահոսքն ուժեղացնեն, ապա մարդիկ էլի կգնան, բայց Հայաստանում մնացած զանգվածն ի վիճակի չի լինի դուրս գալ երկրից զուտ ֆինանսական  կամ հոգեբանական գործոններով պայմանավորված: Ուստի այս պարագայում ֆորս-մաժորներ կառաջանան:

– Իսկ հայաստանյան ընդդիմադիր դաշտը պատրա՞ստ է նման ֆորս-մաժորային իրավիճակների:

– Դասական տեսակետից  ընդդիմություն պետք է դիտարկել ՀԱԿ-ին և դաշինքին, որն այսօր վերակազմավորման, վերաֆորմատավորման փուլում է, և մասամբ ԲՀԿ-ին, եթե հաշվի չառնենք դեկլարատիվ հայտարարությունները: Ստեղծվելիք նոր իրավիճակի դեպքում այս ուժերը պրոցեսներ պետք է տանեն, ստեղծեն կառույցներ, կազմակերպչական  գործունեություն ծավալեն, ինչն արդեն ՀԱԿ-ն անում է: Պետք է հաշվի առնել այն, որ ամառային ժամանակաշրջան է, բնական է, որ այդ ամենն ագրեսիվ կերպով չի արտահայտվի այս շրջանում, բայց աշնանը դա կլինի: Իսկ հոգեբանորեն բոլոր ուժերը, վստահ եմ, որ պատրաստ են: Բոլորը հասկանում են երկրում ստեղծված  իրավիճակը: Այստեղ մնում է միայն կազմակերպչական հարցը` արդյո՞ք կկարողանան  ժողովրդի շրջանում  ինքնակազմակերպչական կառույցներ ապահովել, ձևավորել քրեական անձանց հակակշիռ հանդիսացող օջախներ: Պետք է օղակներ ստեղծել էֆեկտիվ կերպով աշխատելու համար: Այս իրավիճակում ՌԴ-ն էլ կկանգնի  Հայաստանի ժողովրդի կողքին: Պարզապես Ռուսաստանն էլ  համոզված պետք է լինի, որ դա շարժում է, ժողովրդական պոռթկում է և ժողովրդի միջոցով է կազմակերպվել: Համակարգի փոփոխությունը պետք է տեղի ունենա: Այսինքն՝ պետք է նոր տեխնոլոգիական մտածողությամբ առաջադեմ մարդիկ լինեն և գան իշխանության դեմ և իշխանության համար պայքարեն, որովհետև արտագաղթային հոգեբանությունը կատաստրոֆա է Հայաստանի և ՀՀ ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի համար: Սա պետք է գիտակցենք:  Որքան էլ, որ ասենք, թե Ռուսաստանն է մեղավոր, Ռուսաստանն ուզում է ոչնչացնել Հայաստանը` անիմաստ է: Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն, ուժեղ հայկական պետականություն, Ռուսաստանին պետք չէ Վլադիմիրովսկի կամ Օռլովսկի մի մարզ և  գավառային մտածելակերպ, որի կրողն են ՀՀ իշխանությունները:

– Եթե փորձենք ավելի պարզ  խոսել, Ռուսաստանը շարժվում է Հայաստանի քաղաքական էլիտան փոխելու ուղղությա՞մբ:

– ՌԴ-ն չի ցանկանում գալ և քաղաքական էլիտա փոխել: Ռուսաստանն ասում է. «Հայաստանի ժողովուրդ ջան, Ձեր ցավը տանեմ, մի  վախեցեք, մի փախեք, մի հայաթափվեք Հայաստանից»: Ռուսաստանին Հայաստանի նման թուլացումը ձեռնտու չէ: Ռուսաստանի որոշ շրջանակներ մտածում են, թե ինչպես անեն, որ Հայաստանում արտագաղթը չահագնանա: Ռուսաստանին անհրաժեշտ է այս տարածաշրջանում ուժեղ  Հայաստան, դերակատարություն ունեցող Հայաստան, որտեղից հայերը չեն թողնի-փախնեն, որի արդյունքում  Հայաստանը կդառնա թյուրիմացություն և կիսախուլիգանների հավաքածու: Սա մի վախկոտ իշխանություն է, որ կարող  են մարդու վրա կրակեն սպանեն, բայց իրենք քնած են: Ռուսաստանում  բոլորը դա հասկանում են: «Էլիտա» բառն անհարմար է նույնիսկ ասել: Դրա համար ասում են` «համակարգը փոխեք»:

– Պարոն Կարախանյան, վստահ եմ՝ հետևել եք նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտիներում ունեցվածքի մասին աղմկահարույց հրապարակմանը և դրան հաջորդած իրադարձություններին: Տիգրան Սարգսյանն ընկալվում է որպես արևմտամետ գործիչ, այս փուլում այս սկանդալը կարո՞ղ էր կազմակերպված լինել ՌԴ կողմից «էլիտայի փոփոխության» տրամաբանության շրջանակում:

– Բնական է, որ բոլոր երկրները՝ Եվրոպան, ԱՄՆ-ը և նույնիսկ  առանձին եվրոպական երկրներ իրենց առանձին շահերն են հետապնդում, բայց տեղից մի բան պետք է լինի: Եթե Տիգրան Սարգսյանը կամ ենթադրենք` այլ մեկը գումարներ է դուրս բերում, այնուհետև դրանք  ներս են բերվում  օֆշորային կազմակերպությունների միջոցով  բավականին  գռեհիկ կերպով, ապա  պետք է պատրաստ լինես, որ դրանք կօգտագործվեն նաև «ընդդեմ», բայց այսօրվա դրությամբ ասել ՌԴ-ն նպատակամղված հոսք իրականացրեց, որպեսզի Տիգրան Սարգսյանին`  արևմտամետ գործչին, խփի` ծիծաղելի է: Տիգրան Սարգսյանը և ՀՀ իշխանությունները զբաղված են միայն իրենց աթոռը պահելու խնդիրը լուծելով, իսկ  արևմտամետ և ռուսաստանամետ խնդիր չկա: Տիգրան Սարգսյանը գալիս է Ռուսաստանում խոսում է  այնպես, որ լսելու դեպքում կասեք՝  նրա նման Ռուսաստանին նվիրված, ռուսաստանամետ   անձնավորություն չկա Հայաստանում: Նույն բանը կարելի է ասել նաև այն  դեպքում, երբ Տիգրան Սարգսյանը Պետդեպարտամենտում է  հանդիպումներ ունենում: Դրա համար ՌԴ-ում ոչ մեկը լուրջ չի ընդունում այս ամենը: Պարզապես կիպրոսյան իրադարձություններով պայմանավորված արտահոսքեր են  եղել, որոշ ժամանակ շատ տվյալներ բացարձակ բաց են եղել, և ցանկացածը կարող էր վերցնել նայել ու ստուգել, գտնել այնտեղ բազմաթիվ ազգանուններ, որը և տեղի է  ունեցել, ըստ էության:

– Ընտրություններից հետո Ռուսաստանը ՀՀ-ում  նախընտրած ուժեր ունի՞, թեև ասում եք, որ սպասում է, թե ում կընտրի ժողովուրդը:

– Ավանդական ռուսամետ ուժերն են դրանք,  այսպես ասած: Ռուսաստանը մի հստակ դիրքորոշում ունի, որը չի փոխվել երկար տարիների ընթացքում՝ Ռուսաստանը նայում է ժողովրդի ռեալ աջակցությանը: Բնական է, որ այստեղ անձերը ևս նշանակություն ունեն, այսինքն՝ կրթական ցենզ, քաղաքական հայացքներ, բայց առաջին հերթին ռուսական  իշխանություններն ունեն մի հստակ ուղենիշ՝ պետք է տեսնեն, որ այդ ուժի ետևում կանգնած է ժողովուրդը: ՌԴ-ն կպաշտպանի  ուժին այն դեպքում, երբ հասկանա, որ այդ ուժի ետևում ժողովրդական զանգված է գնում: Ռուսաստանն ուզում է  աշխատել ինտելեկտուալ, կրթական ցենզով մարդկանց ու ուժերի հետ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930