Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը նեղսրտեց. «Ինչի՞ եք քաղաքականացնում»

Հունիս 12,2013 10:52

45 հազար դրամ նվազագույն աշխատավարձը քանի՞ օր կբավարարի մեկ մարդուն` ապրելու համար: Aravot.am-ի հարցին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը նախ ասաց, որ ինքը տնտեսագետ չէ ու էդ հաշվարկներից քիչ բան է հասկանում, ապա խոստովանեց` շատ քիչ է` դրա համար էլ նվազագույն է` նվազագույն կարիքները բավարարելու համար, որը շատ քիչ է անգամ նվազագույն կարիքնրը բավարարելու համար, բայց, ըստ պատգամավորի, պետությունն իր հնարավորություններն ունի եւ անում է այն, ինչին որ ուժը բավարարում է:

Երբ հետաքրքրվեցինք, թե իբրեւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ ինքը պատրաստվո՞ւմ է նվազագույն աշխատավարձը 35-ից 45 հազար դարձնելու քննարկումների ժամանակ հորդորել իր կուսակիցներից կազմված կառավարությանը` ջանալ ավելին, քանի որ ակնկալվող գնաճի պայմաններում 45 հազար դրամը ծիծաղելի գումար է, Համլետ Հարությունյանը նեղսրտեց. «Ինչի՞ եք քաղաքականացնում: Ինչի՞ իշխող… դա բոլորիս ցանկությունն է: Միթե՞ կա մի հայ մարդ, ով չի ուզում, որ իր ժողովուրդը լավ ապրի: Ըտենց բան ես չեմ պատկերացնում: Էդ դուք եք ամեն ինչ քաղաքականացնում, սովորական հարց եք տալիս նվազագույն աշխատավարձի մասին. ընդհանրապես, մեր երկրում, իմ համոզմամբ, ոչ միայն նվազագույնը, այլեւ միջինը եւ էդ բարձր աշխատավարձերը չեն կարողանում հոգալ այն կարիքները, որն այսօր աշխարհի քաղաքացիներն են ունենում: Մենք նորաստեղծ պետություն ենք` մեր տնտեսական հնարավորություններով, աշխարհաքաղաքական դիրքով եւ պետք է ելնենք նաեւ այս նկատառումներից: Եթե հիմի մենք բլոկադայի մեջ չլինեինք, միթե՞ մեր աշխատավարձը նվազագույնը 45 կլիներ, միթե՞ միջին աշխատավարձն էդքան կլիներ, ամեն ինչն էլ կփոխվեր` եթե երկաթուղային կապ ունենայինք, Թուրքիայի հետ մեր սահմանները բաց լինեին: Էդ բոլորը պետք է հաշվի առնենք: Եվ ես չպետք է իմ կուսակիցներին համոզեմ եւ սա կուսակցական մտահոգություն չէ, համաժողովրդական մտահոգություն պետք է լինի: Քաղաքականացնելը շատ սխալ է»:
ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ ընդդիմադիրները «ուտոպիական թվեր» են ասում, ու եթե ՀՀԿ-ն լիներ ընդդիմություն՝ նույնը ՀՀԿ-ն կաներ, բայց ընդդիմադիրներն էլ նույն` ՀՀԿ-ի կերպ կսահմանեին ամեն ինչ: Բայց իշխող կուսակցության առանձնահատկությունը նա համարում է այն, որ ողջ պատասխանատվությունն իր վրա է, ու ինքն է ձեւավորում բյուջեն` ելնելով երկրի տնտեսական վիճակից: Նա իշխող կուսակցության  «աքիլեսյան գարշապարը» համարում է հենց դա` «ամեն ինչի համար պատասխանատվություն կրելը»:
Ընդհանրապես, պատգամավորը կոչ է անում ողջունել աշխատավարձի ցանկացած բարձրացում, թեկուզ` նվազագույն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930