Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի սեքսուալ գործողություներ կատարած 76-ամյա տղամարդը համաներումով ազատվեց պատժից

Հունիս 12,2013 10:45

Նա դատարանում չընդունեց իր մեղքը

  1937 թ. ծնված, ազգությամբ հույն Բորիս Միխայլովին մեղադրանք էր առաջադրվել, որ նա  2009թ. հոկտեմբերին Ալավերդի քաղաքի իր բնակարանում  հարեւանուհի Մ. Վ.-ի նկատմամբ կատարել է  սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում վերջինս 2010թ. հունիսին ունեցել է աղջիկ երեխա: Նախկինում չդատված Բ. Միխայլովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում Բ. Միխայլովն իրեն մեղավոր չի ճանաչել, ասելով, որ  ինքն արդեն 10 տարի ունակ չէ սեռական հարաբերություններ ունենալու կամ սեռական բնույթի գործողություններ կատարելու: Կենսաթոշակառուն հայտարարել է, որ   փորձում են  այդ կերպ իրենից գումար շորթել:

Տուժողը դատարանում ցուցմունք է տվել, որ հարեւաններով մտերիմ հարաբերություններ ունեն , Բ. Միխայլովը հիվանդ կին ունի, որը խուսափում է լողանալ, երբ տանը մարդ չկա, այդ կնոջ խնդրանքով ինքը գնացել է  Միխայլովի տուն: Մ. Վ.-ի վկայությամբ՝ երբ հիվանդ հարեւանուհին լողանում էր, կեսօրից հետո Բ. Միխայլովը հարբած վիճակում տուն է  վերադարձել , ինքը ցանկացել է իրենց տուն գնալ, սակայն Միխայլովը  փակել է տան դուռը եւ  քաշելով իրեն տարել հյուրասենյակ, ուր բռնի սեռական գործողություն է կատարել:  2010թ. մայիսին Մ.Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է, հարազատները նրան տարել են բժշկական ստուգման, պարզվել է, որ նա  33 շաբաթվա հղի է:

Դատաբժշկի եզրակացությամբ՝ փորձաքննության պահին, հավանական է  նաեւ՝ 2009թ.-ին, Բ. Միխայլովը  սեռական ակտ կատարելու ունակ չի եղել, սակայն ունակ է  եղել բեղմնավորելու, որ ծնված աղջկա  նկատմամբ նրա հայրությունը գործնականում ապացուցված է: Ամբուլատոր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացություններով՝ Մ. Վ.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապում, սակայն նրա մոտ հայտնաբերվել է «թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն,արտահայտված դեբիլություն» հիվանդություն, սակայն նրա  սակավամտությունն այն աստիճան չէ, որ  նրան զրկեր գործի հանգամանքները ճիշտ ընկալելու եւ այդ մասին ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությհունից:

Հունիսի 3-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը վճռել է   Բորիս Միխայլովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  139 հոդվածի 1-ին մասով(« Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») եւ նրան դատապարտել 3 տարի ազատազրկման: Դատարանը վճռել է նրա նկատմամբ կիրառել «ՀՀ անկախության հռչակման  20-րդ տարեդարձի կապակցությամբ  համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի  2011թ. մայիսի 26-ի որոշումը եւ նրան ազատել պատժից: Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930