Օբամայի վարչակազմը պնդում է, որ հույժ գաղտնի ծրագիրը հնարավորություն է տալիս պաշտպանել Ամերիկան ահաբեկիչներից
Միացյալ Նահանգների կառավարությունը հարուցել է հետաքննություն՝ ուսումնասիրելու համար, թե արդյոք Էդվարդ Սնոուդենի կողմից ԱՄՆ-ի հետախուզական հույժ գաղտնի տեղեկությունների բացահայտումը քրեական բնույթ ունի:
Սնոուդենի համաձայն, ինքն է եղել ահաբեկչական հարձակումների վտանգներ հայտնաբերելու նպատակով ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության կողմից հեռախոսազանգերի գաղտնալսման և համացանցով փոխանցվող տեղեկությունների հավաքագրման մասին զանգվածային լրատվամիջոցների կողմից փոխանցվող հաղորդագրությունների աղբյուրը: ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմը սակայն պնդում է, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս պաշտպանել Ամերիկան ահաբեկիչներից:
Եվրոպական պետությունների պաշտոնյաներն այս ընթացքում ուսումնասիրում են իրենց լրտեսական ծրագրերը և արդյոք դրանք իրականացմամբ խախտվել է անհատական տվյալների գաղտնիությունը: ԵՄ-ի պաշտոնյաները փորձում են բացատրություն ներկայացնել այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք թույլ էին տվել Վաշինգտոնին լրտեսական գործողություններ իրականացնել իրենց քաղաքացիների նկատմամբ կամ ձեռք են բերել տեղեկատվություն, որը ստացվել է՝ օգտվելով Եվրոպայի պետություններում անօրինական համարվող համակարգչային տեղեկությունների ձեռքբերման եղանակներից:
Եվրամիության պաշտոնյաները խոստացել են պատասխաններ ստանալ ԱՄՆ-ի դիվանագետներից այս շաբաթվա ընթացքում Դուբլինում կայանալիք նախարարների հանդիպման ընթացքում:
Վաշինգտոնի օրենսդիրներն իրենց հերթին ասում են, թե ուսումնասիրում են Միացյալ Նահանգների անվտանգությունը պաշտպանելու հնարավոր եղանակներ, որոնք կիրառմամբ չի խախտվելու անհատական տեղեկությունների գաղտնիությունը:
ԱՄՆ-ի ԱԱԾ-ի գաղտնի տեղեկությունների արտահոսքն իրականացրած Սնոուդենի գտնվելու վայրն անհայտ է այն ժամանակից, երբ վերջինս երկուշաբթի օրը դուրս է գրվել Հոնգկոնգի հյուրանոցներից մեկից: Բացահայտողի համաձայն, նա կփորձի քաղաքական ապաստան ստանալ մի այնպիսի երկրում, որը սատարում է ազատ խոսքն ու անհատական տեղեկությունների գաղտնիությունն ամբողջ աշխարհում:
Սնոուդենի կողմից բացահայտված տեղեկությունները ներառում են Միացյալ Նահանգներում գործող «Verizon» հեռախոսային կապի օպերատորին ներկայացված դատարանի կարգադրությունը, որի համաձայն ընկերությունը պետք է իշխանություններին ներկայացնի երեք ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների տարածքում և երկրից դուրս կատարված հեռախոսազանգերի վերաբերյալ գրառումները, ինչպես նաև տեղեկություններ «Հատվածակողմ» (PRISM) հույժ գաղտնի հակաահաբեկչական ծրագրի մասին, որի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններից, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտի առաջատար «Microsoft», «Yahoo», «Google», «Facebook», «PalTalk», «AOL», «Skype», «YouTube» և «Apple»-ից, հավաքվում էին տեղեկություններ էլեկտրոնային հաղորդագրությունների, «չաթ» ծրագրերի և այլ տեսակի տվյալների մասին:
ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, թե ծրագիրը չի նախատեսված հեռախոսազրույցների ձայնագրման համար, իսկ դրա շրջանակում հավաքված տեղեկությունները թույլ են տվել դադարեցնել ահաբեկչական մի քանի դավադրություն:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»