Հունիսի 10-ին Նյու Յորքում մարքեթինգային համաշխարհային JWT ընկերությունը հրապարակել է «Տղամարդու կարգավիճակը» թեմայով զեկույցը: Ընկերությունը ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու տղամարդկություն հասկացության բնորոշումը, տանը տղամարդու դերի փոփոխությանը վերաբերող հարցեր:
Ուսումնասիրության ղեկավար Էնն Մեքի խոսքերով, եթե տարիներ առաջ տղամարդկություն ասելով մարդիկ հասկանում էին առնականություն, ապա այսօր, գենդերային սովորույթները, կարծես թե, աղավաղվում են, եւ տղամարդիկ տղամարդկություն հասկացությանը տալիս են փոքր-ինչ տարբեր բնորոշում՝ վերջինիս հաղորդելով ավելի թեթ եւ նրբերանգ:
Զեկույցում ուշադրություն է դարձվում նա եւ այն հանգամանքին, որ վերջերս տղամարդկանց շրջանում տնային գործերով եւ երեխայի դաստիարակությամբ զբաղվելու միտում է նկատվում: Ինչպես նշում է JWTIntelligence-ի խմբագիր Մարիան Բերելովիտցը, որը նա եւ ղեկավարել է զեկույցը գրելու գործընթացն ու վերլուծական աշխատանքները, տնային տնտեսությունը գենդերային տեսակետից դառնում է ավելի չեզոք, քանի որ տղամարդիկ ստանձնում են առավել ակտիվ դեր տանը եւ զբաղվում են տնային գործերով պարզապես անհրաժեշտությունից ելնելով. «Տնային գործերի եւ երեխայի դաստիարակության հարցում հավասար պարտականությունները նոր սովորույթ է: Տղամարդիկ կանանց հետ դեռ եւս չեն կիսում տնային պարտականությունները, սակայն նրանց նույնպես մտահոգում է «աշխատանք-կյանք» հարաբերակցության մեջ ներդաշնակության հասնելու հարցը»:
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի 18 եւ բարձր տարիքային խմբի 1000 չափահասների շրջանում այս տարվա գարնանն անցկացված հարցումների արդյունքում պարզվում է՝ 2013 թվականին հեշտ չէ լինել տղամարդ:
Կարդացեք նաև
Ամերիկացի եւ բրիտանացի 10 տղամարդուց 7-ի կարծիքով իրենց սեռը հասարակության մեջ պակաս գերիշխող է դառնում: Իսկ 10 տղամարդուց 8-ը համոզված են, որ տղամարդկանց գործը նույնքան բարդ է, որքան կանանց գործը: Ավելին, տղամարդիկ ավելի հակված են ասել, որ ընդհանուր առմամբ կյանքն ավելի բարդ է, քան 30 տարի առաջ:
Հարցված տղամարդկանց մի մասը գտնում է, որ իրենք են կրում պատասխանատվություն մթերքներ գնելու եւ ճաշ պատրաստելու հարցում, մինչդեռ 10 տոկոսից ավելի քիչ կանայք են հաստատում դա: Եվ մինչեւ կանանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ երեխաների դաստիարակությունը հիմնականում իրենց վրա է դրված, տղամարդկանց ամենաքիչը 50 տոկոսը պնդում են, որ հենց իրենք են պատասխանատու երեխաների դաստիարակության եւ խնամքի համար:
Ամերիկացի եւ բրիտանացի 10 տղամարդուց 8-ը համոզված է, որ կարիերայի եւ ընտանիքի համադրումը տղամարդկանց համար կարող է լինել նույնքան բարդ, որքան կանանց համար: Ավելին, 10 տղամարդուց 7-ի հավաստմամբ՝ կարիերայում հանուն ընտանիքի իրենք զոհողությունների են գնացել:
Ամերիկացի եւ բրիտանացի 10 տղամարդուց գրեթե 8-ը համաձայն են այն կարծիքի հետ, որ գեղեցիկ մարմին ունենալու ճնշումը տղամարդկանց վրա նույնքան շատ է, որքան կանանց վրա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ