Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն պարզաբանում է «ՀԺ»-ի հրապարակմանն ի պատասխան

Հունիս 11,2013 21:09

ՀՀ Ազգային ժողովը պարզաբանում է տարածել այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված մի հոդվածի առիթով։

Հերթական անգամ ստիպված ենք ցավով արձանագրել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ դրսեւորում են որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ՝ հետեւողականորեն փորձելով սեփական վարկանիշը բարձրացնել էժանագին սենսացիաների միջոցով: Ցավոք, հերթական անգամ այդպես է վարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը «ԱԺ-ի ատկատների մեխանիզմը» հրապարակման մեջ: Հոդվածագիրը իր չիմացությունը փորձելով ներկայացնել որպես լավատեղյակություն, թացն ու չորը խառնել է իրար, դրանով իսկ թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:

Ավիասպասարկումը /ավիատոմսերի գնումը/, ինչպես նաեւ վառելիքի ձեռքբերումը ընդգրկված են շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Ավիատոմսերի եւ վառելիքի գնումները կազմակերպվում են շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգով, որն էլ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության գնումների գործընթացի կազմակերպման մասին որոշման պահանջներին համապատասխան: Դրա հիման վրա էլ ընդունվել է ՀՀ ֆինանսների նախարարի «Գնումների շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը հաստատելու» մասին հրամանը:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ապրանք, այդ թվում եւ ավիատոմսերը, վաճառվում են շուկայական գներով, որոնք որոշակիորեն տարբերվում են միմյանցից: Բայց, ի տարբերություն այլոց, պետական կառույցները անհամեմատ սահմանափակված են ազատ ընտրության հարցում այն իմաստով, որ օրենքի պահանջով պարտավոր են իրենց գնումները կատարել մրցույթների միջոցով: Տվյալ դեպքում Ազգային ժողովը պարտավոր է ավիատոմսերի եւ վառելիքի գնման մրցույթ հայտարարել եւ իր ընտրությունը կատարել մրցույթին մասնակցած կազմակերպությունների առաջարկներից ելնելով: Այսինքն՝ եթե նույնիսկ շուկայում որոշ կազմակերպություններ ավիատոմսերը վաճառում են ավելի էժան գնով, քան հայտարարված մրցույթին մասնակցողները, միեւնույնն է, մրցույթ հայտարարողը պարտավորված է ընտրություն կատարել վերջիններիս առաջարկներից: Առաջնորդվելով համապատասխան օրենսդրությամբ՝ Ազգային ժողովը հենց այդպես էլ վարվել է՝ ավիատոմսեր գնելով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած այն կազմակերպությունից, որը մասնակիցների մեջ առաջարկել է առավել էժան գին: Եթե որեւէ կազմակերպություն ավիատոմս է վաճառում ավելի ցածր գնով, քան մրցույթի մասնակիցների առաջարկներն են, միեւնույնն է, իրավունք չկա օգտվել այդ ավելի ցածր գնով առաջարկից: Սա, ինչպես ասում են, ի գիտություն բանից անտեղյակ վերոհիշյալ լրագրողի:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզապես պետք է նախեւառաջ պաշտոնական տեղեկատվություն ստանար Ազգային ժողովից, ինչի արդյունքում նրա մատուցած տեղեկատվությունը կլիներ հավաստի, իրականությանը համապատասխանող եւ չխեղաթյուրված:

Ինչ վերաբերում է ԱԺ ավտոմեքենաների համար վառելիքի մատակարարման մրցույթին, ապա 2013 թվականին մասնակցել են «Ֆլեշ» ՍՊ եւ «Մաքսհուր» ՍՊ ընկերությունները: «Մաքսհուր» ՍՊ-ի ընկերության գնային առաջարկը եղել է ավելի ցածր, ուստի 2012թ. դեկտեմբերի 4-ին կնքվել է գնման պայմանագիր: Ընկերությունը բենզինը մատակարարում է 445 դրամով, դիզելային վառելանյութը` 430 դրամով: ՀՀ Ազգային Ժողովում գրանցված ավտոմեքենաների օրական ծախսը 2013 թվականի հունվար ամսից մինչեւ հունիս ամիսը կազմել է 765 լիտր: Ավելին` 765 լիտր վառելիքի ծախսի մեջ է ներառված նաեւ օտարերկյա պատվիրակությունների եւ ՀՀ մարզեր այցերի ժամանակ օգտագործված վառելիքը:

Հարկ ենք համարում շեշտել, որ հոդվածում մատնանշված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ԱԺ աշխատակազմը պատրաստ է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն ցանկացած լրատվամիջոցի: Ցանկության դեպքում լրագրողները կարող են ներկա գտնվել նաեւ անցկացվող մրցույթներին:

Հ.Գ. «ԷյրՖրանս», «Բելավիա», «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո», «LOS», «ozon.travel», «ԷյրԲալթիկ», «Ֆիննէյր» եւ «Էյր Բեռլին»կազմակերպությունները ընդգրկված չեն գնումների աջակցման կենտրոնի կայքում հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցանկում, ուստի ըստ ըստ ՀՀ օրենսդրության` նշված կազմակերպությունները չէին կարող մասնակցել գնումների գործընթացին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930