«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մամուլի սրահի մի անկյունում՝ սեղանի վրա, դրված են հայազգի միստիկ փիլիսոփա, պարուսույց Գեորգի Գյուրջիեւի, ինչպես նաեւ նրա մասին պատմող անգլերեն, հայերեն, վրացերեն լեզուներով գրված գրքեր:
Սրահում հավաքվածները սպասում են, որ գյուրջիեւագետ Ավետիք Մելիք-Սարգսյանը պատմի Գյուրջիեւի կյանքի՝ հանրությանը մինչ այժմ անհայտ դրվագների մասին:
«Գյումրու գյուրջիեւյան կենտրոնի» հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանը ներկաներին պատմում է Գյուրջիեւի հայրական տան երկարատեւ որոնումների մասին, որի մասին ինքը՝ փիլիսոփան, գրել է իր ինքնակենսագրական գրքում:
Գյուրջիեւագետը պատից կախած Ալեքսանդրապոլ քաղաքի քարտեզի վրա ցույց է տալիս Գեորգի Գյուրջիեւի հայրական տունն ու պատմում, թե իրեն ինչպես է հաջողվել գտնել այն. «Ես Պետական արխիվում փաստաթղթեր գտա Ալեքսանդրապոլի ընտանիքների մասին: Գյուրջիեւների ընտանիքի անդամների տվյալների փաստաթղթում նշված էր 35 թաղամաս, որն ես համեմատեցի Ալեքսանդրապոլի հին քարտեզի հետ ու գտա այն փողոցը, որտեղ ապրել է Գյուրջիեւը»:
Գյուրջիեւագետի խոսքով, Գյուրջիեւը ապրել է Ալեքսանդրապոլի «Հունական» թաղամասում, ինչպես ինքն էր նշել իր գրքում, բայց, ըստ Ավետիք Մելիք-Սարգսյանի, Գյուրջիեւը շատ ավելի ուշ է ծնվել՝ մոտավորապես 1880 թվականին, մինչդեռ շատերն ասում են, որ նա ծնվել է 1866 թվականին:
«Հանճարները չունեն հայրենիք, ունեն ծննդավայր»,-«Գյումրու գյուրջիեւյան կենտրոնի» հիմնադիրը մեջբերում է փիլիսոփայի հայտնի խոսքերն ու զարմանում, որ ամբողջ աշխարհում սփռված գյուրջիեւագետները շատ հաճախ չեն նշում Գյուրջիեւի ծննդյան հստակ վայրը, այսինքն՝ Ալեքսանդրապոլ քաղաքը:
Ավետիք Մելիք-Սարգսյանը պատմում է, որ կանադացի գյուրջիեւագետ Ուոլթեր Դրիսկոլը Գյուրջիեւի մասին պատմող իր գրքի մեջ նշել էր, որ նա ծնվել է Կասպից ծովի ու Հունաստանի միջեւ ընկած տարածքում ու հստակ տեղանուն չի նշել:
«Ես, իհարկե, այդ մարդուն գրեցի, ասացի՝ գուցե մի քիչ ավելի լա՞յն վերցնես, ասենք՝ Չինաստանից մինչեւ Իսպանիա»,-հիշում է գյումրեցի գյուրջիեւագետը:
Նրա խոսքով՝ մեկ այլ արտասահմանցի գյուրջիեւագետ Ալեքս Ուիլյամ Պատերսոնը գրել էր, որ Գ.Գյուրջիեւը ծնվել է Կովկասի մի անկյունում՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ու կրկին առանց որեւէ հստակ տեղանվան նշմամբ:
Ավետիք Մելիք-Սարգսյանի համար անհասկանալի է արտասահմանցիների նման մոտեցումը:
Ըստ նրա՝ արտասահմանցիները պարզապես չեն ուզում հայկական մշակույթը կապել մեծ փիլիսոփայի անվան հետ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ