Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պահանջում է Տիգրան Սարգսյանին գալ ԱԺ եւ բացատրություն տալ իր օֆշորային սկանդալի մասին

Հունիս 11,2013 19:00

Այսօր ԱԺ-ում քննարկվեց 2012-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչի համար իր դժգոհությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով` իրավիճակը բնորոշում է, երբ բյուջեի կատարողականը, որպես հիմնական զեկուցող ներկայացնում է մի մարդ, ով բյուջեի կատարման ողջ ընթացքում կառավարության անդամ չի եղել. «Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ որ ԱԺ կանոնակարգը Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տալիս խուսափել հիմնական զեկուցողի կարգավիճակից, նա դա անում է: Կարելի է հասկանալ, թե ինչու է դա անում, որովհետեւ կռահում է, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար առանձնապես հեշտ չէ»:

Դավիթ Սարգսյանն առարկեց` ասելով, որ կանոնակարգն այնպիսին է, որ անգամ եթե ունենային լիովին նոր կազմով կառավարություն, այդ կառավարության նորանշանակ ֆինանսների նախարարը թե վարչապետը լիներ`պետք է տար հաշվետվություն նախորդ կառավարության գործունեության համար. «Այս առումով որեւէ զարմանալի բան չկա»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պետբյուջեն ամենեւին էլ հաշվապահական թվերի գումարում-հանում չէ, երկրի թիվ մեկ ֆինանսա-քաղաքական փաստաթուղթն է եւ ադ փաստաթղթի իրականացման համար պատասխանատու է կառավարությունը` իր առաջին դեմքով: Նա հարց ուղղեց` «Կառավարության անդամները պետական բյուջեից ստանում են աշխատավարձ, եւ մենք յուրաքանչուրս իրավունք  ունենք իմանալ, թե ինչով ենք նրանք զբաղվում` երկրի տնտեսությունը ջղանացած տեմպերով «զարգացնելուց» ազատ ժամանակահատվածում: Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Տեղեկություններ հրապարակվեց, որ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի եւ երրորդ անձի հետ օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում ՀՀ բանկերից մեկի կողմից տրված տասը մլն դոլարի վարկը ըստ էության անհայտ վիճակում է հատնվել: Մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանը անձամբ է դերակատարություն ստանձնել, եւ գումարների մի մասն էլ հետ են վերադարձրել բանկ: Ընդհանրապես դա շատ կասկածելի գործարք է, որը, կարծում եմ, ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը ծառայել ՀՀ ժողովրդին, այլեւ անձամբ Տիգրան Սարգսյանի հանձնառությունը»:

Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ նույն ադ մամուլում կարող էիք գտնել նաեւ կառավարության համապատասխան պաշտոնական պարզաբանումները, որ ադ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հերյուրանք են, սուտ են. «Համապատասխանորեն ՀՀ վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին` պարզաբանելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հենց պրոբլեմը դրանում է, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմում դատախազությանը, որ հնարավորություն ունենա այսօր ինձ ասել, որ գիտեք ինչ, դիմել եմ դատախազությանը, դատախազությունը զբաղվում է: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր`սկսած Մարտի մեկից վերջացրած այլ հարցերով, որ դատախազությունը հարցերի պատասխանը չի տվել: Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ պետական պաշտոնյաները դիմում են ընդամենը նրա համար, որ հարցերին պատասխանելու անհրաժեշտություն լինելու դեպքում ասեն՝ գիտեք ինչ, մենք արդեն դիմել ենք դատախազությանը: Իրենք տասը տարի կզբաղվեն, քսան տարի կուսումնասիրեն, հետո կգան կպարզաբանեն»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ հանրությունն անձամբ Տիգրան Սարգսյանից է ուզում ստանալ այդ հարցերի պատասխանները, ընդ որում ոչ թե ընդհանրական պատասխաններ, այլ այդ հոդվածում բերված բոլոր դետալներին վերաբերվող:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930